Երևան
23 / Նոյեմբեր / 2017

«Խնդրում եմ չծխել և գիրք չխնդրել»․ Թումանյանի խնդրանքը

Թումանյանը մեր ամենաժողովրդական բանաստեղծն է, որին սիրում և ընթերցում են բանվորն ու գիտնականը, գյուղացին ու քաղաքացին, մանուկն ու ծերը: Բայց, հավանաբար, քչերը գիտեն, որ նա զբաղվել է նաև բժշկությամբ:

Ինչպես հայտնի է, բոլոր մեծ Ուսուցիչները եղել են նաև բժիշկներ: Բժշկությամբ զբաղվելու ցանկություն նրա մեջ առաջացել էր դեռ դպրոցական տարիներին: Անուշավան Աբովյանն իր հուշերում գրում է. «Երբեմն էլ վճռում էինք գյուղացիությանն իրական օգուտ տալու համար ուսում առնել և բժշկություն ու գյուղատնտեսություն սովորել» (ԹԺՀ, էջ 223):

Նրա հարուստ գրադարանում առանձին տեղ էին զբաղեցնում առողջությանն ու բժշկությանը վերաբերող բազմաթիվ գրքերը: Դրանք ոչ միայն ընդհանուր, հանրամատչելի բժշկարաններ էին, այլև նեղ մասնագիտական գրքեր…
Բանաստեղծը, շատ կարևոր համարելով մարդու առողջությունը, իր զավակներին օգտակար շատ խորհուրդներ էր տալիս: Երբեմն, չբավարարվելով բանավոր խորհուրդներով, որոշ մտքեր խոշոր տառերով գրում էր քարտերի վրա ու փակցնում սենյակի պատերին, որպեսզի երեխաները կարդան ու հիշեն: Օրինակ՝ «ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆԻ ՄԵՋ ԱՌՈՂՋ ՀՈԳԻ», «ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է»:

Ինչպես նշում է բանաստեղծի դուստրը՝ Նվարդը, Թումանյանը, իր առանձնասենյակում, պատի վառարանի վերևում փակցրել էր այսպիսի մի խնդրանք. «ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՉԾԽԵԼ և ԳԻՐՔ ՉԽՆԴՐԵԼ»:

Հայրենիքին նվիրված մարդը, որը կյանքի նպատակ է դրել ծառայել ժողովրդին, առաջին հերթին պետք է ձգտի առողջ լինել: Ահա ինչու նա իր ուսանող որդուն՝ Արտավազդին ուղղված նամակներից մեկում գրում է. «Միշտ և ամենից առաջ՝ առողջ և առողջ: Հիվանդ մարդը, տկար ու թույլ մարդն ինչ ուզում է սովորի, դատարկ բան է. ո՛չ ինքը կզգա իր ապրելը, ո՛չ էլ ուրիշ բանի կյանք կտա: Առողջ հոգով ու մարմնով և ժամանակի գիտությունով ու լուսավորությունով ճոխացած- ահա թե որն է մարդը»:
Թումանյանի՝ բժշկությամբ զբաղվելու մասին մենք իմանում ենք և՛ նրա աղջկա՝ Նվարդ Թումանյանի հուշերից, և՛ բանաստեղծի նամակներից: Այսպես, Ն.Թումանյանն իր հուշերում գրում է. «Դսեղում հայրիկի սեղանի վրա էին Բրեմի բնագիտական, Պլատենի բժշկական հատորները, կողքին՝ բառարաններ»: Մեկ այլ տեղ աղջիկը նշում է. «Կարևորություն էր տալիս ջրաբուժությանը՝ Կնեյպի համակարգին: Գնել էր բժիշկ Պլատենի երեք հատորները: Երեխաների հիվանդության ժամանակ օգտվում էր այդ հատորներից: Դսեղում դրանք մեր սեղանի գրքերն էին»:

Հ.Թումանյանը բժշկի այնպիսի փորձ ու համբավ էր ձեռք բերել Դսեղում, որ նրա մոտ բուժվելու էին գնում նաև մոտակա գյուղերի հիվանդները: Ն.Թումանյանը հուշերում գրում է. «Գյուղացիները թե՛ մեր, թե՛ մոտակա գյուղերից, շարունակ մոտն էին գալիս տեսնելու, զրուցելու… Հիվանդներն էլ գալիս էին դեղի կամ բժշկական խորհուրդների: Նա այդ գիտեր ու հետը միշտ տանում էր իրավաբանական, բժշկական և այլ գրքեր: Տանում էր մեծ քանակությամբ դեղորայք՝ խինին, յոդ, լուծողական, ասպիրին և այլն»:

Թումանյան բժշկի համբավի մասին կա նաև հենց իր վկայությունը: 1899թ. Դսեղից Մարիամ Թումանյանին ուղղված նամակում բանաստեղծը գրում է. «Այստեղ բժշկություն եմ անում, այնպիսի բժշկություններ եմ անում և այնպիսի հռչակ եմ ստացել, որ ոչ թե Ռուստեմը (բժիշկ, գիտական-հասարակական գործիչ Զարգարյան Արիստակես¬ – Հ.Ու.), Լոխմանին ինքն էլ կնախանձի»:

Շատերը գիտեն Թումանյանի կազմակերպած քեֆերի մասին, որ նա Թիֆլիսում հայտնի էր նաև որպես Ամենայն Հայոց թամադա: Բայց քչերը գիտեն, թե հանրահայտ Թամադան իր կյանքի վերջին՝ ավելի իմաստուն տարիներին ինչ կարծիք է հայտնել քեֆերի, խմելու և միս ուտելու մասին, որպես առողջությանը վնասակար բաներ: Ահա մի հատված Ս.Քամալյանի հետ ունեցած բանաստեղծի զրույցից: Թումանյանն ասում էր. «Ուզում եմ փոխել թե՛ կենցաղիս կերպը և թե՛ կերակուրների տեսակը: Մեր գեղացիք կերակրվել են կաթով, մածնով, ես զոռ էի տալիս մսին ու գինուն. Դսեղցին ով, գինին ով, այ ինչ լավ բան եք արել, որ գինին չեք գործածում, ասում են՝ միս էլ չեք ուտում: Հաստատ վճռել եմ ամենևին միս ու գինուց ձեռք քաշել, ձեզ պես հետևել Տոլստոյի ապրելաձևին, պարզ լինել թե՛ հագուստի, թե՛ ուտեստի մեջ»:

Դեռ 1894թ. իր նամակներից մեկում Թումանյանը խոստովանում էր. «Հաճախ ծառերի տակ քեֆեր ենք սարքում, թեև պետք է խոստովանեմ, որ անքնությունն ու գինին շատ են վնասում…» (ԵԼԺ, հ9, էջ 436):
Քանի որ քրիստոնյա աշխարհում միս ուտելն ու գինի խմելը նորմալ են համարվում, ապա կարելի է ենթադրել, որ Թումանյանի պատկերացումները միս ուտելու և գինի խմելու վնասների մասին ձևավորվել են ինչպես Տոլստոյի և այլ նշանավոր գրող բնակերների կյանքի և ստեղծագործության հետ ծանոթանալուց հետո, այնպես էլ հնդկական փիլիսոփայության, մասնավորապես, հնդկական յոգայի հետ ծանոթանալուց հետո: Նվարդ Թումանյանի հուշերից իմանում ենք, որ բանաստեղծի սեղանի գրքերից էին նաև հնդկական յոգայի գրքերը:

Թումանյանն իր բժշկական պրակտիկայում հիմնականում ձգտել է բնական բուժման ձևերի, ժողովրդական բուժման միջոցների:
Թումանյանը շատ էր կարևորում նաև հայ ժողովրդի առողջությունը, որը քայքայված էր սովի, կոտորածի և այլ հալածանքների պատճառով: Եվ նա Հայաստան գնացող մի խումբ բժիշկների ոգևորության կոչ էր անում. «Դուք գնում եք Հայաստան, որպես բժիշկներ, բուժելու համար նրա վերքերը…

Դուք գնում եք Հայաստան, նրան օգնելու, իմացեք, որ էնտեղ ցո՛ւրտ կա, սո՛վ կա և շատ ուրիշ նեղություններ: Եթե դուք էդ դժվարությունները, դառնությունները զգացիք, չեք հասնելու ձեր նպատակին և չեք փրկելու նրան: Պետք է էդ դառնությունները չզգաք և դրանցից չհաղթվեք, միայն էն ժամանակ դուք կհաղթեք: Այո՛, սա հերոսի համար է ասված: Բայց չէ՞ որ դուք էլ արդեն գնում եք հերոսության» (ԵԼԺ, հ. 7, էջ 452–453):

Հրայր Ուլուբաբյան

 

դիտվել է 11528 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Ինչպես է 70000-անոց մարզադաշտը մի քանի վայրկյանում հողին հավասարվում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ