Երևան
23 / Նոյեմբեր / 2017

«Եռյակ հրամանատարություն». Վիգեն Սարգսյանի սենսացիոն որոշումը

Մենք պատրաստ ենք անել հնարավորը, որ որեւէ օլիգարխի, պաշտոնյայի որդի չխուսափի ծառայությունից, ասել է ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա հավաստիացրել է, թե իշխանությունը կամք ունի այնպիսի փոփոխություններ իրականացնել, որ օլիգարխների եւ պաշտոնյաների որդիները բանակ զորակոչվեն, արտոնյալներ չլինեն: Շարմազանովը դա հիմնավորել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքով, թեեւ ըստ դրա տարկետման իրավունքն է սահմանափակվում, իսկ «արտոնյալները» կարող են ազատվել օրենքում առկա սողանցքներով:

Այս հայտարարությանն իհարկե պետք է հումորով մոտենալ: Մյուս կողմից, պետք է նշել, որ Հայաստանը պետություն կդառնա, եթե այդպիսի բան կատարվի:
Աղմկահարույց այս օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունվելու է Ազգային ժողովում: Ուսանողական դասադուլը շարունակվում է, շարժման համակարգողները խոստանում են անակնկալ ակցիաներ: Հանրային շրջանակներում շարունակվում են կողմ եւ դեմ փաստարկները, որոնք բավական վիճահարույց են: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ խնդիրը «ունիվերսալ» է եւ չի առնչվում միայն զինծառայությանը, այլեւ՝ հանրային-պետական կյանքի բազմաթիվ շերտերի:

Այս պարագայում միարժեք լուծում չի կարող լինել, պետք է ստեղծվի ճկուն ու բազմակողմ ինչ որ մեխանիզմ, որը ենթադրում է թե զինծառայության, թե կրթության խնդիրների կարգավորումը առանց մեկը մյուսին վնասելու: Տալի՞ս է օրենքը այդ հնարավորությունը՝ կարծիքները տարբեր են:

Միեւնույն ժամանակ, ցանկացած օրենք կամ նախաձեռնություն, որն առնչվում է հանրային նուրբ թեմաներին, իր հիմքում պետք է ունենա վստահության ու «լեգիտիմության» մեծ չափաբաժին: Առավել եւս զինծառայության հարցում, նկատի առնելով պատերազմական իրավիճակը եւ այն խոշոր անարդարությունը, որ առկա է այդտեղ:

Պաշտոնյաների զավակները չեն ծառայում, զբաղեցնում են բարձր պաշտոններ, դառնում պատգամավորներ: Զինված ուժերի ամփոփագրերում, որոնք վերաբերվում են զոհերին ու վիրավորներին, սոցիալապես անապահով խավերի զավակներն են:

Իշխանությունն ասում է, որ այս օրենքով փորձում են վերջ տալ դրան: Սակայն կա՞ արդյոք հավատ ու վստահություն, որ այդպես էլ լինելու է: Ավելին, չնայած բանակի խնդիրների վերաբերյալ առաջարկվող իշխանական նախաձեռնությունները պարունակում են բազմաթիվ դրական պահեր, հանրության լայն շերտերում, այնուամենայնիվ, տարածված է այն համոզումը, որ դրանցով փորձ է արվում նոր իրավիճակում տարբեր մեխանիզմներ կիրառելով, այդ թվում «խրախուսական», կրկին բոլոր պարտավորությունները դնել անապահով շերտերի վրա:

Ավելորդ է ասել, որ նման պայմաննեում որեւէ նախաձեռնություն ոչ միայն չի աշխատի ու չի փոխի իրավիճակը, այլեւ կարող է ավելի խորացնել համակարգային արատները, բարձրացնելով կոռուպցիայի ու արտոնությունների «գինը»:

Ինչպե՞ս վերականգնել վստահությունը եւ օրենքի հավասար կիրառումը: Սա բարդ խնդիր է Հայաստանում, իշխանության գործունեության ֆոնին, որը տեղ չի թողել որեւէ վստահության համար:

Իսկ մինչ այդ, Վիգեն Սարգսյանը, ով այս օրերին բազմաթիվ հարվածներ ստացավ, այդ թվում յուրայիններից, առավել եւս, որ իր զինծառայության հարցն էլ բավական խնդրահարույց է, կարող է կայացնել հրաշալի որոշում. Հավաքում է պաշտոնյաների ու օլիգարխների բանակում չծառայած զավակներին, որոնց զգալի մասը կրկին պաշտոնյաներ ու պատգամավորներ են, եւ ձեւավորում է գումարտակ իր հրամանատարությամբ: Տեղակալները կլինեն Տարոն Մարգարյանն ու Էդուարդ Շարմազանովը:

Գումարտակը կիսվում է եւ մեկնում առաջնագիծ՝ Տարոն Մարգարյանի հրամանատարությամբ Եղնիկներ-Թալիշ հատված, Շարմազանովի հրամանատարությամբ՝ Հորադիզի հատված, կամ հակառակը: Աղդամ պետք չէ գնալ, այլապես կարող են լուրջ ընդունել, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, եւ հանձնել:
Երկու տարի պահում են դիրքերը, ապա վերադառնում իրենց պաշտոններին: Դրանով եւ իրենց են «մաքրում», եւ հաստատ նպաստում այդ դիրքերի նյութա-տեխնիկական հագեցածությանը, քանի որ հայրիկները նրանց կապահովեն ամեն ինչով:

Անհնա՞ր է: Գուցե: Այդ դեպքում պետք է մտածել վստահության վերականգնման այլ ձեւեր:
Շատ է խոսվում սերնդափոխության, նոր էլիտայի մասին: Իրենց հարգող երկրներում պետական-քաղաքական էլիտայի պարտադիր տարրերից մեկը զինվորական ծառայությունն է:

դիտվել է 128143 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Ինչպես է 70000-անոց մարզադաշտը մի քանի վայրկյանում հողին հավասարվում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ