Երևան
23 / Օգոստոս / 2017

Մահացած 4-ամյա աղջկա հարազատները ազատազրկված բժշկուհուց 17 մլն դրամ են պահանջում

Մահացած 4-ամյա Կարինեի հարազատները 3 տարով ազատազրկված, «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի նախկին վարիչ Անահիտ Պետրոսյանի դեմ ներկայացրած քաղաքացիական հայցում լրացում են կատարել:

NEWS.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Չատինյանը նշեց, որ ներկայացրել են նաեւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջ:

«Մենք 2 մլն դրամ ենք պահանջում որպես նյութական վնասի փոխհատուցում եւ 15 մլն դրամ էլ որպես բարոյական վնասի փոխհատուցում»,- ասաց Անի Չատինյանը:

Փաստաբանը նշեց, որ հայցադիմումում լրացում կատարելու միջնորդությունն արդեն ուղարկել է դատարան, սակայն դեռեւս պատասխան չի ստացել: Նշենք, որ քաղհայցի նախնական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 4-ամյա Կարինեն հիվանդանոց էր ընդունվել 2015թ. հունիսի 16-ին՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել:

Նույն օրը հիվանդանոց էր ընդունվել նաեւ փոքրիկ Էրիկը: Նրան «Արմավիր» բժշկական կենտրոնից աղիքային ինֆեկցիայով ծայրահեղ ծանր վիճակում Երեւան էր տեղափոխվել եւ 18 օրվա կոմայից հետո մահացել: Երեխայի մոր խոսքով, Անահիտ Պետրոսյանը երեխային հոգնա է արել, ներարկում, ապա կաթիլային միացրել, որից հետո 5-ամյա Էրիկը միանգամից կոմայի մեջ է ընկել:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն «Արմավիր» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), եւ յուրաքանչյուր երեխայի մասով դատապարտել 2 տարվա ազատազրկման, ապա մասնակիորեն գումարելով դրանք՝ վերջնական պատիժ է նշանակել 3 տարի ժամկետով ազատազրկումը: Կողմերը որոշումը բողոքարկել էին, սակայն եւ Վերաքննիչը, եւ Վճռաբեկը, անփոփոխ են թողել առաջին ատյանի կայացրած դատավճիռը:

Բացի այդ՝ դատարանը Անահիտ Պետրոսյանին 1 տարի 5 ամիս ժամկետով զրկել է մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից:

դիտվել է 36928 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը