Երևան
23 / Նոյեմբեր / 2017

Յուրաքանչյուրի պատրաստվածության շնորհիվ է հնարավոր անառիկ պահել հայրենիքի սահմանը. Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահներ

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:

Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։ Պաշտպանության բանակի բազմաթիվ դիրքապահներից մեկն էլ, ով իրեն լավագույն կողմերով է դրսևորել մարտական հերթապահության կրման ընթացքում, Խորեն Իշխանի Ասատրյանն է: Ծնվել է 1997 թվականի դեկտեմբեր 28-ին Ապարանի շրջանի Հարթավան գյուղում:

Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և առաջին կուրսից զորակոչվել զինծառայության: Դիրքապահի պարտականությունները կատարելու ընթացքում շարքային Խ. Ասատրյանը նախևառաջ կարևորում է յուրաքանչյուրի` սեփական պարտականությունների հստակ իմացությունը:

Դրանց ճիշտ կատարմամբ է նա պայմանավորում ընդհանուրի հաջողությունը: «Դիրքում գտնվող տղաներից յուրաքանչյուրն իր կոնկրետ մասնագիտությունն ունի: Չէ՞ որ ամեն մի զինատեսակ նախատեսված է որոշակի նպատակի, իսկ ընդհանուրի համատեղումը՝ առաջադրված մարտական խնդիրների հստակ կատարման համար:

Այսինքն՝ բոլորի և յուրաքանչյուրի պատրաստվածության շնորհիվ է հնարավոր անառիկ պահել դիրքերը»,- նշում է շարքային Խ. Ասատրյանը: Հակառակորդի դիրքերն այնտեղից բավականին հեռու են, և տղաների կարծիքով` փոքր տրամաչափի զինատեսակներով կրակելն այստեղ իմաստ չունի. նպատակին հասնել հնարավոր չէ:

Այդուհանդերձ, դա ամենևին չի նշանակում, թե տղաների զգոնությունը դրանից թուլանում է, մանավանդ որ հեռահար զինատեսակների օգտագործումը վերջին շրջանում ակտիվանում է:

Իսկ տեղանքի առանձնահատկությունը, մասնավորապես, թանձրախիտ անտառները, նվազագույնի հասցնելով զինված և անզեն աչքով հակառակորդին նախապես հայտնաբերելու հնարավորությունը, ստիպում են դիրքապահներին լինել ավելի զգոն, որպեսզի կարողանան ականջալուր լինել անտառից եկող ձայներին` անհրաժեշտության դեպքում ժամանակին, ճիշտ և անվրեպ գործելու համար:

Իսկ որ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ժամանակին հայտնաբերումից են կախված իրենց հաջողությունն ու անհաջողությունը, կասկածից վեր է. ապացուցվել է բազմիցս:

Նրա համոզմամբ` «Նման բարդ բնակլիմայական պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պարզապես պարտադրված է առավելագույնս զգոնություն ցուցաբերել, ինչպես նաև ֆիզիկապես ամուր լինել, որպեսզի կարողանա ցանկացած եղանակի դեպքում կատարել առաջադրված խնդիրները: Առանց զգոնության ու ֆիզիկական կոփվածության` այստեղ ծառայություն կատարելն ուղղակի անհնարին է:

Դա գիտակցում են նաև զինծառայողները` ամենօրյա պարապմունքների ընթացքում ձգտելով կոփել իրենց մարմինը»: Այցելության ընթացքում ականատես ենք դառնում նաև այնպիսի պարապմունքների, որոնք զինծառայողներին հնարավորություն են տալիս կանխելու հակառակորդի դիվերսիոն-հետախուզական փորձերը:

Համապատասխան ազդանշանից հետո, դիրքապահ տղաները նախատեսված գրաֆիկի համաձայն, կարճ ժամանակում անցնում են շրջանաձև պաշտպանության` տեղեկացնելով իրենց պատրաստության մասին: Անձնակազմի` իրենց տրված հրահանգներն ու առաջադրված խնդիրները ճիշտ, ժամանակին և վստահաբար կատարումը ևս խոսում է նրանց բարձր մարտունակության մասին:

«Մենք` դիրքապահներս, կարևորում ենք վերադաս հրամանատարության կողմից տրված ցուցումները, հրահանգներն ու խորհուրդները` մեզ առաջադրված խնդիրները կատարելիս: Իսկ տեսական ու գործնական պարապմունքները, որոնք կողքից ավելորդ ու հոգնեցնող են թվում, նպաստում են զինծառայողների մոտ բարոյակամային բարձր որակների ձևավորմանն ու իրենց պարտականությունների հստակորեն կատարմանը:

Ճիշտ է, հակառակորդը տարբեր գործողություններով փորձում է լարվածություն առաջացնել, ազդել մեր մարտական ոգու վրա, սակայն շնորհիվ մեր ոգու քաջության ու հստակ գործողությունների, խափանել և խափանելու ենք նրանց մտադրությունները»,- հպարտորեն ասաց շարքային Խորեն Ասատրյանը:

Նյութի աղբյուրը՝ http://shamshyan.com/hy/article/2017/11/14/1082187/

դիտվել է 8514 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Ինչպես է 70000-անոց մարզադաշտը մի քանի վայրկյանում հողին հավասարվում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ