Երևան
24 / Հոկտեմբեր / 2017

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայ-ամերիկյան կրկնակի հարկման համաձայնագիրը միշտ եղել է ՀՀ կառավարության օրակարգում:

«2008 թվականից, երբ որ ես տեղափոխվեցի Ֆինանսների նախարարություն, ես չեմ հիշում մեկ տարի, որ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովում այդ հարցը, որպես մեզ համար կարևորագույն հարց, դրված չլինի: Երբ որ տնտեսվարողները որոշումներ են կայացնում, նրանք նայում են հարկման դաշտը, ու դա նրանց համար կարևոր է»,-ասաց նա:

Նախարարն ասաց, որ այն երկրները, որտեղ որ կա կրկնակի հարկման համաձայնագիր, դա նաև որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին, որպեսզի հետագայում տարաձայնությունների դեպքում խաղի կանոններն ավելի հստակ լինեն: Նա նշեց, որ մշտապես ամերիկյան գործընկերների հետ այս հարցը քննարկում են:

«Հայաստանը օրեր առաջ կրկնակի հարկման մասին համաձայնագիր Իսրայելի հետ ստորագրեց։ Ինչը նախանշում է, որ սա մեզ համար կարևոր է. այսօր ունենք 46 երկիր, որոնց հետ կնքել ենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր, Իսրայելը դարձավ 47-ը, հուսով ենք, որ Միացյալ Նահանգները հաջորդը կլինի»,-ասաց նա։

Նա դժվարացավ ասել, թե ինչ ժամկետներում Հայաստանը կունենա ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիր։

«Կարծում եմ, որ մենք մեր ամերիկյան գործընկերների հետ դեռևս աշխատանք ունենք անելու, որովհետև այս հարցը, եթե հիշողությունս չի դավաճանում, ավելի քան 20 տարի է՝ քննարկվում է: Այս հարցում ամերիկյան կողմն ունի իր փաստարկները»,-ասաց նա:

Վարդան Արամյանը տեղեկացրեց, որ ներկա դրությամբ գործում է նաև նախկին՝ Խորհրդային Միության ու Միացյալ Նահանգների միջև գործող համաձայնագիրը:

«Մեր կարծիքով՝ դա ժամանակավրեպ է, որովհետև այսօրվա դրությամբ՝ ՏՀԶԿ-ի կողմից մշակվել են ուղղություններ ու ընդհանուր շրջանակներ կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաների շրջանակում: Մենք վստահ ենք, որ գործողը չի համապատասխանում դրան և, գումարած դրան, Հայաստանը չի հանդիսանում Խորհրդային Միության իրավահաջորդ: Մեր հակափաստարկն այն է, որ կարծում ենք, որ այս պահի դրությամբ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի բացակայությունը կարող է նաև խոչընդոտել, որ տնտեսվարողները որոշում կայացնեն և ներդրումներ իրականացնեն երկուստեք՝ այսինքն դեպի Հայաստան ու Հայաստանից դեպի ԱՄՆ, որովհետև յուրաքանչյուր տնտեսվարող ներդրում կատարելուց պետք է վստահ լինի, որ հարկման դաշտն իր համար ընկալելի է ու կայուն»,-ասաց նա:

դիտվել է 4733 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Իսկ դու հիշո՞ւմ եք՝ ինչպես իրեն դրսևորեց Հովհաննես Ազոյանը «Ֆորտ բոյարում»

Սարսափելի կադրեր. ինչպես է 20-ամյա աղջիկը Lexus-ով մխրճվում մարդկանց բազմության մեջ. 6 զոհ, այդ թվու...

Փոքրիկները շնորհավորում են «Էրեբունի-Երևան» տոնը (տեսանյութ)

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել