Երևան
23 / Օգոստոս / 2017

Սյունե Սևադա. «Կուզենայի սրճել Բրոդսկու հետ ու նա ինձ գրականություն դասախոսեր»

Նրան կճանաչեն բոլորը... Նրա գրառումները մշտապես արձագանք են ստանում համացանցում ու քննարկումների ալիք դառնում: Նա չի փախչում քննադատություններից, ընդհակառակը, դրանք կոփում են նրան ու առաջ մղում: Արմատներով արցախցի է, տանել չի կարողանում, երբ Արցախը տարանջատում են Հայաստանից: Իր իսկ բնութագրմամբ սովորական մարդ է, անկեղծ իր ու ընթերցողի հանդեպ: Այնպիսին է, ինչպիսին կա. Yelaket.am-ի զրուցակիցն է երիտասարդ գրող, լրագրող, կրեատիվ անձնավորություն Սյունե Սարգսյանը, գրական պսեվդոնիմը՝ Սյունե Սևադա:

Մ.Մ. «Ամեն ինչ ոչնչի» մասին բլոգը առանձնանում է իր օրիգինալ ու ինտելեկտուալ բովանդակությամբ, որին հետևելը, ինձ համար, օդի ու ջրի պես մի բան է: Մի փոքր ստանդարտ հարցադրում. ե՞րբ հասկացաք, որ ժամանակն է «խոսել»:

— Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտնում՝ հետևելու համար։ Այն վաղուց դադարել է բլոգ լինելուց՝ վերածվելով գրական կայքի։ Առհասարակ, բլոգինգը բավականին փոխել է իր սկզբնական տեսքը, դասական բլոգինգ Հայաստանում ավելի քիչ է նկատվում, շատերը տեղափոխվել են համացանցեր ու բլոգինգով զբաղվում են, ասենք, ֆեյսբուքյան գրառումների տեսքով։

Ես շատ փոքրուց եմ գրում, հետո բլոգների մասին իմացա ու որոշեցի փորձել, հատուկ ժամանակ չեմ սահմանել, ուղղակի ստացվեց այն, ինչ ստացվեց։

Մ.Մ. Ինպե՞ս ընդունեցին հարազատները՝ 15-ամյա աղջնակի մղումը դեպի բլոգային կամ ավելի ճշմարիտ կլինի բնութագրել, գրական աշխարհ:

— Ծնողներս (խմբ. — մայրը լրագրող է, հանրային կապերի մասնագետ, հայրը՝ ռեժիսոր) շատ ուրախ էին փորձերիս համար, միայն թե, ինչպես ցանկացած ծնող, բողոքում էին, որ «կոշիկներս հանում եմ, մտնում ինտերնետի մեջ ու մոռանում դուրս գալ»։ Առ այսօր էլ այդ բողոքները կան։ Մի քիչ փորձում էին հետ պահել՝ իմանալով, որ շատ զգայուն ու էմոցիոնալ մարդ եմ, վիրավորանքները, վատ կարծիքները շատ ցավոտ եմ տանելու։ Բայց կոփվեցի, գրելու ցանկությունը վիրավորանքներից տասնապատիկ ուժեղ էր և է։

Սյունեն բավականին ակտիվ է համացանցում, նրա գրառումներն ու հոդվածները, հաճախ բուռն քննարկումների առիթ են դառնում. շոկային դիրքորոշում ունի որոշ տաբուացված թեմաների շուրջ, հետաքրքիր է, ինչպե՞ս է հակադարձում քննադատություններին. «Չեմ կարծում, թե դրանք շոկային են. ես երբեք ծայրահեղ ոչինչ չեմ ասում, որովհետև տեսակով այդպիսին չեմ, փորձում եմ ուղղակի ադեկվատ ու օբեյկտիվ լինել։ Օրինակ, եթե ասում եմ, կինն ինքը պիտի որոշի, թե երբ ամուսնանա, կամ որ մարդ ինքն է պատասխանատու իր սեռական կյանքի համար, ու հասարակությունը պիտի քիթը չխոթի որևէ մեկի սեռական կյանքի ու կողմնորոշման վրա, դրա մեջ ոչ մի շոկային դիրքորոշում չեմ տեսնում։ Իսկ քննադատներիս հետ շատ մտերիմ եմ, հաճախ զրուցում ենք, քննարկում, ինձ շատ են հասունացնում, անփոխարինելի մարդիկ են։ Խոսքը քննադատների, և ոչ թե վիրավորողների, ու դա «քննադատություն» բառի տակ սղղացնողների մասին է։ Վերջիններիս նկատմամբ անտարբեր եմ, քանի որ նրանց պետք չի իմ կարծիքը, նրանք ուղղակի վիրավորելու կարիք ունեն, մարդկանց պետք չի խանգարել, թող սրտի ուզածն անեն ու ուրախ ապրեն»։

Մ.Մ. Յուրաքանչյուր ստեղծագործական անհատի կեղծանունի ծագումնաբանության հետևում մի հետաքրքիր պատմություն է թաքնված. «Սևադան» ունի՞ ինչ-որ գաղտնիք:

— Ոչ մի գաղտնիք չկա, ամեն ինչ ավելի քան պարզ է։ «Սևադա» տղայի անունը շատ եմ սիրում, հենց դրա համար էլ ընտրեցի այն, քանի որ նաև որպես ազգանուն են օգտագործում։ Դե իսկ անունս անձնագրային է, «Բաղաբերդ» վեպից են վերցրել։ Հետո, այլ իմաստ էլ ունի ընտրությունս․ գրողը «երկսեռ» է, ես փորձում եմ տեքստերում սեռս ըստ կերպարի փոխել, հնարավորինս լավ ու համոզիչ։ Դու դիտորդ ես, ուշադիր դիտորդ, որը ոչ միայն հարցեր է տալիս, այլ նաև պատասխանի տարբերակներ առաջարկում։ Հենց դրա համար դու պիտի երկու սեռերի մեջտեղում կանգնած լինես ու փորձես հնարավորինս լավ հասկանալ նրանց։ Որովհետև սեռականությունը մարդու հիմքն է, մարդն էլ՝ քո հումքը։ Հիմքը ճանաչես, հումքը հասկանաս՝ պատասխանները կգտնես։

Մ.Մ. Իսկ ի՞նչ կասեք Ձեր անվան շուրջ ամենաանհեթեթ կամ զավեշտալի ասեկոսեի մասին: Հիմար կարծիքները ու բամբասանքները շրջանցելու Ձեր բանաձևը:

— Իմ մասին շատ քիչ են անհեթեթություններ խոսում, ես աչքի ընկնող չեմ, ինձ չնկատելը նկատելուց հեշտ է։ Սովորաբար միակ խնդիրը տարիքիս ու սեռիս հետ է կապված, չեն հավատում, որ տեքստերի հեղինակը փոքր է, աղջիկ է, կամ էլ ասում են՝ ուրիշն է իր փոխարեն գրում։ Վերջերս իմացել եմ, որ 45 տարեկան տղամարդ եմ, ուղղակի հետաքրքիր լինելու համար աղջկաս անունից եմ գրում, լավ է հնչում, չէ՞, կարելի է կիրառել։ Կարծիքներին փորձում եմ էլի ադեկվատ նայել՝ հասկանալով, որ եթե ինչ-որ մեկն ինձ ասում է, որ լավ եմ գրում, չի նշանակում, թե Պուլիտցերյան մրցանակի հավակնող հանճար եմ, բացարձակ։ Կամ եթե գրում են, որ տեքստը հիմարություն է, չի նշանակում, թե այն իրոք արժեք չունի։ Ես գիտեմ՝ ինչ եմ ուզում գրել, ինչի համար եմ ուզում գրել, ինձ համար գրելու ընթացքն է գերագույն հաճույք՝ անկախ արձագանքներից։ Դեռ շատ անցնելիք ճանապարհ ունեմ, ու անընդհատ պիտի աշխատեմ, որովհետև չունեմ բացառիկ ու փայլուն տաղանդ, բայց եթե ուզում եմ հետագայում հիշվել, պիտի անընդհատ առաջ քայլեմ, գուցե ստացվի։ Եթե չստացվի էլ, պիտի իմանամ, որ փորձել եմ։ Սա պիտի ամեն մարդ իր ներսում ունենա, որպեսզի ո՛չ աստղայինը տանի, ո՛չ էլ կեսից հանձնվի։ Այդ ժամանակ ցանկացած արձագանք կդիտարկես ուղղակի արձագանք՝ ոչ ավել, ոչ՝ պակաս։ Իսկ բամբասանքներն էլ անընդհատ լինելու են, ոմանք աշխատում են, ոմանք՝ խոսում այդ աշխատանքի մասին, բնական է։

Մ.Մ. Սյունե Սևադան առօրյայում:

— Տիպիկ աղջիկ եմ, էմոցիոնալ, անուշադրությունից տզտզացող ու բողոքող, թիթիզ-միթիզ զարդեր ու խնամքի միջոցներ սիրող, գիշերվա երեքին տորթ ուտող ու նիհարել երազող, փոքր առիթներով կռիվներ հրահրող․․․ Ի դեպ, հենց այսօր թարմ-թարմ կռվել եմ ամենամոտ ընկերոջս հետ, բայց բավականին լուրջ, գուցե մի օր կբարիշենք, որովհետև իրեն շատ եմ սիրում, չնայած հույս չունեմ, հենց այսօր ամեն ինչ ավելի փչացրի։ Հուսամ՝ կկարդա, մի անգամ էլ հրապարակավ ասեմ՝ կներես, անկեղծ: Ոչ մի առանձնահատկություն չունեմ իրականում, ու սա ավելորդ համեստություն չի, սովորական լինելը շատ ընտիր բան է, ինձ դուր է գալիս։

Մ.Մ. Նախասիրություններ, մշակութային անցուդարձ. ի՞նչ կասեք կյանքի այդ ասպարեզների մասին:

— Եթե խոսքն իմ մշակութային նախասիրությունների մասին է, ապա, եթե իմ ցանկությամբ լիներ, դրանք կսահմանափակվեին սենյակում փակված գիրք կարդալով, երաժշտություն լսելով, ֆիլմեր դիտելով ու վիրտուալ ցուցասրահներով զբոսնելով։ Անառիթ սենյակիցս դուրս չեմ գալիս, ինձ մնար՝ առհասարակ դուրս չէի գա։ Բայց երբեմն համերգ ու թատրոն են քարշ տալիս, հետո երկար շնորհակալություն եմ հայտնում, որովհետև իսկապես վայելում եմ։ Մարդը քայլող արվեստ է, պիտի արվեստին շատ մոտ կանգնած լինի, որպեսզի կարողանա ինքն իրեն ճանաչել։

Մ.Մ. Կա՞ առանձնահատուկ արվեստի գործ, որին վերադառնում եք ժամանակ առ ժամանակ:

— Հաճախ եմ վերադառնում արվեստի գործերին, դժվար եմ նոր ռեժիսորների կամ նկարիչների սիրում։ Հին սիրած գործերի մեջ միշտ նոր գտնելու բան կա։ Արվեստը հենց դրանով է ֆանտաստիկ, որ երբեք չի հագեցնում, երբեք ամբողջովին չես ճանաչում ու քեզ չի պատկանում։

Մ.Մ. Օգնու՞մ է արդյոք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» նախագիծը կտրվել երկրում մեզ շրջապատող գռեհիկ մեյնսրթիմից:

—Սիրում եմ այդ նախագիծը, բայց հաճախ չի ստացվում դիտել։ Բայց որ կրթում ու միջավայրը ավելի լավն է դարձնում, միանշանակ։

Հարցեր Մարսել Պրուստի հարցարանից

— Ո՞ր մարդկային արատի հանդեպ եք ամենից ներողամիտ և ո՞ր մեկը երբեք չեք ներում:

- Ես կարող եմ ներել բացարձակ ամեն ինչ, իրավիճակից է կախված։ Հնարավոր է մի փոքր դետալ այդպես էլ չմոռանամ ու փչացնի հարաբերությունները, դադարեցնեմ մարդու հետ շփվել, կամ հակառակը, շատ հեշտ ու ուրախ ներեմ շատ մեծ թերացում։ Բայց չեմ սիրում ուշացող մարդկանց, դրանով կարող եմ կարծիք կազմել նրանց մասին, ինքս ամենուր հինգ-տասը րոպե շուտ եմ հասնում, իսկ անգամ երկու րոպե ուշանալու դեպքում պարտադիր զգուշացնում եմ։ Չուշանալը հարգանքի ու սիրո լավագույն դրսևորումներից է ինձ համար։ Մնացած ամեն ինչի նկատմամբ ներողամիտ եմ, չնայած շատ լավ ու երկար հիշում եմ, բայց առանց չարության։ Ուղղակի մարդկանց խոսքերի նկատմամբ եմ ուշադիր, դրանից է հիշելը։

— Երկրի վրա երբևէ ապրած մարդկանցից ո՞ւմ հետ կուզենայիք հանդիպել:

Հենց այս պահին՝ Բրոդսկու հետ։ Կուզեի սրճեինք ու ինքն ինձ գրականություն դասախոսեր։

— Ի՞նչ ընդունակությամբ կուզենայիք օժտված լինել:

- Աշխատասիրությամբ։ Անկեղծ։ Մեկ էլ շատ կուզեի կամքի ուժս ավելի կոփել ու շատ ավելի պատասխանատու դառնալ։ Բոլորի վրա աշխատում եմ, հուսամ՝ կփոխվեմ։

— Ո՞րն է Ձեզ համար ամենամեծ դժբախտությունը:

- Հայտնի ֆրազ կա՝ մարդուն մարդ է հարկավոր, և սա ավելի քան ճիշտ է։ Դժբախտություն է, երբ լավ երաժշտություն ես լսում ու չունես մեկին, որի հետ կարող ես այն կիսել։ Բայց նույնչափ հարկավոր է մենակ մնալը, անձնական տարածք ունենալը։ Եթե ինքդ քեզ հետ ընկերություն չես անում ու մենակ լինելդ վայելել չգիտես, չես կարող երջանիկ լինել։

— Եթե հայտնվեք Աստծո առջև, ի՞նչ կասեք նրան:

-Ոչինչ չէի ասի, ուղղակի կգրկեի, ինքը բոլորիս սիրում է, կփորձեի թաթերի վրա կանգնած ու փաթաթված շատ ուժեղ փոխանցել իմ դրական էներգիան, որ մտածի, թե համարյա իր չափ սիրել գիտեմ։ Ու գրկելով ասեի՝ շատ եմ սիրում, անգամ եթե ինձ չսիրեր, ինձ ոչինչ հարկավոր չի, ինձ իմ զգացածը բավարար է, որովհետև դու ընտիր Աստված ես ու գժական լավ ընկեր։

— Ձեր պատկերացումը երջանկության մասին:

- Ներքին հարմոնիա, ուզածդ անելու ու չուզածդ չանելու հնարավորություն, ամեն առավոտ արթնանալու կարևոր պատճառ ու երազանք։

դիտվել է 35446 անգամ

Այս թեմայով

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը