Երևան
23 / Նոյեմբեր / 2017

Հայաստանը վերջակետ է դնում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերսկսման հնարավորությունը, հայտարարել է, որ այս պահի դրությամբ բանակցություններում առաջընթացի հնարավորության ակնարկ անգամ չկա:
Նա նշել է, որ հնարավոր բանակցությունների թեմա կարող է լինել միայն ու միայն վստահության միջոցների ձեւավորումը, սակայն Ադրբեջանին այդ օրակարգը ձեռնտու չէ:
Շավարշ Քոչարյանը փաստացի վերջակետ է դնում Սարգսյան-Ալիեւ ձեւաչափով բանակցությունների 10-ամյա պատմության վրա:

Չնայած նա ասում է, որ Ալիեւին չի հաջողվի խուսափել հանդիպումից, սակայն եթե մոտ ժամանակներս առաջընթաց չլինի, հանդիպումներ կարող են պարզապես չլինել: 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը թողնում է նախագահի պաշտոնը, նույն թվականին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են կայանալու, հնարավոր է՝ անկանխատեսելի արդյունքով:


Բացի այդ, Սարգսյան-Ալիեւ 10 տարվա ժամկետի հետ միասին տարածաշրջանում ավարտվում է նաեւ պատմական մի մեծ փուլ, փոխվում են կոնֆիգուրացիաները եւ դիրքավորումները:
Դա արձանագրել է նաեւ Շավարշ Քոչարյանը, ով նշել է, որ Բաքուն բոլոր չափանիշներով հայտնվում է միջազգային ճնշման տակ՝ ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, այնպես միջազգային հանրության վերաբերմունքի մասով:
Նա ընդգծել է, որ 3-4 տարի առաջ Ադրբեջանի լոբբինգի արդյունքում Եվրոպայի խորհրդում ադրբեջանամետ բանաձեւեր էին ընդունվում: Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ-ում միանգամից երկու հակաադրբեջանական բանաձեւ է ընդունել:

«Նույնը վերաբերում է Ադրբեջանի սադրիչ գործողություններին կապված բանակցային գործընթացի հետ», - ասել է Շավարշ Քոչարյանը:

Նա նշել է, որ միջնորդները՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներից երեքը, տրամադրված են պատերազմ թույլ չտալու:
Այս պայմաններում Ադրբեջանը կամ կարող է ընդունել Հայաստանի եւ միջնորդների պայմաններն ու վստահության մթնոլորտ ստեղծել, այսինքն՝ արձանագրել ներկայիս սահմանները եւ անցնել բանակցությունների (չնայած դրանից հետո բանակցությունների իմաստ չկա), կամ էլ հրաժարվել գործընթացից: Դա, սակայն, ավելի շուտ կարող է հանգեցնել Արցախի միջազգային ճանաչման:
Հարցին, թե որն է բանակցությունների առարկան, Շավարշ Քոչարյանը պատասխանել է, որ վստահության մթնոլորտի ստեղծումն է:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Սոչիում մասնակցում էին ԱՊՀ գագաթնաժողովին, սակայն առանձին հանդիպում չեն ունեցել: Սարգսյանն ու Ալիեւը վերջերս Նյու Յորքում էին, եւ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում եւս չեն հանդիպել:

Ավելին, ՄԱԿ ամբիոնից ելույթներում նրանք հաստատել են կարգավորման հարցում մոտեցումների լիակատար հակադրությունը: Հայաստանը պնդում է խաղաղ ինքնորոշում, Ադրբեջանը խոսում է ուժով տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին:
Հայաստանի դիրքորոշումը համընկնում է միջնորդների մոտեցումներին:
Սոչիում գագաթնաժողովից մի քանի օր առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտն անսպասելի հայտարարել է ղարաբաղյան կարգավորման իր առաջնահերթությունների մասին՝ նշելով բացառապես Արցախի ականազերծումը, դիպուկահարների հետքաշումը, հետաքննության մեխանիզմների ներդրումը:

Տարածքների մասին խոսք չի եղել:
Ադրբեջանում նախագահի մակարդակով հայտարարում են, որ Արեւմուտքը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը նույն շարքում չի դասում ուկրաինականի, մոլդովականի եւ վրացականի հետ:

 

Հնարավոր է, Մոսկվան էլ, որը ժամանակին առաջ էր տանում տարածքային զիջումներ նախատեսող Լավրովի պլանը, ստիպված է եղել ճանաչել նոր դիրքավորումը: Այժմ Մոսկվան, հավանաբար, փորձում է բացատրել Ալիեւին, որ նա ստիպված է լինելու համակերպվել:

դիտվել է 81382 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Ինչպես է 70000-անոց մարզադաշտը մի քանի վայրկյանում հողին հավասարվում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ