Երևան
15 / Դեկտեմբեր / 2017

ՆԱՏՕ-ն Ալիեւին բացատրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի իմաստը. Շրջանը փակվեց

«Գիտեք, այստեղ այլընտրանքային բառը ճիշտ չի, բայց, իհարկե, նաև հատկապես այն դեպքում, երբ որ մեր անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերների պարագայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և հատկապես Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համակարծիք են, և սա այն եզակի տեղերից է, որտեղ նրանք ամբողջովին համագործակցում են՝ ինչպես նրանք են հայտարարում։ Սա, իհարկե, մեզ համար ձեռքբերում է», հայտարարել է Սերժ Սարգսյանն Ազատություն ռադիոկայանի հետ ճեպազրույցում, արձագանքելով հարցին, թե արդյոք ԵՄ հետ համաձայնագիրը Հայաստանի համար այլընտրանք է անվտանգության հարցում:

Անկասկած, այլընտրանքն անվտանգության առումով համարժեք բնորոշում լինել չի կարող, քանի որ համեմատելի չեն Հայաստանի անվտանգության ներկայիս մեխանիզմներն ու այն բաղադրիչները, որ ներառում է կամ ենթադրում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:

Բայց համաձայնագիրը գործոն է, որը առանցքային ռազմա-քաղաքական հավելում է Հայաստանի անվտանգության համակարգի համար: Հենց այդ գործոնը գիտակցելով է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնելով Բրյուսել՝ ԵՄ Արեւելյան գործընկերության Վեհաժողովին մասնակցելու համար, այցելում է նաեւ ՆԱՏՕ կենտրոնակայան, թերեւս Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի դեպքում կովկասյան անվտանգության բալանսը լիարժեք պատկերացնելու համար:

Խնդիրն այն է, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի այսպես ասած «անվտանգային իմպլեմենտացիան»՝ իհարկե որպես դե ֆակտո քաղաքական գործընթաց, ոչ թե դե յուրե հանձնառություն կամ համաձայնություն, իրականացնելու է ՆԱՏՕ-ն, կամ իրականացվելու է Հայաստան-ՆԱՏՕ շրջանակում:

Այդ տեսանկյունից հատկապես ուշագրավ էր շաբաթներ առաջ Լեհաստանի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարած այցը, երբ նա հայտարարեց, որ Հայաստան է եկել ոչ միայն իբրեւ արտգործնախարար, այլ նաեւ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ: Միաժամանակ, նա հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի 2018 թվականի գարնանը սպասվող Վեհաժողովից առաջ ցանկանում է տեղեկանալ տարածաշրջանի անվտանգության իրավիճակի մասին եւ լսել Հայաստանի պատկերացումները անվտանգության հեռանկարների վերաբերյալ:

Թե ինչու՞ է ՆԱՏՕ-ի Վեհաժողովից առաջ դաշինքը, կամ նվազագույնը դրանում բավական կարեւոր քաղաքական նշաձող զբաղեցնող Լեհաստանը Վեհաժողովից առաջ հետաքրքրվում անվտանգության խնդիրների մասին Հայաստանի պատկերացումով կամ, այլ կերպ ասած, Հայաստանի անվտանգությամբ, մանրամասներ հայտնի չեն, սակայն ինքնին փաստը արդեն իսկ խոսուն է:

Իրավիճակն առավել ուշագրավ դարձավ արցախյան խնդրի շուրջ զարգացումների համատեքստում: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դե ֆակտո հայտարարեցին ստատուս-քվոյի հարցում համաձայնության մասին, թեեւ ապրիլյան պատերազմից հետո հայկական զինուժը խոշոր հաշվով չթողեց այլընտրանք, թույլ չտալով, որ Ադրբեջանին զսպելու եւ ագրեսիան հետ մղելու հարցում բանը հասնի Ռուսաստանի օգնության դիմելուն:
Նոր իրավիճակում Ռուսաստանը ստիպված է գործել Հայաստանի անվտանգության պահանջների նվազագույն շեմի համաձայն: Լավրովի տարածաշրջան կատարած վերջին այցն ու հայտարարարությունները դրա վկայությունն են, դրա վկայությունն է նաեւ Էրդողանի հայտարարությունը, որը Բաքվին գործնականում ազդակ էր, որ պետք չէ ունենալ ավելորդ հույսեր, քանի որ «ստատուս-քվոյի» փոփոխության հույս չունի նաեւ Պուտինը:

Անվտանգության սպասարկման նոր տրամաբանության շրջանակում Ռուսաստանը չունի ՆԱՏՕ-ի հետ գործակցության այլընտրանք, քանի որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հետ վերջին մի քանի տարիների Ռուսաստանի ռազմավարական գործակցությունը Ռուսաստանին ներկայում թույլ չի տալիս միայնակ ապահովել անվտանգության թեկուզ հարաբերականորեն կայուն համակարգ, եւ Մոսկվան ունի թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ պարտավորությունները հակակշռելու անհրաժեշտություն:
Եվ այդ հակակշիռը բնականաբար կարող է լինել ՆԱՏՕ-ն, իսկ անուղղակի գործակցության հարթակը՝ Հայաստանը: Այդ իմաստով, Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ռազմա-քաղաքական հիմնարար նշանակությունը ոչ միայն Հայաստանի ու Եվրամիության հարաբերության հետագա խորացման հեռանկարն է եւ Հայաստանի տնտեսա-քաղաքական զարգացման նոր ուղիների եւ մեթոդաբանության ամրագրումը, այլ նաեւ Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության վերափոխման համար դրա գրեթե կենսական անհրաժեշտությունը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ պայմանավորվածությունները հակակշռելու իմաստով:

Ահա այդ առումով, Հայաստան-ԵՄ համաձայնագիրը գործնականում ունի աշխարհքաղաքական կոնսենսուսի իմաստ, ու թերեւս հենց այդ իմաստն է Ալիեւին Բրյուսելի կենտրոնակայանում բացատրել նաեւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, նրա հետ ասուլիսում հայտարարելով, որ արցախյան խնդիրը չունի ռազմական լուծում եւ պետք է զերծ մնալ իրավիճակը սրելուց:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 37604 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով իմ դասերին չի գալիս, բիզնես չի կարող անել» (Վիդեո)

Արթուր Սաքունց. Եմ համաձայնագրի հնարավորություններն ու թերությունները

Արգամ Աբրահամյանն անդրադարձել է կազինոյում հոր պարտվելու տեղեկությանը

Exclusive․ Եթե դու ունես գաղափար, լավ թիմ, ապա բիզնես սկսելու համար մնում է գտնել ֆինանսներ ու շարժվ...

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին