Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Թուրք բաշիբոզուկի հերթական վայրագությունը՝ Վաշինգտոնում

Armenian Weekly-ն գրում է.

Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման է ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից, գրում է Armenian Weekly-ն:

The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով ինը մարդ է վիրավորվել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից առնվազն մեկը ծանր վիճակում է: Վաշինգտոնի ոստիկանության խոսնակ Դասթին Սթերնբեքը նշել է, որ երկու մարդ է ձերբակալվել:

Ոստիկանության խոսնակը նշել է, որ վեճը բռնկվել է երկու խմբերի միջև, բայց այլ հանգամանքներ չի ներկայացրել:

USA Today-ը, վկայակոչելով Վաշինգտոնի հրշեջ և արտակարգ բժշկական ծառայությունների դեպարտամենտի խոսնակին, նշել է, որ վիրավորներից երկուսն են ծանր վնասվածքներ ստացել: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ոստիկանությունը շրջափակել է դեսպանատան հարակից տարածքը և հետաքննում է միջադեպը:

Սպիտակ տանն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ:

Ինչպես Facebook-ի իր էջում գրել է Հայ դատի ամերիկյան հանձնախումբը, քուրդ, եզդի և հայ ցուցարարների վրա հարձակված Էրդողանի աջակիցները, դեպքի վայրից տեղեկությունների համաձայն, պարզապես ցուցարարներ չէին, այլ հատուկ պատրաստություն անցած անձինք, որոնք հավանաբար եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությունից:

The Daily Mail-ը, անդրադառնալով միջադեպին, գրել է, որ ցնցող տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում են Թուրքիայի նախագահի այցի դեմ բողոքող ցուցարարների և նրա կոստյումով թիկնապահների միջև կատաղի բախումները: Լրատվամիջոցը գրում է, որ կոստյումներով տղամարդիկ ցուցարարներին հարվածում են և գցում գետնին, այնուհետև ոտքերով հարվածներ հասցնում, երբեմն՝ գլխին: Միջադեպի տեսանյութում երևում է երկու տարեց տղամարդ՝ արյունոտ հագուստներով և վնասված գլուխներով:

The Guardian-ը, նույնպես անդրադառնալով միջադեպին, գրել է, որ Էրդողանի թիկնապահները կատաղի բախման մեջ են մտել ցուցարարների հետ: Լրատվամիջոցը գրում է, որ ականատեսների համաձայն` բախումը սկսվել է, երբ Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների թիմը հարձակվել է քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության դրոշը պահած ցուցարարների վրա:

«Սա այնպիսի բռնություն էր, որ երբեք չեք սպասի տեսնել ԱՄՆ մայրաքաղաքում: Սա այնպիսի բռնություն էր, որ կարելի է տեսնել Էրդողանի Թուրքիայում և այլ բռնապետություններում»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որը նկարահանել է հարձակման մի մասը և ուղիղ հեռարձակել Facebook-ում կազմակերպության էջում:

Արամ Համբարյանը տեսանյութում պատմել է, որ Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում գտնվող կանաչ տարածքում ցուցարարները խաղաղ ցույց են անցկացրել, երբ փողոցի մյուս կողմից մի խումբ էրդողանամետ ցուցարարներ ճեղքել են ոստիկանական պատնեշը և հարձակվել ցուցարարների վրա: Նրա խոսքով՝ Էրդողանի աջակիցների խումբը փորձել է ծեծի ենթարկել հնարավորինս շատ մարդկանց:

«Սա այն բռնությունն է, որ տեսնում ենք Անկարայում, և նրանք այն բերում են այստեղ: Մի բան է Թուրքիայի իշխանությունների համար դա անել իր սեփական քաղաքացիների նկատմամբ, դա սարսափելի է: Մեկ այլ բան է մեզ՝ ամերիկաբնակներիս համար, տեսնել, թե ինչպես է դա տեղափոխվում Միացյալ Նահանգներ»,- ասել է Համբարյանը:

դիտվել է 8166 անգամ

Այս թեմայով

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի