Երևան
26 / Սեպտեմբեր / 2018

Արտառոց դեպք Մասիսի զինկոմիսարիատում

Forrights.am.  Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Սուսաննա Առաքելյանը արդեն 3-րդ տարին է պայքարում է, որպեսզի հիվանդ որդուն բանակ չզորակոչեն: 20 ամյա Աբրահամ Առաքելյանը լրջագույն առողջական խնդիրներ ունի: Աբրահամին չեն զորակոչում, բայց միևնույն ժամանակ չեն ազատում զինվորական ծառայությունից:
«Ես ամեն անգամ զինկոմիսարիատում ասում եմ՝ երաշխիք տվեք, որ իմ երեխուն ոչինչ չի լինի, ուղարկեք թող գնա, ես համաձայն եմ:

Չեն գրում և որևէ երաշխիք չեն տալիս», ասում է հուսահատ մայրը:
Սուսաննա Առաքելյանի երեք որդիներից երկուսը ծառայել են բանակում, միջնեկ որդին՝ Սարգիսը, ապրիլյան պատերազմի օրերին կամավոր է մեկնել սահման, հերոս է, պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով:

Մայրը դեմ չէ, որ երրորդ որդին էլ ծառայի, բայց մի շարք բժշկական հետազոտություններ փաստում են, որ որդու հիվանդություններն անհամատեղելի են զինվորական ծառայության հետ:
Նախքան զորակոչի տարիքը՝ 2013 թվականին Աբարահամ Առաքելյանը հիվանդացել է մինինգիտով: Դրա հետևանքով նրա մոտ ներգանգային ճնշում է առաջացել, ինչի մասին հետագայում են իմացել: Տղան նաև սեռական օրգանների հիվանդություն ունի, վիրահատվել է, բայց հիվանդությունը խրոնիկ է:
«Էրեբունի հիվանդանոցում 2013-ին մինինգիտ հայտնաբերվեց:

Բուժումներից հետո բժիշկը որոշեց, որ վեց ամիսը մեկ անգամ նույն դեղորայքով բուժումը պետք է կրկնել: Հիվանդությունից հետո երեխայիս մոտ անընդհատ գլխացավեր ու սրտխառոնց է լինում: Շոգ օրերին չի կարողանում երկար կանգնել արևի տակ, ուշագնաց է լինում: Նույնը կրկնվում է ցուրտ եղանակին»,- որդու վիճակը ներկայացրեց մայրը:
Սուսաննա Առաքելյանը երեք բողոք-նամակ է ուղղել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որոնք բոլորն էլ մակագրվել են գլխավոր զինկոմիսարին, ստացվել է պատասխան, որ որդին պետք է ծառայի:
«Ես ասում էի՝ իմ որդին հիվանդ է, բուժեք՝ նոր տարեք»,- բողոքում է մայրը:
Իսկ ահա Հանրային խորհուրդը, ուր դիմել է մայրը, որոշել է, որ տղային պետք է տարկետում տալ, չզորակwչել, մինչև գլուխը կստուգեն, իսկ սեռական օրգանների հիվանդության համար վիրահատության կենթարկեն: Հանրային խորհրդի այդ որոշումը Մասիսի զինկոմիսարիատից ուղարկվել է զորակոչային գլխավոր հանձնաժողով, որտեղ էլ այն չեղյալ է համարվել: Զարմանալին այն է, որ այս ընթացքում Աբրահամին բանակ չեն զորակոչել:
«Գլխավոր զինկոմը գրում էր՝ պիտանի է զորակոչի, ուղարկում Մասիսի զինկոմիսարիատ, իսկ Մասիսի զինկոմիսարիատը գրում էր՝ խուսափում ու գործն ուղարկում էր Քննչական կոմիտե: Որդուս չէին տանում բանակ, որովհետև իրենք գիտեին, որ մենք ճիշտ ենք, որ իմ երեխան առողջական խնդիրներ ունի»,- ասում է մայրը:
Սուսաննա Առաքելյանը փորձել է արդարություն «վերևներում» փնտրել, նամակով դիմել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վերջինիս գրությամբ հանձնարարվել է ուղեգիր տալ Աբրահամին՝ սեռական օրգանների վիրահատության համար:

«Վիրահատությունից առաջ Հանրապետական հիվանդանոցում նյարդաբանը որդուս ուղարկեց ստուգման, եզրակացությունը՝ ունի ներգանգային ճնշում: Բժիշկն ասաց՝ ես իրավունք չունեմ իրեն այս վիճակով նարկոզ տալ: Երեխան ասեց, որ ստամոքսն էլ է ցավում, ուղարկեցին զոնդավորման, պարզվեց, որ ունի թարախային բլթեր»,- պատմեց մայրը:
Այդուհանդերձ Աբրահամին վիրահատել են և բժիշկն արձանագրել է, «պալպատոր ամորձապարկի ձախ կեսում ձախ սպերմալարի երկարությամբ հայտնաբերվել է ողկույզանման գոյացություն»: Այսինքն՝ խնդիրը դեռևս առկա է:
2016 թվականի վերջին, այս անգամ վարչապետ Կարեն Կարապետյանի գրության հիման վրա Առողջապահության նախարարության հանձնարարությամբ Աբրահամ Առաքելյանը նորից բուժզննման է ենթարկվել:

«Պարզվել է, որ երեխաս ունի ներգանգային ճնշում, որը կարող է նրա աչքի տեսողության վրա ազդել: Այս թուղթը մտավ գլխավոր հանձնաժողով, այնտեղի նյարդաբանը թուղթը նայեց, ասաց՝ տղա ջան, եթե գրել են պիտանի ես, ուրեմն պիտանի ես, և պիտանի ճանաչեց ծառության՝ սահմանափակումով: Բայց սահմանափակումով ծառայություն հասկացություն չկա մեր բանակում»,-ասում է մայրը:
2016 -ի դեկտեմբերին Մասիսի զինկոմիսարիատից նույն նյարդաբանը՝ Բելլա Խաչատրյանը, Աբրահամին ուղարկել է ստուգման, և դեկտեմբերի 12-ին Մասիսի զինկոմիսարիատը որոշել է, որ Աբրահամ Առաքելյանը պիտանի չէ զորակոչի: Սակայն, մոր խոսքով, սրան հաջորդել է մեկ այլ որոշում, որ նա պիտանի է:
Սրան զուգահեռ Աբրիահամին մի քանի անգամ բերման է ենթարկել ոստիկանությունը: Տարել են Մասիսի զինկոմիսարիատ, այնտեղից էլ Եղեգնաձորի քննչական բաժին:
«Ես քննիչներին էլ եմ ասել, որ չեմ խուսափում ծառայությունից: Թող բուժեն, ես կգնամ ծառայության:

Ես չեմ խուսափում ծառայությունից, ինչպես իմ եղբայրները չեն խուսափել: Երկրորդ անգամ երբ բերման ենթարկեցին, քննիչն ասաց՝ տղա ջան, դու ազատված ես բանակից: Ասացի՝ եթե ազատված եմ, տվեք թուղթը, ասաց՝ մենք չենք որոշողը, գլխավոր հանձնաժողովն է որոշում»,- պատմեց Աբրահամը:
Փաստաբան Հայարփի Սարգսյանը զինակոչիկի գործում մի շարք խախտումներ է արձանագրում: Փաստաթղթերում նշված է, որ Աբարահամը չի ներկայացել զինկոմիսարիատ, սակայն Աբրահամը և նրա ընտանիքը պնդում են, որ ծանուցումներն ուշ են հասել:
«Այսինքն՝ նա զրկվել է նշված ժամկետում ներկայանալու հնարավորությունից: Իրենք էլ հիմք են ընդունում այդ հանգամանքը, առիթից օգտվում են ու քրեական գործ հարուցում, նորից դատաբժշկական փորձաքննություն են նշանակում, համոզվում են, որ նա առողջական խնդիրներ ունի, տարկետում են տրամադրում և հարուցված քրեական գործը կարճում են հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ», պարզաբանում է փաստաբանը.

«Գործի նյութերում առկա է բժշկական փաստաթուղթ, որով Աբրահամ Առաքելյանը պետք է ազատվի բանակից, քանի որ պիտանի չէ ծառայության համար: Դա 2016 թվականի դեկտեմբերի 12-ին Մասիսի զինկոմիսարիատի կողմից տրված եզրակացությունն է: Այստեղ նշված է՝ պատվեր 4333, դա նշանակում է, որ Պաշտպանության նախարարությունն է նման եզրակացություն տվել: Ըստ այդմ՝ պաշտպանության նախարարի թիվ 410 հրամանի հոդված 11բ կետով նա պիտանի չէ ծառայության», ընդգծեց Հայարփի Սարգսյանը:
Նրա խոսքով՝ վերջին որոշումն Աբրահամ Առաքելյանի նկատմամբ կայացվել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին, որի համաձայն՝ քրեական գործով վարույթը կարճվել է, և քրեական հետապնդումը դադարեցվել է նույն այն հիմքով, որով գործը պարբերաբար հարուցվում ու մերժվում էր: Այսինքն՝ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Ըստ փաստաթղթերի՝ երկու անգամ դատաբժշկական ու ռազմաբժշկական համալիր փորձաքննության է ենթարկվել Աբարահամ Առաքելյանը, մեկը 2015 թվականի հոկտեմբերի և մյուսն այս տարվա մարտին: Ըստ վերջին համալիր փորձաքննության՝ նրան մեկ տարի տարկետում է անհրաժեշտ՝ իր առողջական խնդիրները լուծելու համար: Դա էլ հիմք է ընդունվել, և քրեական գործը կարճվել է:
«Այս գործում խախտումներն ակնհայտ են:

Մի շարք բժշկական փաստաթղթեր կան՝ կապված Աբրահամ Առաքելյանի առողջական վիճակի հետ, կա նաև եզրակացություն, որտեղ նշված է, որ նա պիտանի չէ ծառայության համար: Եվ նման պայմաններում տարօրինակ է, որ նրան պարբերաբար կանչում են հետազոտությունների:

Նրանց գործողությունները տարօրինակ են, կարծում եմ՝ սա հետապնդում է այդ տղայի նկատմամբ: Նրա նկատմամբ պարբերաբար անհիմն քրեական գործեր են հարուցվել, ես սա ասում եմ՝ հիմնվելով իմ ձեռքի տակ եղած փաստաթղթերի վրա»,-ընդգծեց փաստաբանը:
Հայարփի Սարգսյանը կասկածներ ունի, որ միգուցե «վերևներում» տեղյակ չեն, թե Մասիսի զինկոմիսարիատը ինչ կամայական գործողություններ է իրականացվում Աբրահամյանների նկատմամբ:
Մասիսի զինկոմ Գնել Մանուկյանը մեր հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ այս տարիների ընթացքում Աբարահամ Մանուկյանին չեն զորակաչել բանակ, պատասխանեց.
«Իր գործերը քննչականում են, Քննչական կոմիտեի որոշումից հետո նոր մենք պետք է որոշում կայացնեինք՝ իրեն զորակոչենք, թե ոչ:

Հիմա գործը կարճած ստացել ենք, հաջորդ զորակոչին հարցը կլուծվի՝ կամ այս կողմ, կամ այն կողմ»:
Զինկոմը նաև հարցադրում արեց՝ ո՞վ է ասում, որ Աբրահամ Մանուկյանը ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններ ունի:

 

Երբ նրան հիշեցրինք, որ բժշկական հետազոտությունների փաստաթղթերն են դա փաստում, նա պատասխանեց.

«Դուք մասնագե՞տ եք, կարողանում եք որոշել՝ ինքը պիտանի է ծառայության, թե ոչ: Էդ երեխու մասին որոշում կայացնողը ես չեմ, բժշկական հանձնաժողովն է: Իրենք ոնց կորոշեն, ընենց կանենք»:
Ի դեպ, զինկոմ Գնել Մանուկյանն ագրեսիվ էր տրամադրված Աբրահամ Առաքելյանի,նրա ծնողների նկատմամբ, անգամ նրանց հասցեին վիրավորական խոսքեր ասաց: Նա խուսափեց լիարժեք պատասխանել մեր հարցերին:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այս դեպքն արտառոց է համարում՝ երեք տարի շարունակ հիվանդ տղային տառապանքներ են պատճառվել: Նա արձանագրում է զինկոմի կամայական մոտեցումը լրջագույն հիվանդություններով տառապող զինակոչիկի նկատմամբ:
«Եվ կամայական մոտեցումը սկսվում է հենց զինկոմիսարիատից ու զինկոմից: Ամեն զորակոչին ոստիկաններ է ուղարկում հիվանդ երիտասարդին բերման ենթարկելու, այն հիմնավորմամբ, որ նա խուսափում է ծառայությունից:

Բայց նա երբեք չի խուսափել, չի բացակայել իր գյուղից ու տանից և այս մասին զինկոմը լավ տեղյակ է: Այս իրավիճակը ցույց է տալիս ՊՆ անտարբերությունը հիվանդ զինբակոչիկների ճակատագրի և վերահսկողության բացակայությունը զինկոմիսարիատների նկատմամբ»:

դիտվել է 130418 անգամ

«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար»

Երևանի կտրուկ պատասխանը Բաքվի ռազմատենչությանը

Ես եմ գաղտնալսել, լոպազանում էիր` կբռնես կբերես․ դե ինձ բերեք․ Վահե Ավետյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են