Երևան
18 / Փետրվար / 2018

Կարեն Կարապետյանը մեր 15 կետից որևէ մեկը չի իրականացրել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որը խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր «Ծառուկյան» դաշինքից և 6-րդ ընտրատարածքում հավաքել 6000 ձայն:

– Պարոն Հակոբյան, ո՞ւմ եք տեսնում 2018-ին վարչապետ: Արդյոք մասնակցում եք դաշինքի քննարկումներին: Արդյոք եղել է քննարկում, թե ում է դաշինքը պատրաստվում աջակցել 2018-ի ապրիլին որպես վարչապետի թեկնածու:

– Դեռ նման քննարկում տեղի չի ունեցել, դեռ քննարկում չի եղել, չգիտենք՝ ովքեր են առաջադրվելու և ինչ ծրագրերով են հանդես գալու: Մենք առանց այդ ծրագրերը նայելու, որևէ թեկնածուի չենք կարող ասել` աջակցում ենք, թե ոչ: Մենք պետք է ծրագրերին աջակցենք, ոչ թե անձերին: Ծրագրերը կներկայացնեն ԱԺ, մենք կտեսնենք՝ եթե այդ ծրագրերում կան այն 15 կետերը, որ մենք էինք ներկայացրել հանրությանը և ստացել մեր քվեները, գուցե մենք նստենք, խոսենք, քննարկենք, հասկանանք: Բայց մենք չենք տեսել այդ ծրագրերը ներկայացնող մարդուն:

– Այսինքն՝ կուսակցությունում վարչապետի հարցը քննարկվա՞ծ չէ:

– Ոչ, չի քննարկվել վարչապետի հարցը, կուսակցությունը սպասում է այն ծրագրերին, որոնք կներկայացնեն վարչապետի թեկնածուները և դրանցով մենք կորոշենք՝ որ թեկնածուին կաջակցենք, կամ չենք աջակցի:

– Բայց ծրագրերը պարզ են, կառավարությունը ներկայացրել է իր ծրագիրը, հիմա Դուք ի՞նչ ծրագիր եք ակնկալում: Ըստ էության՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը ձեր 15 կետերը չնկատե՞ց:

– Ես կարող եմ պատասխանել իմ անունից, քանի որ դեռ որոշում չի կայացվել «Ծառուկյան» դաշինքում: Ես կպատասխանեմ այսպես. այն թեկնածուն, որ կներկայացնի ծրագիրը և մեր ծրագրի կետերը տեղ չեն գտնի այնտեղ, մենք իհարկե այդ թեկնածուին չենք պաշտպանելու՝ ով էլ նա լինի: Մենք պաշտպանելու ենք այն թեկնածուին, ով կհամաձայնվի մեր ծրագրերի հետ:

– Կարեն Կարապետյանը ձեր ծրագրին կարծես թե տեղ չտվեց, կարծում եք՝ Սերժ Սարգսյանը տե՞ղ կտա, եթե լինի վարչապետի թեկնածու:

– Չեմ ուզում ինչ-որ անձերի հետ կապված բան խոսել: Պետք է սպասել մինչև ծրագրերի ներկայացումը: Մենք չենք անձնավորում որևէ թեկնածու, այլ անձնավորում ենք իրենց ծրագրերը, որ կներկայացնեն:

– «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների մի մասը կողմ է Կարեն Կարապետյանի կառավարությանը, մյուս մասը նշում է, որ դեմ է: Մի մասը չի բացառում ապրիլից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիայի կազմումը: Ո՞ր թևի դիրքորոշումն եք կիսում:

– Ես այն թևի մեջ եմ, որն ասացի, այսինքն՝ նա, ով կներկայացնի ծրագիր և մեր ծրագրի 15 կետերից բաղկացած դրույթները կլինեն մեջը, պարզ կլինի՝ ում ենք աջակցում: Չեմ կարծում՝ «Ծառուկյան» դաշինքում լինեն այնպիսի մարդիկ, ովքեր կշեղվեն իրենց գաղափարներից: Եվ փոքր խնդիրները, որ առաջացել են այդ հարցազրույցներից հետո, նրանք հարցազրույց կտան, ուրիշ ձևով կբացատրեն իրենց ցանկությունը: «Ծառուկյան» դաշինքում միակարծիք են լինելու:

– Նախկինում ասում էիք, որ եթե 15 կետերից շեղվի դաշինքը, Դուք մուլտֆիլմ եք նկարելու այդ մասին: Մնում եք նույն կարծիքի՞ն:

– Իհարկե, եթե 15 կետերը չկատարվեն, ապա մենք պետք է ամեն ինչ անենք, որ մոբիլիզացնենք ժողովրդին, տարբեր ձևերով, տարբեր ծրագրերով հանդես գանք, ժողովրդին էլ մասնակից դարձնենք քաղաքական գործընթացներին և այդպես շարունակ, մինչև կհասնենք մեր նպատակների իրագործմանը:

– Իշխանափոխություն չեք ուզում, կոալիցիա իշխանության հետ չեք բացառում: Հիմա ինչպե՞ս եք պատկերացնում 15 կետերի իրագործումը, կոալիցիայի մաս կազմելո՞վ, թե՞ ընդդիմադիր դիրքերից հանդես գալով:

– Տեսնենք, թե քաղաքական որ ուժն ինչ ծրագրերով հանդես կգա: Մենք հո թշնամի՞ն չենք այս երկրի, մենք մեր ծրագրերը ցանկանում ենք կառավարության և հանրության ուշադրությանը ներկայացնենք և դրանք կյանքի կոչելով՝ թե՛ տնտեսությունը, թե՛ պետությունը կզարգանա: Մենք հո չենք ուզում քայլեր անել, որոնք վնաս կբերեն, պարզապես երկրի զարգացման գործընթացի նկատմամբ մեր ծրագրերը տարբեր են:

– Այսինքն՝ փողոցային պայքար բացառո՞ւմ եք:

– Որպեսզի հասնենք մեր ծրագրերի իրականացմանը, ես կողմնակից եմ ցանկացած պայքարի:

– Ի՞նչ եք կարծում, իշխանությունը պատրա՞ստ է ձեր 15 կետերը կատարել:

– Չեմ կարող ասել՝ պատրաստ է, թե պատրաստ չի, բայց լավ կլինի, որ քննարկումներ սկսվեն, և մենք կտեսնենք՝ ինչքանով են նրանք պատրաստ կամ ինչքանով են հասկացել մեր ծրագրերի կարևորությունը:

– Շատերը նշում են, որ «Ծառուկյան» դաշինքը չի կարող ընդդիմություն լինել, որ մեկ իշխանություն եք, մեկ ընդդիմություն: Ինչպե՞ս եք ապացուցելու, որ ընդդիմադիր եք:

– Ինչու, հիմա իմ հարցազրույցը ցույց չի՞ տալիս, որ մենք ընդդիմադիր ենք, պարտադիր է, որ ես ամեն անգամ կրկնեմ, որ մենք ընդդիմադիր ենք: Կոնկրետ իմ հարցազրույցն ընդդիմադիր գործչի հարցազրույց է: Եվ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ, եթե մեր ծրագրերի կետերը չիրականացվեն, ապա դեմ ենք լինելու:

– Կարեն Կարապետյանը ձեր որևէ ծրագրային դրույթ իրականացրե՞լ է:

– Ոչ, որևէ կետ չի իրականացրել Կարեն Կարապետյանը, նույնիսկ քննարկումներ էլ չեն կազմակերպել: Շատ լավ կլիներ, որ քննարկումներ տեղի ունենային և լինեին առաջարկություններ:

դիտվել է 2835 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Գոռ Վարդանյանը գործել է, որպես շարքային կուսակցական

«Ինքն ասեց՝ դեմն առեք, չասեց՝ գնացեք տփեք կնանիքին». Սեյրան Սարոյան

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....