Երևան
24 / Հոկտեմբեր / 2017

«Ելքը» ծա՞նր է տանում

Hraparak.am _ ը գրում է ՝

Հայաստան-Սփյուռք համաժողովի բացումը կատարվեց ոչ թե Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այլ Էդմոն Մարուքյանի եւ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջերում: Մեզ չեն հրավիրել` հայտարարեցին նրանք: Էդմոն Մարուքյանը գրել էր, որ պատճառն իշխանության ապաշնորհ լինելն է, Նիկոլ Փաշինյանն էլ լուրջ փաստաթղթի տեսք էր տվել իր գրառմանը` առանձին կետերով բացել Սերժ Սարգսյանի հոգու խորքը: Ընդդիմադիր գործիչներն այնպես էին բողոքում, որ համաժողովի բացման օրն իսկ սրտից թույլ հայաստանցիները միանշանակ հայտարարեցին` համաժողովը ձախողվեց: 

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին էլ պետք է ուղղակի կախել այդ բացթողնման համար` կասեր մի հայտնի արվեստագետ:
Բայց մենք տիկնոջը հանգիստ թողնենք եւ գանք «Ելքի» ոգորումներին, որ, այսպես ասած, ծնունդ են համաժողովին մասնակցելու հրավեր չստանալու: Հարգելի «Ելք»-ականներ, դուք իրո՞ք կուզենայիք հրավիրված լինել: Մի շտապեք պատասխանել, որովհետեւ ձեր առաջնորդներն շտապել են արդեն կազմակերպված բողոքել չհրավիրվելու դեմ` բա գիտե՞ք, խորհրդարանական ընդդիմությանը ՀՀ ապաշնորհ իշխանությունները չեն հրավիրել… Ես պատահաբար չհարցրեցի եւ հիմա էլ կրկնում եմ հարցս` իսկ դուք կուզենայի՞ք հրավիրված լինել, այո՞:

Այդ համաժողովում խորհրդարանական ԲՀԿ-ից մի քանի դեմք, այնուամենայնիվ, երեւացել է: Կուզենայինք լսել «Ելքի» կարծիքն այդ մասին: Այդ ինչպե՞ս է պատահել, որ ԲՀԿ-ին հրավիրել են, իսկ «Ելքին»` ոչ: Եվ այստեղ կսկսվի ամենահետաքրքիրը` «Ելք»-ԲՀԿ «ռազբորկան», թե իրենցից որն է ավելի ընդդիմադիր: Հարցն այն չէ, որ ԲՀԿ-ն դեռ էն գլխից ընդդիմադիր չէ: Բայց երբ գործը հասնում է ամենաընդդիմադիրին որոշելուն, ԲՀԿ-ին այնպիսի պաթոս է համակում, որ թող ու փախիր: Եվ, ահա, մտածում եմ, որ ԲՀԿ-ին համաժողով կանչելու հանգամանքը որոշակի առավելություններ է տալիս «Ելքին»` հասարակության աչքում առավել ընդդիմադիր երեւալու տեսանկյունից: Ինչպե՞ս կարող էր «Ելքն» ամենաընդդիմադիր երեւալու այս հրաշալի պատեհությունը փոխել մի հրավերի հետ, որ նրան համահավասարեցնելու էր ԲՀԿ-ի հետ, եւ որի վերջը չգիտես ինչ էր լինելու:
ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը, որ նախընթաց ԱԺ-ում իմ իմացած թերեւս ամենալուրջ ընդդիմադիր գործիչներից մեկն էր, Հայաստան-Սփյուռք համաժողովի առիթով ասել էր` ես այնտեղ հայաստանյան 72 կուսակցության ներկայացուցիչների չտեսա: Տարբերությունը Թեւան Պողոսյանի եւ «Ելքի» առաջնորդների հայտարարությունների միջեւ նկատեցի՞ք: Ափսոս, որ Թեւան Պողոսյանն այսօր խորհրդարանում չէ, եւ նրա բացակայությամբ խորհրդարանական ընդդիմությանն իսկապես պակասում է գլոբալ մտածելակերպը, վերմակով բացառապես սեփական հետույքը չծածկելու մոտեցումը: Վատ չէր լինի, եթե «Ելքը» ՀՀ իշխանություններին մեղադրեր ընդհանրապես ընդդիմության ձայնն այդ համաժողովում լռեցնելու մեջ: Այլապես միայն իրենց դարդն են լալիս, թե մենք, որ խորհրդարանական ենք ու քաղաքապետարանական, չենք հրավիրվել: Բախտներդ բերել է, որ ո՛չ հրավիրվել եք, ո՛չ էլ, ներողություն արտահայտությանս համար, «փչացել»: Կա, չէ՞, Հայաստանում այդպիսի մտայնություն, որ ով համագործակցում է իշխանության հետ, ուրեմն «փչացած» է: Եվ, ուրեմն, ինչի՞ համար է այս ամենը: Գնացեք մատաղ արեք, որ չեն հրավիրել, մանավանդ, որ Սերժ Սարգսյանը որոշել է վարչապետ դառնալ, իսկ դուք ամենաշատը հենց դա չեք ցանկանում, ու ձեզ պետք է, որ հասարակությունը մտքի ծայրով իսկ չանցկացնի, որ «Ելքից» բացի ուրիշ ընդդիմություն էլ կա:

Կարծիքներ են հնչում, որ Հայաստան-Սփյուռք համաժողովը Եվրադատարան չէ, որ դա այն տեղը չէ, որտեղ դնես ու իշխանությանը մի հանգի քլնգես: Համաձայն ենք: Համահայկական հավաքների նպատակներն այլ են, եւ այդ հավաքները չեն կարող նույնացվել քաղաքական բանավեճի առիթների հետ: Ես զարմանում եմ, երբ մեր մամուլն ու գործիչներն այսպիսի թեթեւությամբ գնահատական են տալիս այնպիսի մի երեւելի մարդու ելույթին, ինչպիսին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն է: Ախր, ինչպե՞ս կարելի է նրա խոսքը չափել հայրենի ընդդիմության խոսքի չափանիշներով` արաա, տեսա՞ք ինչ ասաց, տեսա՞ք ինչպես ասաց: Եվ տպավորություն է ստեղծվում, որ Արամ Ա-ն Հայաստան էր եկել ՀՀ իշխանություններին քննադատելու նպատակով: Բայց մենք մոռանում ենք, որ Կիլիկիո կաթողիկոսին հատուկ առիթներ պետք չեն նման խոսք ասելու համար, մոռանում ենք կամ գուցե չգիտենք, որ իր գործունեության ընթացքում նա զբաղվում է այն ամենով, ինչն անհրաժեշտ է համարում հայրենիքի եւ Սփյուռքի զորացման, հայոց պահանջատիրության արծարծման, համահայկական ջանքերի միավորման համար: Հաստատ, որեւէ մեկը չէր կարող մեր խնդիրներից այնպես խոսել այս համաժողովում, ինչպես խոսեց այդ պատկառելի այրը, ով, սակայն, իր ասելիքը երբեք չհամեմեց հասցեատերերին ուղղված ինչ-ինչ ածականներով, որովհետեւ նրա խոսքի հասցեատերն ամենքս էինք` իշխանություն, ընդդիմություն, ժողովուրդ, ազգ, երկիր, պետություն: Արամ Ա-ի ելույթից ընդդիմադիրների ուրախությունն է անհասկանալի, թեեւ Կիլիկիո կաթողիկոսի խրատ-հորդորները հավասարապես նաեւ ընդդիմությանն են ուղղված` որպես հայաստանյան երեւույթի:

Հաջորդ համահայկական համաժողովին, կարծում եմ, «Ելքն» անպայման հրավիրված կլինի, եթե, իհարկե, որեւէ բան չպատահի: Մարդ ես, մեկ էլ տեսար՝ 2018-ին նախարար ունենան նոր կառավարության մեջ: Գուցե նրանք հաջորդ համահայկականին լուծած կլինեն բոլոր անհարթությունները, որոնք, նաեւ իրենց մեղքով, առկա էին այս անգամ, երբ տակավին հաղթահարված չէ ընդդիմությունն իշխանությունից, ընդդիմությունն ընդդիմությունից սխալ ձեւով զատելու սովորությունը:

Որպեսզի «Ելքն» առանձնապես ծանր չտանի եղելությունը, մի քանի խոսք էլ համաժողովի կազմակերպիչների մասին ասենք: Ենթադրենք` որոշել էիք համաժողովն անել առանց ընդդիմության: Իսկ ինչո՞ւ ամեն ինչ արեցիք, որպեսզի Հայաստան-Սփյուռք 6-րդ ֆորումի բացումը համընկնի մեռելոցի հետ: Սրա մեջ կարելի է նաեւ ակնարկ տեսնել այն բանի, որ համահայկական համաժողովն այնքան էլ չի կարեւորվում: Իսկ եթե դա արվել է, որպեսզի համաձայնեցվի նաեւ նախագահի ժամանակացույցի հետ, ապա ավելի վատ: Համաժողովի բացումից հետո նախագահի Նյու Յորք մեկնելը հիշեցնում է գայլի ու Ավետարանի պատմությունը: Հնարավոր չէ՞ր օրը փոխել. մեկ ամիս շուտ, մեկ ամիս ուշ` ի՞նչ էր փոխվելու դրանից:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

դիտվել է 3161 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Իսկ դու հիշո՞ւմ եք՝ ինչպես իրեն դրսևորեց Հովհաննես Ազոյանը «Ֆորտ բոյարում»

Սարսափելի կադրեր. ինչպես է 20-ամյա աղջիկը Lexus-ով մխրճվում մարդկանց բազմության մեջ. 6 զոհ, այդ թվու...

Փոքրիկները շնորհավորում են «Էրեբունի-Երևան» տոնը (տեսանյութ)

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել