Երևան
19 / Օգոստոս / 2017

«Եղնիկների կածանը»՝ ֆինալը մոտ է...

Ռազմադրամա փորձառու օդաչուի մասին. երկնքի ասպետը՝ երկրի վրա հայտնվել է անձնական խնդիրների ու վրեժխնդրության ճիրաններում, և փորձում է ելք գտնել, սակայն վրա է հասնում պատերազմը, որի ընթացքում նրան վճռորոշ ռանդեվու է սպասվում...   

Երեք ամիս շարունակ, Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում ընթանում էր «Եղնիկների Կածանը» բազմասերիանոց ֆիլմը: Ժանրային առումով՝ այս բարդ ռազմա-հոգեբանական դրաման նկարահանված է կինոյի բոլոր կանոններին համաձայն. տրյուկային, հրագործական, մասշտաբային, բայց ամենակարևորը, այստեղ ներկայցված է «մարտաֆիլմի» հերոսի հոգեվիճակը, որին հանգիստ չեն տալիս անցյալի ուրվականները, վրեժի ծարավը անտեսանելի թշնամու հանդեպ, ընտանեկան և անձնական կյանքում հակասական ապրումները:

Ինչպես հայտնի է, միստիկ հոգեբանական դրաման հիմնված է իրական փաստերի վրա, սակայն հետագա զարգացումներին տրված է գեղարվեստական մոտեցում: Նախագծի (թեպետ այս ֆիլմին այդքան էլ հարիր չէ այդ տերմինը) մտահղացման համահեղինակ, ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը, Tert.am Life-ին տված հարցազրույցում նշել է ֆիլմի բարձր ռեյտինգների մասին, ինչը, ըստ իս, արդարացված է առաջին հերթին՝ գերլարված սյուժեյի, դերասանական բարձր արվեստի, նկարահանումների որակի շնորհիվ. «Մարդիկ դիտում են, սպասում և հուզվում, ցանկանում են իմանալ՝ ինչ կլինի ավարտին: Արձագանքներից շատ տպավորված եմ: Հեռուստադիտողին կարողացել ենք հասցնել որոշ մեսիջներ, պատգամներ, որ դրել էինք ֆիլմի հիմքում», - ասում է Հրաչ Քեշիշյանը:

Ֆիլմը առանձնանում է հայկական արտադրության վերջին տարիների բոլոր սերիալներից և բազմասերիանոց ֆիլմերից՝ արծարծվող թեմաների, այսպես կոչված համարձակությամբ. մինչ այս ոչ մի սերիալում չի խոսվել արդարադատության համակարգի ու խղճի բախման մասին, չեն բարձրաձայնվել սուր սոցիալական հարցեր, որոնք նրբորեն զուգակցվում են ռազմական թեմատիկայի հետ: Այստեղ չկա նաև կեղծ ռազմահայրենասիրություն: Պատերազմի մասին խոսվում է սառը, առանց ավելորդ գունազարդումների, փոխարենը կա էքշն, հոգեվիճակ, գրավիչ միստիկա, Խորեն Լևոնյան-Հրաչյա Հարությունյան գերլարված, սասպենսի գերդոզա ապահովող տանդեմ:  

Ըստ էության, մենք գործ ունենք 20 կարճամետրաժ ֆիլմերի հետ, որոնք կապված են իրար՝ հորիզոնական և ուղղանկյուն զարգացող սյուժեով (ձևաչափ, երբ գծային և ոչ գծային ընթացող սյուժեն հյուսվում են), նկարահանման մասշտաբներով, օպերատորական և մոնտաժային աշխատանքի բարդությամբ, դերասանական կազմով, խորը դիալոգների ու մոնոլոգների մշակմամբ։

Հրաչ Քեշիշյանը ընդգծում է սցենարի և խելացի դիալոգների կարևորությունը: Թյուր կարծիք է ստեղծվել (հայկական սերիալների մեծամասնության պատճառով), թե մերոնք միայն ի զորու են գռեհիկ, տափակ ու ոչինչ չասող դիալոգներ գրել և դրանցով արդուկել դիտողների ուղեղները. «Մակերեսային տեքստեր, զրույցներ չկան: Հեռուստադիտողի արձագանքից ելնելով` կարող եմ ասել, որ ֆիլմն իրական է ստացվել: Սա իրական կյանքի, մարդկանց մասին է, զինվորականների և լրագրողների կյանքի պատմություն: Մենք կարողացել ենք հասնել մեր նպատակին»,- նկատեց նա:

Հունիսի 11-ին՝ ժամը 21-ին, կցուցադրվի «Եղնիկների Կածանը» բազմասերիանոց ֆիլմի եզրափակիչ սերիաները. ֆինալը մոտ է, և այն ցնցող է լինելու: 

Ի դեպ, բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները կատարվել են ավելի քան 75 տեղանքում և վայրում: Առավել բարդ տեսարաններից մեկի համար կառուցվել է քոչվորների բնակատեղի Արագածի ստորոտին: Ստեղծագործական խումբը և տվյալ տեսարանում զբաղված դերասանները ոտքով հաղթահարել են ձյունապատ Արագածը՝ հասնելով մինչև 2000 մ բարձրության:

Հրաչ Քեշիշյան. Նկարահանումները կատարվել են ձմռան ամիսներին, հիմնականում, դրսում, արել ենք մեկ քայլ առաջ՝ ավելի որակով աշխատանք ստանալու համար: Սա մեկ քայլ առաջ է հայկական հեռուստատեսային ինդուստրիայում:

Դերերում՝ Խորեն Լևոնյան, Աիդա Թորոսյան, Հրաչյա Հարությունյան, Մարջան Ավետիսյան, Սոֆի Դևոյան, Արման Պետրոսյան, Արամ Կարախանյան, Լիլիթ Վարոսյան, Արմեն Մարգարյան, Ռոզի Ավետիսովա, Ավո Ադամյան, Ներսես Ավետիսյան, Արմեն Լևոնյան, Մայիս Սարգսյան, Մխիթար Ավետիսյան, Դավիթ Հակոբյան, Արսեն Սաֆարյան, Արսեն Լևոնյան, Ալեքսանդր Պաշկով, Ջումբեր Կուկիելին և այլք։

Միքայել Մարգարյան

Լուս՝ tert.am

դիտվել է 6972 անգամ

Այս թեմայով

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը