Երևան
19 / Օգոստոս / 2017

Ադրբեջանը սպասում է. Հերթական «ֆուրորը» հայկական սպորտում. 3 ժամում՝ 133 գոլ (Տեսանյութ)

երթական խայտառակ էջն է բացվում հայկական սպորտում: Հանդբոլի Հայաստանի հավաքականը իրական «ֆուրոր» է ցուցադրում Բուլղարիայում ընթացող զարգացող երկրների առաջնությունում: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված էր D ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Չինաստանի, Մոլդովայի և Ֆարերյան կղզիների հավաքականները: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 13-46 հաշվով զիջել է Մոլդովային, իսկ երկրորդ խաղում՝ 12-43 հաշվով Չինաստանին: Խմբային վերջին խաղում մեր հավաքականը 6-44 հաշվով խաղը տանուլ է տվել 50 հազար բնակչություն ունեցող Ֆարերյան կղզիներին:

Փաստորեն երեք հանդիպումներում, որոնք տևել են մեկական ժամ, Հայաստանի հավաքականը խփել է 31 և բաց թողել 133 գնդակ: Հայաստանից ավելի շատ գնդակ բաց է թողել միայն Ալբանիայի հավաքականը: Վերջինս երեք հանդիպումներում սեփական դարպասն ընդունել է 148 գնդակ: Նշենք, սակայն, որ ալբանացիները խփել են 62 գնդակ: Խփած և բաց թողած գնդակների ցուցանիշով Ալբանիան՝ -86, իսկ Հայաստանը՝ -102, ասել է թե՝ մեզնից վատը չկա:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 24 երկրների հավաքականներ, այդ թվում նաև՝ հարևան Վրաստանն ու Ադրբեջանը: Վրացիները, որոնք ընդգրկված էին B խմբում, 34:26 հաշվով հաղթելով Մեծ Բրիտանիային, 28:20 հաշվով Մալթային և 29:35 հաշվով զիջելով Լյուքսեմբուրգին՝ զբաղեցրել են 2-րդ հորիզոնականը: 3 հանդիպումներում Վրաստանի հավաքականը խփել է 91 և բաց թողել 81 գնդակ: Կարծում ենք՝ զարգացող երկրի համար նորմալ ցուցանիշ է: C խմբում ընդգրկված Ադրբեջանի հավաքականը 28:32 հաշվով զիջել է Կիպրոսին, 34:41 հաշվով՝ Բուլղարիային, և 31:23 հաշվով առավելության հասել Անդորրայի ընտրանու նկատմամբ: Ադրբեջանցիները խմբային փուլում խփել են 93 և բաց թողել 96 գնդակ:

Հիմնվելով զուտ վիճակագրական տվյալների վրա՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանի հավաքականը Հայաստանի հավաքականից մի քանի անգամ ավելի ուժեղ է: Ճակատագրի հեգնանքով ցածր հորիզոնականների համար պայքարում Հայաստանի հավաքականին բաժին է հասել Ադրբեջանը: Այս հանդիպումը կկայանա վաղը: Նշենք, որ բուքմեյքերական ընկերություններն ուղղակի ապշած են Հայաստանի հավաքականի ելույթից: Շատերը կարծում են, որ հայերն անամոթաբար, այսպես ասած, «ղումար են խաղացել» և ծախել են խաղերը: Բնական է, Հայաստանից դուրս բնակվող մարզասերը, ականատեսը լինելով նման արդյունքների, առաջին հերթին պետք է մտածի, որ ինչ-որ խարդախություն է տեղի ունեցել՝ կապված բուքմեյքերական ընկերությունների հետ: Մարդիկ ուղղակի չեն կարող պատկերացնել, որ այս աստիճան թույլ հավաքականը կարող է ներկայանալ միջազգային մրցումների և ծաղրի առարկա դարձնել սեփական երկիրը:

Դիտելով Հայաստանի մասնակցությամբ հանդիպման տեսագրությունը՝ համոզվում ենք, որ իրականում որևէ «մախինացիա» տեղի չի ունեցել, պարզապես Հայաստանի հավաքականը շատ թույլ է, խայտառակ թույլ: Մեր երկրում սպորտի ներկայացուցիչները չեն կարողանում ընկալել, որ «կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը» ասվածը մեզ համար չէ: Մեր դեպքում մասնակցությունը վերածվում է ողբերգության, խայտառակության, դառնում ենք ծաղրի առարկա:

Ո՞վ էր Ձեզ խնդրում մասնակցել այս մրցաշարին: Մի՞թե մարզիչները, մեր երկրում այս մարզաձևի ներկայացուցիչները չգիտեին, որ մասնակցությունը վերածվելու է խայտառակության: Ցանկացած մրցաշարում հնչում է երկրի օրհներգը, բարձրացվում է երկրի պետական դրոշը, ներկայացվում է երկրի պատիվը: Չունենալն ամոթ չէ, իսկ գիտակցաբար բոլորի առաջ «մերկանալը»՝ հիմարություն:

Ադրբեջանում մեծ խանդավառությամբ են ընդունել այն փաստը, որ ցածր հորիզոնականների համար պայքարում իրենց բաժին է հասել Հայաստանի հավաքականը: Վերջինս իր ելույթով տպավորել է մրցաշարին մասնակցող մնացած 23 հավաքականներին: Թե ինչ ընթացք է ունենալու Ադրբեջան-Հայաստան հանդիպումը, կարծում ենք՝ շատերի համար պարզ է:

Որպեսզի Հայաստանի հավաքականի վիճակը ավելի պատկերավոր լինի՝ ներկայացնում ենք Ֆարերյան կղզիների հետ հանդիպման տեսագրությունն ամբողջությամբ:

դիտվել է 15110 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը