Երևան
19 / Ապրիլ / 2018

Արթուր Ջանիբեկյանի կողմից բարձր գնահատվեց թիմի աշխատանքը

՛՛Հայկական ազգային երաժշտական գանձարան՛՛ ծրագրի նկարագրություն


Հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում կերտել է հարուստ, ինքնատիպ երաժշտություն, որի նուրբ հյուսվածքներում արևմուտքի միտքն ու ավանդույթը շաղախված են արևելյան խորհրդավոր հմայքով: Մեր հոգևոր երաժշտական ժառանգությունը հնագույններից է քրիստոնեական աշխարհում, իսկ ժողովրդական երաժշտության որոշ ինքնատիպ օրինակներ մեզ են հասել դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից:

Ցավոք բազմազան ու մեծ պատմական և գեղարվեստական արժեք ներկայացնող այս երաժշտությունը գրեթե ներկայացված չէ միջազգային երաժշտասեր հանրությանը: Հատկապես վակուումային վիճակում է գտնվում հայ երաժշտության նոտաների ոլորտը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առ այսօր նոտաների համաշխարհային շուկայում հայ ազգային երաժշտությունը ներկայացնող նմուշներ գրեթե չկան: Կոմիտասի, Մաշտոցի, Շնորհալու, Նարեկացու և մյուս հայ հսկաների հանճարեղ գործերը դեռևս սպասում են համաշխարհային երաժշտական գրադարաններում իրենց արժանի տեղը զբաղեցնելուն:

Հաշվի առնելով այս ամենը` 2014 թվականին «Մշակութային Վերածնունդ» հիմնադրամի կողմից ձևավորված աշխատանքային խումբը, որը բաղկացած է Հայաստանի առաջատար երաժշտագետներից, կոմպոզիտորներից և այլ պրոֆեսիոնալ երաժիշտներից, ստանձնեց ժողովրդական, աշուղական և հոգևոր երաժշտության` ձեռագիր և նախկինում տպագրված նոտաների ուսումնասիրությունը: Արդյունքում ընտրվեցին երաժշտական ամենաարժեքավոր նմուշները և սկսվեց դրանց թվայնացման ու վերահրատարակման գործընթացը, ինչպես նաև ձեռնարկվեց հայերեն տեքստերի լատինատառ տրանսլիտերացիայի և ծանոթագրական նյութերի պատրաստումն ու դրանց անգլերեն թարգմանությունը: Այս ընթացքում շուրջ 3000 էջ նոտաներ թվայնացվեցին:

Շնորհիվ այս նախագծի` վերջապես, 100 տարի անց, ի կատար ածվեց Կոմիտաս վարդապետի ծրագիրը. լույս տեսավ իր կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին, որն անվճար հատկացվել է գրադարաններին, ուսումնական և հոգևոր հաստատություններին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և այլն:
Հարյուրից ավելի մարդկանց արդյունավետ համագործակցության շնորհիվ ստեղծվեց առցանց երաժշտական ձայնադարան, տեսադարան և գրադարան` http://www.armenianmusic.am/ հասցեով, որտեղ զետեղված են հայ ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտության հարյուրավոր գոհարներ` Հայաստանի լավագույն երաժիշտների բարձրաճաշակ ավտենտիկ կատարումներով: Բոլոր հոգևոր և ժողովրդական ստեղծագործությունները ներկայացված են նաև համապատասխան նոտաներով և երգերի անոտացիայով: Հայ նկարիչների կողմից ստեղծվեցին յուրաքանչյուր ստեղծագործությանը համապատասխան 550-ից ավելի թեմատիկ պատկերազարդումներ՝ սոց ցանցերում տվյալ ստեղծագործություններն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով: Հավելվածը նաև հասանելի է հեռախոսային և պլանշետային տարբերակով IOS և Android օպերացիոն համակարգերի համար:
«Մշակութային Վերածնունդ» հիմնադրամի աշխատանքային խումբն իրականացրել է ծրագրի երկրորդ փուլը: Համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ հրատարակվել են և հայ հոգևոր երաժշտական կարևորագույն մատյաններ: Առաջինը Մակար Եկմալյանի՝ երգչախմբի համար գրված Սուրբ Պատարագն է՝ եռաձայն արական, քառաձայն արական և քառաձայն խառը կազմերի համար, որն առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին Լյայպցիգում:

Այժմ, շուրջ 120 տարի անց, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ, Սուրբ Պատարագի բազմաձայնումը վերահրատարակվում է, նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան, լատինատառ տրանսլիտերացիայով (տառադարձությամբ), երաժշտագիտական նախաբանով, վերլուծություններով և դրանց անգլերեն թարգմանությամբ` հայ եկեղեցու գլխավոր ծեսի` այս կարևորագույն նմուշը միջազգային հանրությանը և սփյուռքին հասանելի դարձնելու համար:
Այսպիսով, առաջին անգամ հայ հոգևոր երգասածությունները հասանելի կդառնան աշխարհին և իրենց արժանի տեղը կզբաղեցնեն համաշխարհային հոգևոր երաժշտության անդաստանում:
Երկրորդ հրատարակվող մատյանը Ժամագիրքն է: Այն քրիստոնեական եկեղեցու հնագույն երաժշտածիսական մատյաններից է, հայ եկեղեցական արարողակարգին և տոներին պատշաճեցված աղոթքների, հոգևոր երգերի, քարոզների հիմնական ժողովածուն: Ժամագիրքը եվրոպական նոտագրությամբ երբևէ չի հրատարակվել: Այն 1877 թվականին Լիմոնջյանի հայկական նոտագրության համակարգով գրառել է Ն. Թաշճյանը: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, Երևանի Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի ժողովրդական երաժշտության ամբիոնի դասախոսների և ուսանողների համատեղ ջանքերով ժամագիրքը փոխադրվել է եվրոպական նոտագրության: Ժամագիրքը ներկայումս թվայնացված է, հագեցված երաժշտագիտական նախաբանով, գրքում հանդիպող եզրերի (տերմինների) բառարանով, երգային նմուշներրի ամբողջական ցանկով՝ այս ամենը հայերեն և անգլերեն: Վերջերս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս օրհնությամբ, հրատարակության հանձնվեց նաև երկրորդ մատյանը՝ ՛՛Ժամագիրքը՛՛:


Տվյալ նախագծի իրականացման գործում այս տարիների ընթացքում ընդգրկված են եղել տարբեր ոլորտների շուրջ 700 մասնագետներ:
Այս նախաձեռնության գաղափարի հեղինակն է ՛՛Մշակութային վերածնունդ՛՛ հիմնադրամի հիմնադիր-նախագահ, բարերար Արթուր Ջանիբեկյանը:

Տվյալ ծրագիրը վիզուալիզացնելու նպատակով Ա. Ջանիբեկյանի մտահղացմամբ՝ որպես ծրագրի խորհրդանիշ ստեղծվեց ՛՛Հայկական ազգային երաժշտական գանձատուփը՛՛ Այն իրենից ներկայացնում է ձայներկիչ, որի մեջ զետեղված են ՛՛Հայկական ազգային երաժշտական գանձարան՛՛ ծրագրի շրջանակներում ներառված բոլոր նմուշները: Նախատեսված է գանձատուփը նվիրաբերել ՀՀ-ում պետական և հասարակական նշանակություն ունեցող կառույցներին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Մատենադարանին և աշխարհի տարբեր գիտահետազոտական, հասարակական հաստատություններին (ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ և այլն), ինչը հնարավորություն կտա աշխարհին հավուր պատշաճի ներկայացնել հայ ազգային երաժշտությունը, պատմական և մշակութային ժառանգությունը:

 

 

դիտվել է 5552 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Բերման ենթարկված Վահագն Գևորգյանը Սերժի նկարը պատուհանից դուրս է գցել (տեսանյութ)

Դրական փոփոխության հաստատ լինելու է

Ինչ է կատարվում Փեթակի տարածքում

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...