Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Ալիեւի դեմարշն Էրդողանի դեմ. նա միացավ Թուրքիան թշնամի հռչակելուն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵՄ Արեւելյան գործընկերության Վեհաժողովին մասնակցելու նպատակով այցելելով Բրյուսել, եղել է նաեւ ՆԱՏՕ կենտրոնակայանում, որտեղ հանդիպել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Դրանից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Ալիեւը խոսել է Ադրբեջանի տարածքային ամբողջության, ՄԱԿ ԱԽ չորս հայտնի բանաձեւերի եւ Հայաստանի` դրանք անտեսելու մասին:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարն իր հերթին արել է հատկանշական հայտարարություն, ասելով, թե ուրախ է, որ վերսկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների շփումը, եւ որ Արցախի խնդիրը չունի ռազմական լուծում եւ պետք է ձեռնպահ մնալ սրացումներից:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բավական թափանցիկ տեքստով ասել է Իլհամ Ալիեւին, որ պետք է մի կողմ դնել պատերազմի միտքը, ռազմական ճանապարհով որեւէ բանի հասնելու մտադրությունը եւ այսպես ասած ռազմական դիվանագիտությունը, որի վրա Բաքուն իր քաղաքականությունը կառուցում է արդեն երկար տարիներ:

Այդպիսով, Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փակել է այն շղթան, որով վերջին օրերին փոխանցվեցին Ալիեւի համար անցանկալի մի շարք թափանցիկ մեսիջներ, թե Ռուսաստանից, թե Միացյալ Նահանգներից, թե անգամ Թուրքիայից: Չի բացառվում, որ Ադրբեջանի նախագահը հույս ուներ, որ ՆԱՏՕ-ն կարող է անել հուսադրող ինչ որ բան եւ դրա համար էլ այցելել է դաշինքի բրյուսելյան կենտրոնակայան, սակայն փաստորեն Ստոլտենբերգն էլ չի արդարացրել նրա հույսը, ասելով, որ պատերազմը ճանապարհ չէ, կամ պարզապես արգելելով պատերազմել:

Բացառված չէ իհարկե, որ Ալիեւը ՆԱՏՕ է այցելել ի հեճուկս Էրդողանի: Դա մյուս հատկանշական պահն է, Ստոլտենբերգի հայտարարությունից հետո: Բանն այն է, որ ներկայում սկանդալ է հասունացել ՆԱՏՕ-Թուրքիա հարաբեություններում: Նորվեգիայում, ի դեպ՝ Ստոլտենբերգի հայրենիքում, տեղի ունեցած ՆԱՏՕ զորավարժությանը Թուրքիան եւ նրա նախագահը ներկայացվել են պաստառներով իբրեւ թշնամի:

Ահա այդ ֆոնին դաշինքի բրյուսելյան կենտրոնակայան է այցելում Ալիեւը: Այլ կերպ ասած, նա փաստորեն ցույց է տալիս, որ չի միանում ՆԱՏՕ-ի դեմ Թուրքիայի բողոքին, անտեսում է, որ դաշինքը փաստացի «նվաստացրել» է իր «ավագ եղբորը», եւ այցելում է կենտրոնակայան իր հարցերը լուծելու:

Բանն այն է, որ Ալիեւն ըստ երեւույթին անբավարար է համարում այն ջանքը, որ Էրդողանը գործադրում է ղարաբաղյան խնդրում Ադրբեջանի դիրքորոշումը առաջ մղելու եւ իրավիճակի փոփոխության հասնելու համար:

Թուրքիայի նախագահն ակնհայտորեն փորձում է տպավորություն ստեղծել, որ բարձրացնում է հարցը, սակայն իրենից կախված չէ ոչինչ: Սոչի նոյեմբերի 13-ին Պուտինի հետ հանդիպման մեկնելուց առաջ Էրդողանը հայտարարեց, որ եթե Պուտինը ցանկանա, կլուծի հարցը՝ նա է գլխավորը, եւ ինքը բարձրացնելու է հարցը նրա առաջ: Բայց Սոչիի հանդիպումից հետո Էրդողանը հայտարարեց, թե Պուտինը «հույս չունի», որ հնարավոր է «տարածքների վերադարձ»:

Սակայն Ալիեւն ըստ երեւույթին չէր հավատացել Էրդողանին, եւ նոյեմբերի 22-ին Սոչի արդեն Սիրիայի հարցով Իրանի եւ ՌԴ նախագահների հետ եռակողմ Վեհաժողովի համար մեկնող Էրդողանին ադրբեջանցի լրագրողը հարց էր տվել, թե արդյոք բարձրացնելու է Ղարաբաղի խնդիրը: Էրդողանն էլ պատասխանել էր՝ հարցից եւ խնդրից ակնհայտորեն ազատվելու տոնայնությամբ, թե «առիթ լինելու դեպքում կբարձրաձայնի»:
Թուրքիային թշնամի «հռչակող» ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցով Ալիեւը փաստացի դեմարշ է անում Էրդողանի դեմ, ցույց տալով, որ եթե իր խնդիրները Էրդողանին չեն հետաքրքրում, իրեն էլ չեն հետաքրքրում Էրդողանի խնդիրները: Մեծ հաշվով, Ալիեւն էլ դե ֆակտո միացավ Թուրքիային ու Էրդողանին թշնամի հռչակող պաստառներին:
Ավելին, Ալիեւը գուցե հույս ուներ, որ դրա դիմաց կստանա որոշակի բոնուս ՆԱՏՕ-ում, սակայն ստացվեց հակառակը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրեց, որ պատերազմը տարբերակ չէ:

Իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հասունանում է հիրավի հետաքրքիր իրավիճակ եւ ավելի ու ավելի է ակնառու դառնում երկու պետությունների շահերի սկզբունքային տարբերությունը, որը փորձ է արվում քողարկել «եղբայրության» վերմակով, թեեւ թվում է, որ ի վերջո ինչ որ մեկը «չմրսելու» համար վերմակն ամբողջությամբ քաշելու է իր վրա:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 41372 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Մխիթար Հայրապետյանը երգում «Shape of my heart» հայտնի երգը (Տեսանյութ)

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն ամուսնացել են (տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են