Երևան
19 / Օգոստոս / 2017

«ՏՏ ոլորտը որպես լոկոմոտիվ կարող է զգալի փոփոխություն բերել և՛ երկրի տնտեսությանը, և՛ իմիջին». PicsArt-ի համահիմնադիր Հովհաննես Ավոյան

Tert.am-ը զրուցել է PicsArt լուսանկարների խմբագրման հավելվածի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը, ով տնտեսության, գիտության ոլորտում նվաճումների համար մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության անկախության օրվա առթիվ, Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

- Պարո՛ն Ավոյան, Դուք ինչպե՞ս եք տեսնում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագան, և PicsArt-ի դերը դրանում ո՞րն է:

-Ես տեսնում եմ ՏՏ ոլորտը որպես լոկոմոտիվ, որը կարող է զգալի փոփոխություն բերել և՛ երկրի տնտեսությանը և՛ իմիջին: ՏՏ ոլորտը միշտ եղել է այն խթանիչ ուժը, որը զարգացրել է այլ ոլորտներ ևս: Ցանկացած ոլորտի զարգացումն այսօր կախված է ՏՏ ոլորտից: Եվ այդ իմաստով ՏՏ ոլորտին այսպիսի կարևորություն տալը, գնահատելը շատ կարևոր է տնտեսության զարգացման համար: Իհարկե, PicsArt-ը խոշորագույն ընկերություններից մեկն է, և ամենակարևորը, որ PicsArt-ի արմատները հայկական են` այն ստեղծվել է հայկական մտքի և աշխատանքի շնորհիվ: Այսօր մենք միջազգային ընկերություն ենք, տարբեր երկրներում գրասենյակներ ունենք, բայց մեր ամենամեծ աշխատուժը, բոլոր ծրագրավորողները գտնվում են Հայաստանում:

-PicsArt-ը համարվում է աշխարհի լավագույն հավելվածներից մեկը: Կպատմե՞ք վերջին շրջանի նվաճումների մասին, և ըստ Ձեզ՝ ո՞րն է PicsArt-ի հաջողության գրավականը:

-Այսօր PicsArt-ն ամենամեծ մոբայլ հավելվածն է, որը թույլ է տալիս մշակել, խմբագրել լուսանկարներ: Հավելվածն օգտագործողների թիվը ամսական կտրվածքով հասնում է 90 մլն-ի, 400 մլն մարդ ներբեռնել է հավելվածը: Այն, ինչ թույլ է տալիս անել հավելվածը, հնարավոր է միայն անել համակարգիչների օգնությամբ: Այսօր դու կարող ես անել անհնարին փոփոխություններ քո նկարների վրա՝ օգտագործելով ամենապարզ հեռախոսը: Մենք տալիս ենք ոչ միայն գործիքներ, այլ նաև շատ մեծ քանակությամբ պատրաստի նկարներ, որոնք մարդիկ կարող են օգտագործել իրենց ստեղծագործական պրոցեսի համար:

-Որքա՞ն է ընկերությունում աշխատողների թիվը: Նաև կցանկանայի, որ անդրադառնայիք Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների պակասի խնդրին. ինչպե՞ս եք որակյալ մասնագետներ գտնում:

-Մենք Հայաստանում այսօր ունենք 350 աշխատող, և նրանց մեծ մասը երիտասարդներ են: Ունենք մեր վերապատրաստման ծրագրերը: Ուսանողներին կամ այն մասնագետներին, որոնք դեռ պատրաստ չեն ընկերությունում աշխատելու, անվճար ներգրավում ենք թրեյնինգային ծրագրերում: Անցած տարի ունեցել ենք 150 ուսանող: Կարևոր նվաճումներից մեկն է եղել նաև այն, որ մենք ստեղծեցինք արհեստական ինտելեկտի խումբ: Այդ խումբը նորություն էր, և մենք սկսեցինք սովորեցնել և պատրաստել մասնագետների, որովհետև այս ոլորտը շատ կարևոր է: Արհեստական ինտելեկտը բիզնեսի համար մեծ պահանջարկ ունի: Այսօր ծրագրավորումը գնում է այն ուղղությամբ, որ արհեստական ինտելեկտի շնորհիվ մենք կարող ենք ավելի շատ ծրագրեր, գործեր ավտոմատացնել։

Մանրամասները՝ տեսանյութում:

դիտվել է 1323 անգամ

Այս թեմայով

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը