Երևան
23 / Նոյեմբեր / 2017

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ամերիկահայերը գիտեին, որ իրենք մեծ հաղթանակ են տարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, երբ Տեխասը դարձավ ցեղասպանությունը ճանաչած 46-րդ նահանգը: Սակայն նրանք չէին գիտակցում, որ Տեխասի ճանաչումը կործանարար ազդեցություն է ունեցել այդ նահանգում թուրքական համայնքի լոբբիստական ջանքերի վրա:

Turkishnews.com-ում հրապարակված մի հոդվածում դոկտոր Ֆերուհ Դեմիրմենը բացահայտեց հուսահատության այն աստիճանը, որ ինքն ու իր թուրք ընկերները ունեցել են Տեխասում, երբ նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2017 թ. մայիսի 19-ին: Շատ հաճախ չենք հանդիպում թուրք լոբբիստի, որն ընդունում է հայ համայնքի կողմից իրենց ջախջախիչ պարտությունը:

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար Դեմիրմենը սկզբում մեղադրում է իր թուրք ընկերներին՝ «թուրքական անտարբերության և պասիվության տարիների համար, համադրված հայկական ագրեսիվությամբ ու արևմտյան նախապաշարմունքներով»: Նա նաև ընդունում է Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի ակտիվությունը՝ «քաղաքային խորհրդարանի հանդիպումներում հայ ակտիվիստների մասնակցությամբ շրջայցեր կազմակերպելու, նահանգի ընտրված պաշտոնատար անձանց հերթով» այցելելու և «Դալասում, Օսթինում և Հյուսթոնում» Հայ Դատի հանձնախմբի մասնաճյուղեր ստեղծելու համար:

Թուրք գործիչը ցեղասպանության բանաձևի հաջողության գործում ընդունում է նաև «Նահանգի ներկայացուցիչ Սքոթ Սանֆորդի աջակցությունը, որը միաժամանակ Տեխասի բապտիստական եկեղեցու հոգևոր հովիվն է:» Իր հոդվածի համար մեծ ծավալի հետազոտություն անելով՝ Դեմիրմենը հիշեցնում է, որ «2016 թ. ապրիլին Դալասի Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած հանդեսին, ներկայացուցիչ Սանֆորդը արժանացել է «Արդարության պաշտպան» մրցանակի՝ «Հայոց ցեղասպանության մասին իրազեկության բարձրացման գործում իր ունեցած մեծ նվիրումի համար»: Հանդեսի ժամանակ ընթերցվել է հանրապետական սենատոր Թեդ Կրուզի նամակը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, գրում է Դեմիրմենը:

2017 թ. հունվարի 26-ին Սանֆորդը ներկայացրել է Տեխասի Ներկայացուցիչների պալատի HR-191 բանաձևը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Բանաձևը առաջին անգամ ներկայացվել է Առևտրի և միջպետական հարցերի հանձնաժողովին (TIAC), որը կոչ է արել ապրիլի 24-ին հանրային քննարկումներ անցկացնել Օսթինում գտնվող նահանգի Կապիտոլում: Դեմիրմենը ափսոսանք է հայտնում, որ Տեխասի օրենսդիրը «հրապարակային լսումների համար ընտրեց ապրիլի 24-ը, որը խորհրդանշական օր է հայկական անհիմն պնդումների համար, [ինչն] առաջին նշանն էր, որ TIAC-ը հայամետ է իր հայացքներով»:

Դեմիրմենը դժգոհ է, որ «լսումները լավ համակարգված էին Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի և ներկայացուցիչ Սանֆորդի կողմից, և ի տարբերություն հայկական կողմի, որը վաղուց գիտեր լսումների մասին, թուրքական կողմը հանդիպման մասին տեղեկացել է ընդամենը մի քանի օր առաջ»: Դրա հետևանքով, լսումներին մասնակցել է միայն վեց թուրք (հինգը Հյուսթոնից և մեկը Դալասից), մինչդեռ «հայկական կողմից ներկա էր մի մեծ բազմություն: Որպես «դիտորդ» [TIAC-ում] ներկա էր նաև Սանֆորդը: Դեմիրմենը ափսոսանք է հայտնում, որ միայն չորս թուրք, ներառյալ ինքը, վկայություն է տվել հանձնաժողովում, մինչդեռ 21 հայ է վկայություն տվել: «Հայկական կողմը հինգ անգամ ավելի շատ հնարավորություն ուներ իր տեսակետը ներկայացնելու, քան թուրքական կողմը: Այսպիսով, հայկական կողմը լսումների ժամանակ գերակշռեց ոչ միայն «ներկայության» առումով, այլ նաև տված վկայություններով», խոստովանել է Դեմիրմենը: «Հայկական կողմից վկայություն տվողների թվում էին Տեխասի Հոլոքոստի և ցեղասպանության հանձնաժողովի և Հյուսթոնի Հոլոքոստի թանգարանի ներկայացուցիչները», տեղեկացնում է Դեմիրմենը: Բացի դրանից, «հարյուրավոր նամակներ էին ուղարկվել նահանգի օրենսդիրներին: Ավելի շատ հեռախոսազանգեր էին եղել հայկական համայնքի կողմից»:

Բանաձևի դեմ վկայություն տված թուրքերի առարկություններն էին. 1) «Տեխասի օրենսդիրների անպատշաճ միջամտությունը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, 2) վնասը, որ բանաձևը կարող է հասցնել Տեխասի և Թուրքիայի միջև առևտրային հարաբերություններին, 3) բանաձևի պառակտող դերը, և ոչ միայն, 4) փաստը, որ բանաձևը վիրավորական է համարվում Տեխասի թուրք բնակչության կողմից», բողոքել է Դեմիրմենը:

Այս առարկություններից և ոչ մեկը ազդեցություն չի ունեցել TIAC-ի անդամների վրա, որոնք ապրիլի 24-ին բանաձևն ընդունեցին միաձայն: Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձևը ընդունեց մայիսի 19-ին՝ հաստատելով այն կողմ քվեարկած 137 ձայնով (ութ անդամ բացակայել է, հինգը ձեռնպահ է մնացել):

Խիստ հուսահատված, Դեմիրմենը այս արդյունքը ներկայացնում է որպես «Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի կողմից գլխավորած իրագործում, աջակցությամբ Տեխասի նահանգի Ներկայացուցիչների պալատի: Թեև բանաձևը իրավական ուժ չունի, սակայն բոլոր գործնական նպատակների և լայն հասարակության համար այն հռչակագիր էր, որը օսմանյան թուրքերին մեղավոր է ճանաչում սոսկալի ոճրագործության համար»:

Դեմիրմենը խոստովանում է, որ «թուրքական արձագանքը HR-191-ին, առնվազն ստորին մակարդակում, թույլ էր... Թուրքերը չեն կարող մրցել հայերի հետ իրենց ակտիվությամբ «ցեղասպանության» հարցի շուրջ... Թուրքական կողմը միայն իրեն պետք է մեղադրի իր թուլության և անգործության համար»:

Թուրք գործիչն իր հոդվածն ավարտում է մեղադրելով ATA-Հյուսթոնին (Ամերիկայի թուրքական ասոցիացիա), որը ջանքեր չգործադրեց HR-191 բանաձևին դիմակայելու համար: Նա խումբն անվանում է «միասին ուրախ ժամեր անցկացնելու համար 1979 թվականին հիմնադրված ասոցիացիա, որը հետաքրքրված չէ հայկական հարցով...»:

Չնայած Դեմիրմենը մեղադրում է Տեխասի թուրքերին իրենց անգործության համար, սակայն իրականում միայն մեկ պատճառ կա, որ բանաձևը ընդունվեց. որովհետև այն ճշմարտությունն է ասում... Տեխասի նահանգը վերջապես ճանաչեց Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը...

դիտվել է 778 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Ինչպես է 70000-անոց մարզադաշտը մի քանի վայրկյանում հողին հավասարվում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ