Երևան
23 / Նոյեմբեր / 2017

Երեւանի նոր քաղաքապետը

Հայկական միակ ուրախությունը
Վրաստանում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրության արդյունքով Թբիլիսիի քաղաքապետ է դարձել իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուն՝ Կախա Կալաձեն, ով այդ պաշտոնին հավակնելու համար հրաժարական էր տվել էներգետիկայի նախարարի պաշտոնից:

Կախա Կալաձեն նախկին ֆուտբոլիստ է, որը խաղում էր աշխարհահռչակ իտալական Միլան ակումբում, ընդ որում այն տարիներին, երբ ակումբը համաշխարհային ակումբային ֆուտբոլի առաջատարներից էր, գերակումբներից: Կալաձեն այդ առումով նաեւ վրացական ֆուտբոլային երազանքն էր:
Կարիերան ավարտելուց հետո Կախա Կալաձեն մտավ քաղաքականություն, եւ ինչպես երեւում է՝ առայժմ բավական հաջող:

Վրացական եւ եվրոպական ֆուտբոլի աստղի այդ հաջող կարիերան առաջացնում է հայկական իրականության հետ համեմատության գայթակղություն:
Հայկական ֆուտբոլի երազանքը, կամ ինչպես Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը կասեր՝ Հայաստանի հասարակության միակ ուրախությունը Հենրիկ Մխիթարյանն է, որը խաղում է մեկ այլ համաշխարհային գերակումբ Մանչեսթեր Յունայթեդում:
Մխիթարյանը դեռեւս հեռու է իհարկե կարիերան ավարտելու սահմանից, սակայն նաեւ ամենեւին երիտասարդ չէ եւ ավելի մոտ է կարիերայի ավարտին: Մխիթարյանը աչքի է ընկնում ոչ միայն իր խաղով, այլ նաեւ մտավոր կարողություններով, նա կարդում է, խոսում է մի քանի լեզուներով, կարողանում է ձեւակերպել մտքերը՝ ինչը հայկական թե ֆուտբոլի, թե մարզաշխարհի համար հազվադեպ իրողություն է: Ավելին, դա նույնիսկ հայկական քաղաքականության համար է հազվադեպ իրողություն:

Ավելորդ է խոսել այն մասին, որ նա հայկական քաղաքականության մեջ բացառիկ ու անհասանելի կլինի իր հեղինակությամբ, հանրային վարկանիշով: Կասկած չկա, որ եթե Մխիթարյանն առաջադրվի Երեւանի քաղաքապետի պաշտոնում, ապա նրա ընտրությունը, ընդ որում իսկապես ընտրությունը, կարող է լինել գրեթե երաշխավորված:
Իհարկե կա մի խնդիր. Մխիթարյանին թերեւս այդ դեպքում հարկ կլինի անդամակցել իշխող կուսակցությանը, քանի որ հակառակ դեպքում նա կարող է բավական հաջող ֆուտբոլային կարիերայից հետո անել անհաջող քաղաքական կարիերա, մոտավորապես այնպես, ինչպես Հայաստանի հավաքականում, որտեղ Մխիթարյանը հայտնվում է հիմնականում պարտվողի դերում:

Իսկ ահա իշխող կուսակցությունում հայտնվելը Մխիթարյանի համար կարող է առաջացնել խնդիրներ: Եվ ոչ միայն հանրային հեղինակության մասով: Այն, որ դա լուրջ խնդիր է, վկայեց շաբաթներ առաջ նրա պարգեւատրումը, երբ նա պարգեւ ստացավ Սերժ Սարգսյանից: Դա վերածվեց նրա դեմ սոցցանցային արշավի: Կարելի է պատկերացնել, թե ինչ է սպասում Մխիթարյանին իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու լինելու դեպքում:

Առավել եւս, որ նրա դեմ այդ հնարավոր արշավին ոչ միայն կմիանան, այլ գուցե արշավը հենց նախաձեռնեն իշխող կուսակցության ներկայացուցիչները, որոնք հավակնում են նույն Երեւանի քաղաքապետի պաշտոնին, սկսած իհարկե գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանից:

Մարգարյանն արդեն իսկ ներկայում ունի խնդիրներ: Նա ակնհայտորեն այլեւս չի տեղավորվում Սերժ Սարգսյանի պլաններում, եւ Սարգսյանը նկատելիորեն փորձում է նրան դուրս մղել Միհրան Պողոսյանի միջոցով, «սեպը սեպով հանելու» տարբերակով:
Բայց, դատելով Սարգսյանի ոճից, նաեւ շատ հավանական է, որ նա այդպիսով ճանապարհը բացում է բոլորովին այլ՝ մի երրորդ լուծման համար: Ու քանի որ Հայաստանի իշխանությունը ներկայում մտել է վերադասավորումների մի փուլ, որն ըստ ամենայնի կձգվի բավական երկար, ապա ամենեւին բացառել պետք չէ, որ Սերժ Սարգսյանի պլաններում կա «վրացական երազանքի» հայկական տարբերակը «կերտելը»:

http://www.lragir.am/index/arm/0/society/rss/163230

դիտվել է 32297 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Ինչպես է 70000-անոց մարզադաշտը մի քանի վայրկյանում հողին հավասարվում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ