Երևան
17 / Դեկտեմբեր / 2017

Exclusive. Արվեստագետ եմ, ազատ մարդ եմ, կարող եմ լուսնի վրա էլ ստեղծագործել․ Քրիստ Մանարյան

Yelaket.am-ի զրուցակիցն է երգահան, դրամատուրգ, սցենարիստ Քրիստ Մանարյանը։

1․Ինչպիսի՞ն է Քրիստ Մանարյանը իր իսկ պատկերացմամբ:

-Դժվար բնավորության տեր, շատ հարցերում անհանդուրժող, միգուցե կոնֆլիկտային․ չեմ ուզենա ասել ագրեսիվ, բայց երբ խոսքը վերաբերում է այն արժեքներին՝ հատկապես ավանդական, որոնք հեշտությամբ ոտնատակ են տալիս, (ոմանք այդ անում են ենթագիտակցաբար, ոմանք էլ լավ գիտակցված) կարող եմ դառնալ ագրեսիվ։ Ոչ մարդամոտ, փախչող մարդկանցից, աղմկոտ տեղերից։ Ես միայնություն, բնություն և կենդանիներ սիրող եմ։

2․Ձեր հեղինակած երգերից, ո՞րն է ամենահարազատը և Ձեզ համար չհնացող:

-400-ից ավելի երգերի հեղինակ եմ։ Բայց որ ինձ հարցնեք, ինձ հոգեհարազատ են այն երգերը, որոնք ես գրում էի, երբ դպրոցը նոր էի ավարտել, ասենք նույն <<Ամպ ու երկինք խռովել են>> երգը հոգեհարազատ է, այն մի քանի անգամ համարվել է ժողովրդական երգ և դա ինձ, ըստ իս`պատիվ է բերում։ Հոգեհարազատ են բանակին նվիրված, ռազմական թեմաներով երգերը, ինչպես նաև Երևանյան երգերը, քանի որ պատվերով երգ գրող եմ, անընդատ պատվիրում են Երևանի մասին երգեր, ասելով՝ քեզ մոտ լավ է ստացվում․ միայն այս տարի երկու թե երեք երգ եմ գրել Երևանի մասին, արդեն լավ չեմ հիշում։

3. Ինքներդ երգ եք գրում և ծանոթ եք հայկական երաժշտական արտադրանքին, ի՞նչ եք կարծում, այն մրցունա՞կ է արտասահմանում և արդյո՞ք կարող է որակյալ երաժշտություն համարվել:

-Այսօր, ցավոք, շատերի մոտ թյուր պատկերացում կա, որ հայկականը թուրքի կամ արաբի կլկլոցի հետ խառնած մի անհասկանալի բան է։ Կոնկրետ այդ երաժշտությունը լավը չէ, անորակ է։ Ու էդ ռաբիզի մասին չեմ ցանկանում խոսել: Բայց մենք ունենք երաժշտություն, որը մրցունակ է, սակայն այն քիչ է պրոպագանդված, եթե ինձ եք հարցնում System of a Down-ի տղաների նվագածը որքան էլ ասեն ամերիկյան ռոք է, միևնույն է, ինձ համար մնում է հայկական, որովհետև Սերժ Թանկյանի դրամատիկ վոկալը ոչ ոք չունի և իսկապես հայկական շունչ կա նրա ամեն ինչում։ Գոռ Սուջյանը շատ լավ երգում է, Սուրեն Առուստամյանը հիանալի բլուզ է նվագում, նուրբ զգացողություններ ունի Սեբուն, ես նրան հավանում եմ դեռ նախկին խմբից`Aviatic-ից։ Ուրիշ բան, որ վերը նշված մեր հայրենակիցների կատարումները դրսում շատ շատերը չեն համարում հայկական երաժշտություն, այն որպես այդպիսին չի մատուցվում, դրսում այդ ընկալումը չկա, այ դա շատ վատ է և ինչ որ մեկը պետք է դրանով լրջորեն զբաղվի, պրոպագանդի որպես հայկական։

 4. Դուք գտնվում եք գրականության, երաժշտության, կինոյի ու հեռուստատեսության բնագավառներում, ո՞րն է սրանցից առավել Ձեզ հոգեհարազատ և որի՞ց երբևէ չեք հրաժարվի:

-Երբ որ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դրամայի ռեժիսուրայի ֆակուլտետում սովորում էի, թատրոն քիչ էի գնում, իմ հիմնական զառանցանքը ԿԻՆՈ-ն էր։ Կինո շատ էի սիրում և հիմա էլ եմ սիրում։ Հորեղբայրս կինոռեժիսոր, հայրս այդ բանագավառում շատ բան արած, սցենարիստ, բայց ժամանակը պարզեց ամեն ինչ և եթե ինձ հարցնեն, թե ե՞ս ով եմ, առաջինը կասեմ երգահան-գրող եմ, նոր դրանից հետո մնացածը։


5. Երբևէ ցանկություն չի՞ առաջացել լինել հերոսը ձեր գրած սցենարների, պիեսների, վեպերի`այսինքն ինքներդ էլ նրանց մարմնավորեիք կինոյում:

-Երբ երիտասարդ էի կանչում էին խաղալու, մի քանի ֆիլմերում նկարվեցի, հետո համոզում էին, որ շարունակեմ, բայց չցանկացա: Եթե որևէ մեկը՝ նույնիսկ ամենամոտ ընկերս, լինելով ռեժիսոր, ինձ պարտադրի ինչ որ բաներ անել զգացածիցս դուրս, միանգամից դիմադրություև կառաջանա մեջս, ես չեմ ուզում կարող դիմացինի ասածն անել, եթե դա անհամոզիչ թվա ինձ: Միգուցե պատանեկան մեծամտություն էր, բայց գրեթե համանման հոգեվիճակում թողեցի Սայաթ-Նովա երաժշտական դպրոցը, քանի որ չէի ուզում ուրիշի գրածը նվագել, որքան էլ հայտնի ու հանճարեղ կոմպոզիտոր լիներ նա։

6. 2005-2008 թթ ԱՄՆ-ում Գլենդելի <> հեռուստաընկերությանը աշխատակցելուց հետո վերադարձաք Հայաստան, կցանկանայի՞ք կրկին նման հրավերներ ստանալ և աշխատել երկրի սահմաններից դուրս:

-Ամերիկայի գրեթե բոլոր հայկական հեռուստատեսություններում իմ ընկերներն ղեկավարները, աշխատանք էնտեղ միշտ էլ կունենամ, էդ մասին ինձ ասել են բաց տեքստով: Բայց ուրիշ բան, որ մտածում ես, թե՞ ինչքանով ես ծառայում քո նշանակությանը այստեղ և այնտեղ... Ես հասկացա, որ իմ անելիքը այստեղ ավելի շատ է ու կարևոր: Երբ մեկնում էի ԱՄՆ, հայրս ասաց, <<Տղա ջան, դու գնում ես այնտեղի գաղութի երեխաների համար աշխատելու, նրանք էլ հայ են, նրանք էլ մանկական հաղորդումների կաիրք ունեն>>։ Բայց Քրիստ Մանարյանը այստեղ, Հայաստանում, հիմա ավելի շատ անելիք ունի։ Մյուս կողմից էլ`արվեստագետ եմ, ազատ մարդ եմ, կարող եմ լուսնի վրա էլ ստեղծագործել: Բայց առայժմ իմ ուշադրության կենտրոնում հորս հիմնած <<Ագուլիս>> մանկական թատրոնն է, այժմ ես թատրոնի գեղարվեստական ղեկավարն եմ և ամբողջովին կենտրոնացած եմ վերականգման և վերանորոգման աշխատանքների վրա։ Շնորհակալություն Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ովքեր ինձ օգնության ձեռք մեկնեցին վերանորոգման աշխատանքներն իրականացնելու հարցում: Բացի թատրոնից ինձ վստահել են նաև գլխավորել Հայաստանի ամենահայտնի ու հին մանկակապատանեկան երաժշտական կոլեկտիվներից մեկը`հանրահայտ <<Արևիկը>>, ինչը շատ պարտավորեցնող է: Դասավանդում եմ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում, Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում`անելիքներս, ինչպես տեսնում եք, շատ են, վազվզոցս էլ անվերջանալի:

7. Դուք ինքներդ լինելով հեռուստահաղորդավար ու վարելով Տուն-Տունիկ մանկական հաղորդումը, կարո՞ղ եք համեմատականներ անցկացնել այն ժամանակվա և այժմյան սերունդների միջև։

-Նման են, քանի որ բոլորն էլ հայ երեխաներ են: Բայց իհարկե տարբերությունն էլ է մեծ, հիմա մեր մանուկները հեռախոսներից գլուխները չեն բարձրացնում, նրանք ասես զուգահեռ կյանքով են ապրում համացանցում: Մեծերն էլ ասում են`էդ ի՞նչ պիտի ցույց տաք, ոև մրցունակ լինեք արևմուտքի հետ ու երեխեքին համակարգիչներևից կտրեք...Բայց ես այդ իմաստով էլ եմ ուզում ձեռնոց նետել մեր իրականությանը և կարծում եմ, որ նոր հեռուստահաղորդում էլ կանեմ մանուկների համար... Միշտ բերում եմ Հարրի Փոթերի հեղինակ Ջոան Րոլլինգի օրինակը, որը ստիպեց երեխաներին կտրվել համացանցից և վերադառնալ գիրք կարդալուն: Նա այնքան գիրք էր տպագրում, որ <<կանաչները>> սկսեցին բողոքել, պատճառաբանելով, որ երկրագնդի
ծառերի մի ստվար զանգված կտրվում է Հարրի Փոթերի միլիոնավոր հատորները տպելու համար թուղթ արտադրելու նպատակով..․

8. Արդյո՞ք հեշտ է լինել Երվանդ Մանարյանի որդին:

-Դժավար և պատասխանատու է մինչև հիմա։ Մարդիկ փողոցում կամ որևէ տեղ, երբ հանդիպում են, ասում էին <<հա գիտենք քո լավ գործերը բայց Երվանդ Մանարյանը....>>ասում եմ`նույնիսկ մի շարունակեք, ձեզանից լավ գիտեմ, որ Երվանդ Մանարյանը մնում է Երվանդ Մանարյան: Հայրս Մանարյանների գերդաստանի ամենահայտնի ներկայացուցիչն է, իմաստուն, կարդացած, հիանալի պատմություն, գրականություն, անգամ հասարակագիտություն իմացող մարդ։ Երիտասարդ ժամամանակ աշխատում էի ազգանաունս չտալ, որ մարդիկ ինձ ինձանով ճանաչեն, ոչ թե որպես հորս զավակ...Բայց տասից ինը դեպքում չէր ստացվում, քանի որ քաղաքը փոքր էր, գիտեին թե ում որդին եմ: Դա էլ երևի իմ միամտությունն էր, երբ փորձում էի առանձնանալ, որ ինձ ճանաչեն ոչ պապայի միջոցով։
Դժվար է, մինչև հիմա էլ դժվար է, անընդհատ ուշադիր եմ`չսայթաքեն հանկարծ կյանքում, որ Մանարյան ազգանվան վրա բիծ չնետեմ...


9. Ովքե՞ր են Քրիստ Մանարյանի հերոսները:

- Նրանք բոլորիս հերոսներն են․ Ռոբերտ Աբաջյանն է, Արմենակ Ուրֆանյանն է, Քյարամը, մեր մնացած բոլոր առյուծասիրտ տղաներն են, Դավիթ Բեկն է, Նժդեհն է, Անդրանիկը, Դրոն, Չավուշը, Աղբյուր Սերոբը, Հրայր Դժոխքը, Ազգալդյանը, Մոնթեն, Գորգիսյանը և շատ շատեր, ովքեր հայրենիքի համար կյանք չխնայեցին։ Հերոս հին հունական դիցաբանության մեջ նշանակում է մահկանացու Աստված: Ազգի փրկության համար պայքարած հերոսներն իսկապես Աստվածներ են, թեկուզև մահկանացու, բայց միևնույն է` միշտ կենդանի ու մեզ հետ, մոր կողքին:

10. Ի՞նչ պլաններ ունեք ապագայի հետ կապված:

-Շատ կուզենայի ֆիլմ նկարել, վաղուց եմ երազում: Բայց չեմ ուզում փակագծերը բացել, միայն կարող եմ ասել, որ ցանկություն ունեմ գեղարվեստական ֆիլմ նկարել իմ շատ լավ ընկերներից մեկի մասին, որն անվանի, մեծատառով արվեստագետ է։

Պատրաստեց Վարսա Փաշայանը

 

դիտվել է 15730 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով իմ դասերին չի գալիս, բիզնես չի կարող անել» (Վիդեո)

Արթուր Սաքունց. Եմ համաձայնագրի հնարավորություններն ու թերությունները

Արգամ Աբրահամյանն անդրադարձել է կազինոյում հոր պարտվելու տեղեկությանը

Exclusive․ Եթե դու ունես գաղափար, լավ թիմ, ապա բիզնես սկսելու համար մնում է գտնել ֆինանսներ ու շարժվ...

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին