Երևան
23 / Նոյեմբեր / 2017

Հայաստանի իշխանությունները թերագնահատում են սփյուռքահայության բազմաթիվ ռեսուրսները, լինեն դրանք նյութական, տնտեսական, մտավորական կամ մշակութային․Հարութ Սասունյան

Yelaket.am-ի հյուրը ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանն է։

-Պարո՛ն Սասունյան, Դուք Միացյալ Հայկական Հիմնադրամի հիմնադիրն ու նախագահն եք։ Հիմնադրամը գործո՞ւմ է այժմ։ Պատմեք մի փոքր հիմնադրամի այժմյան գործունեության մասին։ Ի՞նչ առաջնահերթ ծրագրեր կան, որոնց իրականացումը ինչ֊որ լուրջ դրական տեղաշարժեր կապահովի հայերի կյանքում։

-Միացյալ համահայկական հիմնադրամը փակվեց 2 տարի առաջ` վարչության որոշումով: Ես որոշեցի առանձին շարունակել մեր երկարամյա հումանիտար աշխատանքը, քանի որ գիտակցում եմ, թե որքան անհրաժեշտ է Հայաստանի և Արցախի ժողովրդի համար այն կյանք փրկող դեղորայքը, որ մենք ուղարկում ենք: Ուրեմն, ես հիմնեցի մի նոր բարեսիրական միություն, որի անունն է Հայաստան-Արցախ հիմնադրամ, որը շարունակում է նույն աշխատանքը: Ամեն տարի ուղարկում ենք մոտավորապես 25 միլիոն դոլարի օգնություն՝ մեծ մասամբ դեղորայք: Վերջին 28 տարիներին մենք Հայաստան և Արցախ ենք ուղարկել 770 միլիոն դոլարի հումանիտար օգնություն: Այժմ շարունակում ենք այդ աշխատանքը, սակայն առանց բարերարների մեր գործը դժվարանում է:

-Դուք բազմիցս նշել եք, որ Հայկական սփյուռքի դերը շատ մեծ է , բայց դրանով հանդերձ, այդ ռեսուրսը համաչափ չի օգտագործվում Հայաստանում։ Ըստ ձեզ՝ ո՞րն է դրա պատճառը։

-Պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունները թերագնահատում են սփյուռքահայության բազմաթիվ ռեսուրսները, լինեն դրանք նյութական, տնտեսական, մտավորական կամ մշակութային։

-Մենք ունենք շատ անվանի, աշխարհահռչակ հայեր, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում արտերկրում, և նրանց կարծիքն ու խորհուրդները երբեմն մեծ ազդեցություն են ունենում այլ երկրների իշխանությունների վրա, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է նրանց դերը Հայաստանում ավելի պասիվ, ինչո՞ւ նրանք նաև Հայաստանում չեն փորձում ինչ֊որ բան փոխել։

- Նրանց պետք է Հայաստան հրավիրել և խորհրդակցել թե իրենք ինչ կարող են անել հայրենիքի համար: Ներկայումս նրանց անտեսում են։

-Թուրքիան մի առիթով ասել է, որ եթե չլիներ Առաջինին համաշխարհային պատերազմը, գուցե չլիներ նաև Հայոց ցեղասպանությունը։ Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքը։

-Այո՛։ Առաջին համաշխարհային պատերազմը լավագույն առիթն էր թուրք ղեկավարների համար, որ բնաջնջեին հայերին, երբ մյուս երկրները պատերազմի ընթացքում զբաղված էին իրենց գոյության հարցերով, ինչպես որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան առիթը օգտագործեց հրեաներին բնաջնջելու համար:

-Մինչև այժմ էլ կան շատ պետություններ, որոնք ուղղակի հրաժարվում են հայերի ջարդը ցեղասպանություն որակելուց։ Դիվանագիտական տեսանկյունից ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել խնդրի վերջնական լուծման համար։

-Մենք չենք կարող աշխարհի բոլոր երկրներին հավիտյան հետապնդել, որ ճանաչեն ցեղասպանությունը: Նույնիսկ հրեական ցեղասպանությունը չի ճանաչվել բազմաթիվ երկրների կողմից: Մեր ճիգերը պետք է կենտրոնացնենք արդար հատուցման համար և մեր հողերի վերադարձը պահանջենք Թուրքիայից՝ միջազգային դատարաններ դիմելով:

-Խոսելով Հայաստան֊Սփյուռք կապի մասին կասե՞ք խնդրեմ, արդյո՞ք ամենամյա հեռուստամարաթոնից, բարեգործական նպատակով կազմակերպված տարբեր միջոցառումներից զատ, սփյուռքը որևէ պատասխանատվություն կրո՞ւմ է Հայաստանի համար։

-Անշուշտ: Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, որտեղ էլ ապրեն:

-Դուք Հայաստանից դուրս գործունեություն եք ծավալում և հայանպաստ քաղաքականություն եք իրականացնում, ինչը անշուշտ երախտիքի է արժանի, իսկ երբևէ չե՞ք մտածել Հայաստանում մշտական բնակություն հաստատելու և հայաստանյան կյանքին արդեն ներսից մասնակից լինելու մասին։

- Շատ կուզենայի Հայաստան փոխադրվել և ծառայել հայրենիքին: Դժբախտաբար, կնոջս և երեք չափահաս զավակներիս հետ եթե փոխադրվեմ Հայաստան, վստահ չեմ, որ կկարողանամ ընտանիքիս ապրուստը ապահովել. քաջալերում եմ նրանց, որ կարող են Հայաստան փոխադրվել: Իսկ նրանք, ովքեր չեն կարող` սփյուռքից պետք է օգտակար լինեն իրենց հայրենիքին, ինչպես անում են միլիոնավոր հրեաներ, որոնք Իսրայելում չեն ապրում:

Պատրաստեց Քրիստինե Ասատրյանը

դիտվել է 9523 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Ինչպես է 70000-անոց մարզադաշտը մի քանի վայրկյանում հողին հավասարվում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ