Երևան
23 / Նոյեմբեր / 2017

Թումանյանի վերաբերմունքը կենդանիների նկատմամբ

Մահաթմա Գանդի.«Ազգի վեհության և նրա բարոյական առաջընթացի մասին կարելի է դատել այն բանից, թե ինչպես է նա վարվում կենդանիների հետ»։
Կան բազմաթիվ վկայություններ, ինչպես Թումանյանի, այնպես էլ նրա հարազատների ու ընկերների, որ պատանի բանաստեղծը լավ որսորդ է եղել, լավ հրացանաձիգ ու նշան խփող։ Եվ այդ զբաղմունքը նրան մեծ զվարճություն էր պատճառում։ Ահա այդ վկայություններից մի քանիսը։

Ավ. Իսահակյանը Թումանյանի մասին գրել է. «Ինքը՝ Օհանեսը, քաջ մարդ էր, լավ հրացանաձիք, որսկան» ։
Ան. Աբովյան. «Մի առավոտ որսի գնացինք։ Թումանյանը հմուտ որսորդի շնորհք ուներ, —բաց դաշտում օդի մեջ թռչելիս մի քանի թռչուն խփեց»։
Թումանյանի դուստրը՝ Ն. Թումանյանն իր հուշերում գրում է.«Հայրիկը պատանի ժամանակ լավ որսորդ է եղել, լավ հրացանաձիգ, նշան խփող» ։

Թումանյանը 1891թ. Հուլիսի 20–ին կնոջը՝ Օլգա Թումանյանին գրած նամակում ասոմ է՝ «Ամեն օր որս եմ գնում. այսօր էլ մի վայրենի բադ եմ սպանել» ։ Նույն՝ 1891թ. Օգոստոսի 7–ին կնոջը գրում է.«Որսս հաջող է լինում, արդեն մի դյուժինը լրացրի այսօր, մանր ճնճղուկները չեմ հաշվում»։ 1895թ. Սեպտեմբերի 27–ին ընկերոջը՝ Փ. Վարդազարյանին գրած նամակում ասում է՝ «Մի լավ ամենօրյա զվարճություն ունեմ՝ այդ որսորդությունն է»։
Թումանյանը որսորդություն սիրելուց բացի նաև քեֆերի մեծ սիրահար էր, ու Թիֆլիսում նա հայտնի էր նաև որպես Ամենայն Հայոց Թամադա……
Մեր ուսումնասիրության արդյունքում տեսանք բանաստեղծի կյանքում և ստեղծագործության մեջ արմատական փոփոխություն–առաջընթաց կենդանիների նկատմամբ ունեցած վերաբերմունքի հարցում. «ամենօրյա զվարճությունից» մինչև ձկնորսության և որսորդության դատապարտում ու անիծում և կենդանասիրություն։ Մեզ համար կարևոր է ոչ միայն Թումանյանի ոգու և գիտակցության աճի (էվոլյուցիայի) փաստն արձանագրելը, այլ նաև այն պայմանների ու գործոնի բացահայտումը, որոնք նպաստեցին այդ աճին։

Ռուս գրող և փիլիսոփա Ե. Պ. Բլավատսկայան 1875թ. հիմնադրեց Համաշխարհային Թեոսոֆիական Ընկերությունը, որի գլխավոր նպատակներից մեկը Արևմուտքին Արևելքի էզոթերիկ փիլիսոփայության հիմքերի հետ ծանոթացնելն էր։ Х1Х դարի վերջում և ХХ դարի սկզբում աշխարհով մեկ տարածվող թեոսոֆիական շարժումը անցնելով Ռուսաստան, հասավ նաև Թիֆլիս։

Թումանյանն իր «Գրողի նամակները» հոդվածում խոսելով գրողի վրա ազդեցություն ունեցող, ներշնչող ու ոգևորող մի շարք գործոնների մասին, նշում է նաև «ժամանակակից մտավոր ու կուլտուրական հոսանքի ազդեցությունը» ։ Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Թումանյանի վրա ազդեցություն ունեցած ժամանակակից մտավոր հոսանքն էլ հենց թեոսոֆիական շարժումն էր, որի հիմնադիր Ե. Պ. Բլավատսկայան ասել է՝ «Չէ որ մենք աշխատել ենք…որպեսզի մեզ համար թանկագին ուսմունքը ազդեցություն գործի այս դարի մտքի վրա և այն առաջ մղի»։ Այդ ազդեցության շնորհիվ է, որ Թումանյանը ծանոթացավ Արևելքի էզոթերիկ փիլիսոփաության, բուդդայականության, հինդուիզմի, յոգայի փիլիսոփայության հետ, ինչն էլ մեծ դեր ունեցավ նրա աշխարհայացքի ձևավորման գործոմ, և դա, իհարկե, դրսևորվեց նրա կյանքում և ստեղծագործության մեջ։ Եթե 1900թ. Սեպտեմբերի 27–ին Թումանյանն ընկերոջը՝ Փ. Վարդազարյանին գրած նամակում ասում է՝ «Բանաստեղծությունը փիլիսոփայություն հո չի», ապա ընդամենը երկու տարի անց՝ 1902թ. հուլիսի 29–ին նույն ընկերոջը գրած նամակում ասում է՝«գիտես, ես էլ հետզհետե փիլիսոփայությունն եմ սիրում»։ Իսկ ավելի ուշ գրում է՝«Քիչ բանաստեղծներ կան, որոնց մեջ միտքն ու սիրտը իրար ներդաշնակ լինեն, որ կյանքի փիլիսոփայությունն ու բանաստեղծությունն իրար գցեն»։ Կամ՝«Արևելցի պիտի լինել–լայնորեն ու ամբողջովին նվիրվել փիլիսոփայական մտքերի»։

Թումանյանն ասաց և որոշակիորեն կողմնորոշվեց՝ «Դեպ Արևելքն աստվածային–հայրենիքը իմ հոգու», դեպի այն Արևելքը, որը՝ «մարդը հասցրել է աստծուն, տիեզերքին։ Աթմանին խառնել»։ Եվ նա խոստովանում է՝ «ես իմ ողջ էությամբ ապրում եմ մարդկային կյանքից ավելի մեծ կյանքով» ։ Իսկ այդ մեծ կյանքով ապրող մարդու մեջ ոչ միայն «արմատանում, զարգանում ու ծավալ է առնում ալտրուիզմի՝ այլասիրության լայն զգացմունքը, որ առաջնորդում է դեպի հանրամարդկային եղբայրությունը», այլև՝ «նրա մեջ հետզհետե որոշվում, շեշտվում ու հաստատվում է կենդանասիրության խոր ու վսեմ զգացմունքը, որ տանում է դեպի տիեզերական մեծ կյանք»(«Դեպի մեծ կյանք»)։
1909թ. Հուլիսի 9–ին բանաստեղծը Մարիամ Թումանյանին ուղղված նամակում գրել է.«Վերջին ժամանակները, դեռ անցյալ տարի պատմել եմ Ձեզ, ինձ սաստիկ զբաղեցնում է կենդանիների ու բույսերի կյանքը. ես արդեն նրանց այնպես եմ նայում, որպես մարդուն՝ կենդանի ու բանական արարած։ Եվ ի՜նչ լավ է, որ այսպես է» ։

Կտրուկ( ավելի ճիշտ՝ արմատապես) փոխվեց Թումանյանի վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։ Ե. Պ. Բլավատսկայան «Есть ли душа у животных?» հոդվածում գրում է.«Ձկնորսությունը և որսորդությունը՝ քաղաքակիրթ կյանքի առավել հրապուրիչ «հաճույքները», իհարկե, հանդիսանում են առավել դատապարտելի գաղտնագիտական փիլիսոփայության տեսակետից, և առավել մեղսական այն կրոնական համակարգերի հետևորդների աչքում, որոնք ուղղակի առնչություն ունեն էզոթերիկ դոկտրինայի հետ, այսինքն՝ հինդուիզմի և բուդդայականության»։

Այն, որ Թումանյանի համար էլ դատապարտելի են դառնում ձկնորսությունն ու որսորդությունը, երևում է նրա «Եղջերուն»(1909) ստեղծագործության հետևյալ տողերում՝ «մին որսկանությունը, մին էլ ձկնորսությունը, երկուսն էլ անիծած են։ Հնուց գրած նզովք ա, որ որսկանի ու ձկնորսի փորը կշտանա ոչ»։
Թումանյանի մեծ կյանքի կենդանասիրական զգացմունքներն ու դրսևորումներն արտահայտվել են նրա մի շարք ստեղծագործություններում՝ «Եղջերուի մահը», «Մայրը», «Պառավ ձին»(թարգմանություն Լև Տոլստոյից), «Արծիվը», «Զատկի առիթով», «Երազումըս մի մաքի», «Մի հավք զարկի ես մի օր»։

Կարելի է ասել, որ նրա կենդանասիրությունը փոխանցվել է նաև իր զավակներին։ Ն. Թումանյանն իր հուշերում պատմում է մի հետաքրքիր դեպք. «Սիրում էր տանը կենդանիներ պահել։ Հիշում եմ, հորեղբայրս գյուղից եղնիկ էր բերել, որին բոլորս սիրում էինք, գուրգուրում, խնամքով պահում։ Եղնիկը դուրս էր գալիս Վերնատան պատշգամբը, կարոտով նայում դիմացի սարերին։ Հետո եղբայրս՝ Մուշեղը, եղնիկին տարավ Շուլավեր և բաց թողեց անտառում»։ Հայտնի է նաև, որ Թումանյանի որդիներից մեկը՝ Արեգը, «տոլստոյական» էր, միս չէր ուտում՝ կենդանիներին մորթելը համարելով մահացու մեղք։ Թումանյանը ռուս մեծ գրող և մեծ մտածող–փիլիսոփա Լև Տոլստոյի մասին գրել է. «Նա գրում էր թե մեծերի և թե փոքրերի համար, որ մարդը ոչ միայն իր նման մարդուն պիտի սիրի ու խղճա, այլև անասուններին– ամեն շունչ կենդանու։ Ահա նրա այդպիսի մանկական գրվածքներից մեկն է «Պառավ ձին»»։


Բանաստեղծի ժամանակակիցներից մեկը՝ Ս. Քամալյանն իր հուշերում հիշատակում է քննարկվող թեմայի վերաբերյալ Թումանյանի խոսքը. «Ուզում եմ փոխել թե կենցաղիս կերպը և թե կերակուրների տեսակը։ Մեր գեղացիք կերակրվել են կաթով, մածնով, ես էլ զոռ էի տալիս մսին ու գինուն. Դսեղցին ով, գինին ով, այ ինչ լավ եք արել, որ գինի չեք գործածում, ասում են՝ միս էլ չեք ուտում։ Հաստատ վճռել եմ ամենևին միս ու գինուց ձեռք քաշել, ձեզ պես հետևել Տոլստոյի ապրելաձևին, պարզ լինել թե հագուստի և թե ուտեստի մեջ»։

Իսկ այժմ «Երազումըս մի մաքի» քառյակի գրելու պատմության մասին։ Հ. Թումանյանի հետ Ջալալօղլիում սովորած և հետագայում էլ նրա հետ մտերմացած Ան. Աբովյանի պատմությունից(Գր. Հակոբյան. «Հոգեհարազատ ընկերոջ պատմածից», «Ավանգարդ», 27.02.1969)։
«Մի օր, կարծեմ ութ թվականին էր… Օհանեսն եկավ մեր տուն, թե՝ Անուշո ջան, եկել եմ, որ ինձ տանես ձեր գեղի ծերերի մոտ, տեսնեմ ի՞նչ հեքիաթ, ի՞նչ ավանդություն գիտեն, որ պատմեն, գրի առնեմ։ –Այ տա,–ասացի նրան,– հազարից մին եկել ես, նստի, վեր կենամ, գառ մորթեմ, քեֆ անենք…Իսկ նա թե՝ ոչ մի գառ, ոչ մի բան։ Ես էստեղ չեմ եկել, որ մի գառի կյանքին վայիսն ըլնեմ…Երբ տուն հասանք, գառն արդեն մորթված էր, խորովածը պատրաստ։ Ու մի ոչխար, արյան հոտն առնելով, բառաչում էր։
–Երևի էդ ոչխարի գառն են մորթել, հա,–հարցրեց Օհանեսը, խորովածի հոտն առնելով։
–Հա, դրա գառը կլինի,– ասացի ես։

–Հլա մի էստեղ նայի ու լավ մտածի։
Ես նայեցի Օհանեսին։ Նրա դեմքը դառնացած էր։
–Էդ ոչխարի զավակը՝ գառը մորթել են, որ մենք ուտենք, քեֆ անենք և ուրախանանք։ Հլա մի տես, թե էն անասունի սիրտը ոնց ա մղկտում ու քրքրվում…Բա էդպիսի քեֆը մարդու ջանին կնստի՞…
Լավ չեմ հիշում, ինչքան ժամանակ անց, մի անգամ Օհանեսն ինձ ասաց, թե էդ ոչխարի բառաչը երբեք չի մոռացել ու դրա ազդեցության տակ գրել է հայտնի քառյակը.
Երազումըս մի մաքի
Մոտըս եկավ հարցմունքի.
Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի։

Հիշենք նշանավոր գիտնական–թումանյանագետ, ակադեմիկոս Էդ. Ջրբաշյանի խոսքը Թումանյանի մասին. «Նրա գրչի տակից դուրս եկած ամեն մի տող բխել է միայն և միայն հարազատ ժողովրդի հոգևոր հարստացման վսեմ ձգտումից, նրա ներկայի և ապագայի նկատմամբ ազնիվ մտահոգությունից»(«Գրական թերթ», 3.11.1989)։

Վստահաբար կարելի է ասել, որ կենդանիների նկատմամբ ունեցած վերաբերմունքն արտահայտող Թումանյանի ստեղծագործությունները նույնպես բխել են «միայն և միայն հարազատ ժողովրդի հոգևոր հարստացման վսեմ ձգտումից, նրա ներկայի և ապագայի նկատմամբ ազնիվ մտահոգությունից»։

Հրայր Ուլուբաբյան

 

դիտվել է 2315 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Ինչպես է 70000-անոց մարզադաշտը մի քանի վայրկյանում հողին հավասարվում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ