Երևան
22 / Սեպտեմբեր / 2017

Եթե ես մտնեի ԵԼՔ-ի և Երկիր Ծիրանիի շտաբ և ինձ նման կերպ պահեի, ի՞նչ գնահատական կտայիք

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, Երևանի ավագանու ընտրությանը ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը


Պարոն Շարմազանով, անակնկա՞լ էր, որ մոտ 41 տոկոս մասնակցություն գրանցվեց այս ընտրություններին։

Անակնկալ չէր, քանի որ որքան էլ փորձենք այս ընտրությունների նշանակությունը քաղաքականացնել, միևնույն է, սա համայնքային ընտրություն էր և պայմանավորված էր դրանով։ Բացի այդ, ազդեցիկ կուսակցությունների մի մասը չմասնակցեց ընտրություններին, և բնականաբար սպասելի էր։ Մեր ունեցած տվյալներով, սպասում էինք 40 և ավել տոկոս մասնակցություն։ Այս ընտրություններն իրենց որակով բավական դրական են, ժողովրդավարական։ Միգուցե մի քանի թերություններ եղան, բայց եթե խորհրդարանական ընտրությունների հետ համեմատենք, ահազանգերը քչացել են։ Այսինքն՝ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ։ Եվ չեմ կարծում՝ որևէ մեկի մոտ անակնկալ է եղել, որ հանրապետականը ընտրվելու է լուրջ առավելությամբ։

2013 թվականի Երևանի ընտրություններին Տարոն Մարգարյանի շտաբի պետը կրկին ես եմ եղել, և նորից ահազանգերը պակասել են։ Մի բան արձանագրենք. ընտրատեղամասերում որևէ մեկը որևէ լուրջ ահազանգ չի տվել։ Ահազանգերի մեծ մասը կեղծ է, այնքան ասելիք չունեն, որ մարդիկ ստիպված մտնում են մասնավոր տարածք, մտնում են կուսակցության շտաբ և մարդկանց ասում են՝ դարակները բացեք, գրպաններդ դատարկեք, չգիտեմ ինչ արեք։ Դա հրահրում էր պարզապես։ Դա նույնն է, որ ես գամ մտնեմ ձեր խմբագրություն և պահանջեմ ձեզնից այս կամ այն գործողությունը։ Կարծում եմ՝ դա լուրջ չէ։ Իսկ միջադեպերի հետ կապված պետք է ասեմ, որ, դժբախտաբար, ամենաժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում էլ են ընտրությունների ժամանակ գրանցվում միջադեպեր։ Սա չի նշանակում, որ պետք է ուշադրություն չդարձնենք այդ միջադեպերին։ Ընդհակառակը, ես որպես շտաբի պետ, նաև իրավապահների ուշադրությունն եմ հրավիրել մեր ընդդիմադիր գործընկերների ոչ կոռեկտ գործողություններին։ Որևէ մեկն իրավունք չուներ մտներ շտաբ և իրեն այդպես լկտի պահեր։

Դուք նորմա՞լ եք համարում Փոստանջյանին և նրա դստերը հարվածելը, որ նա ուղեղի ցնցում է ստացել։

Որևէ մեկը նրա դստերը չի հարվածել միտումնավոր, միգուցե այնտեղ փոքր քաշքշուկ է եղել, չգիտեմ։ Ցավում եմ, ափսոսում, և նրա դստերը շուտ ապաքինում եմ ցանկանում։ Մեր ազգի երեխաները բոլորիս երեխաներն են, բայց չեմ կարծում, որ նա իր երեխային պետք է բերեր մտցներ այլ շտաբ և փորձեր հրահրել։ Չի կարելի գնալ այնտեղ, որտեղ քեզ չեն սպասում։ Ես իրավունք չունեմ գնալ տիկին Զարուհու կուսակցության դուռը բացել և փորձել այնտեղ ինչ ուզել անել։ Կա՞ խնդիր, հրավիրեք իրավապահների ուշադրությունը խնդրին։ Այստեղ մենք պետք է ակնկալենք լրատվամիջոցների անաչառ վերաբերմունքը, որը մի մասի մոտ չկար, և ես շատ ցավում եմ, ինչպես դա եղել է շատ դեպքերում։ Ես նայում եմ, երբ հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը ինչ-որ մեկին արա-յով է դիմում, տիրաժավորում և գրում են՝ հանրապետականները արա-յով դիմեցին։ Բայց որ ընդդիմության լիդերներից մեկը առավոտից իրիկուն արա-յից սկսած ինչ ասես ասում է, մեկը չկա՞ ասի չի կարելի այդպես խոսել։

Ինքնին երևույթը, թե ինչպես են վարվում ոստիկանները Զարուհի Փոստանջյանի հետ, Ձեզ համար դատապարտելի չէ՞։

Դատապարտելի եմ համարում Զարուհի Փոստանջյանի պրովոկացիոն գործողությունները։ Եվ անձամբ եմ հայտարարություն տվել, իսկ ժամը 15։00 մեր շտաբը պաշտոնական հայտարարություն է տարածել, և բոլոր լրատվամիջոցներին, մեր գործընկերներին պրոֆեսիոնալիզմի կոչ ենք արել, որ ընտրության հանդարտ և ժողովրդավարական ընթացքը չխարխլեն։ Միայն այն, որ դա ամբողջ օրվա ընթացքում եղել է դա և որևէ հիմք չի եղել, և երբ նայում եմ, տեսնում եմ, որ խնդիրն իրենց մեջ է և ոչ թե մեր շտաբի, ապա ես գտնում եմ, որ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չեմ տեսնում։ Եվ եթե մեկը պետք է դատապարտվի քաղաքական առումով, ապա այն մարդկանց ոչ քաղաքակիրթ և քաղաքական դրսևորումը, որի արդյունքում նրանք մտնում են այլ կուսակցության տարածք և իրենց պահում են ոչ քաղաքավարի։

Շատ իրավապաշտպաններ դատապարտում են տեղի ունեցածը և ասում են, որ ոստիկանները Ձեր շտաբներն էին վերահսկում, հերթապահում։

Նախ, ոստիկանությունը որևէ մեկի շտաբը չէր պահում, և երկրորդ՝ եթե պահեր, շատ էլ ճիշտ կաներ։ Եվ եթե ես լինեի շտաբում, ես թույլ չէի տա որևէ մեկն առանց իմ համաձայնության մտներ իմ շտաբ։ Երկրորդ՝ որևէ մեկն առանց իմ համաձայնության իրավունք չունի մտնել կուսակցության շտաբ և հարցազրույց վերցնել, նկարահանել առանց քաղաքացու համաձայնութան։ Որևէ մեկը իրավունք չունի նկարահանել, էլ չեմ ասում մտնել մասնավոր տարածք, սա ոչ այլ ինչ է, քան խուլիգանություն։ Եթե այդ նույն բանը աներ Շարմազանովը, ի՞նչ կանեիք դուք։
Եթե ես մտնեի ԵԼՔ-ի և Երկիր Ծիրանիի շտաբ և ինձ նման կերպ պահեի, ինչպես Նիկոլը երկու օր առաջ իրեն պահեց իրավապահների հետ, և ինչպես իրեն պահեց Զարուհին մեր շտաբում։ Ինչ գնահատական կտայիք, որ ես մտնեի նրանց շտաբներ, կարող է Հաագայի դատարան էլ դիմեիք։ Մենք ունենք քաղաքական կուլտուրայի խնդիր, և մեր ընդդիմության որոշ քաղաքական գործիչներ պետք է իրենց սխալներն իրենց մեջ փնտրեն ու տեսնեն։ Իսկ այն, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը վստահում է մեր քաղաքային իշխանությանը՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, որևէ մեկի համար դա ոչ նորություն էր, ոչ էլ սենսացիա։

Ահազանգեր, հաղորդագրություններ շտաբներում ցուցակների և հնարավոր ընտրակաշառքների վերաբերյալ եղել են, բայց որևէ արձագանք չի եղել իրավապահների կողմից։

Պետք է դիմել իրավապահներին, ոչ քաղաքական գործիչները և ոչ էլ լրագրողները պետության իրավապահ մարմիններ չեն։ Կա՞ խնդիր, տվեք հաղորդագրություն։ Դրա համար կա օրենք։ Եվ դրա համար եմ ասում՝ անգրագետ գործիչների առկայությունը քաղաքական դաշտում ամայացրել է ընդդիմության դաշտը։ Եվ եթե ընդդիմությունը պատրաստ չէ, խնդիրն այդտեղ է, կարելի է բացել քրեական և ընտրական օրենսգիրք նայել։ Ինքն էլ իբրև իրավաբան է։ Ես շտաբի պետ եմ, ինձ մոտ հազար ցուցակ է եղել, թող գան ինձ մոտ։ Ի՞նչ է, ես իրավունք չունե՞մ ցուցակ ունենալ, իմ կուսակցականների, ակտիվիստների, համախոհների ցուցակներն են եղել, ի՞նչ խնդիր կա։
Դուք ցանկալի արդյունք ստացա՞ք։

Մենք երևանցիների համար ստացանք ցանկալի արդյունք, մեզ համար գերխնդիր չէր ստանալ մեծ քանակությամբ ձայն։ Արդյունքները ցույց տվեցինք, որ երևանցին քվեարկեց հանուն ավելի բարեկարգ Երևանի, հանուն ավելի կանաչ և սրտացավ և բարեկիրթ Երևանի՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ։

դիտվել է 2299 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի