Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին և Եվրամիությանը

«Սերգեյ Լավրովի խոսքերը որևէ կապ չունեն իրականության հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց լեհ քաղաքագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով Մինսկում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տված հարցազրույցին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում «РТР-Беларусь» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Եվրամիության անդամ որոշ երկրներ ցանկանում են Արևելյան գործընկերությունն օգտագործել «հակառուսական նպատակներով»:

«Նրանք մեծամասնությունը չեն, բայց իրենց բավականին ագրեսիվ են պահում»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ դա արտահայտվել է նաև Բրյուսելում նոյեմբերի վերջին անցկացված Արևելյան գործընկերության գագաթաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ելույթում:

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե Եվրամիության երկրների ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ ԱՊՀ երկրների հետ ցանկացած շփումներում հակառուսական լիցքեր ներդնելն ապակառուցողական է և անհեռանկարային, և, որ դա կլինի հերթական անհաջող փորձը:

Նա նշել է, թե բարձր են գնահատում նման փորձերի դեմ Բելառուսի և Արևելյան գործընկերության մի քանի այլ մասնակիցների ամուր դիրքորոշումը: «Ինձ թվում է՝ այստեղ մենք որևէ տարընթերցումներ չենք տեսնում»,- ասել է նա՝ նշելով, որ որևէ կասկածներ չունեն Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ:

Նա այլ տոնով է խոսել Արևելյան գործընկերության մյուս երեք մասնակիցների մասին՝ ասելով, թե, իհարկե, տեսնում են՝ ինչպես են իրենց պահում ուկրաինացի, մոլդովացի ու վրացի գործընկերները, բայց և համոզմունք է հայտնել, որ նրանց չի հաջողվում և չի հաջողվի «Արևելյան գործընկերության ամբողջ սխեման տեղափոխել հակառուսական հուն»:

Կոնրադ Զաշտովտի խոսքով՝ Բրյուսելում կայացած «Արևելյան գործընկերության» 5-րդ գագաթաժողովի ընթացքում քննարկված հարցերի շրջանակից, ստորագրված փաստաթղթերի բովանդակությունից պարզ է դառնում, որ Եվրամիությունը Ռուսաստանի հետ կոնֆլիկտի չգնալու նպատակով փորձում է զիջումային տարբերակներով շարունակել Արևելյան գործընկերություն ծրագիրը:

 

Ըստ նրա՝ դրա վառ ապացույցը կարճաժամկետ ծրագրերն են, փաստաթղթերի բովանդակությունը, Հայաստանի հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, դանդաղ զարգացումը:

«Սերգեյ Լավրովը շեշտը դնում է Թերեզա Մեյի ելույթի վրա: Եվրամիությունում կան և՛ հակառուսական, և՛ ռուսամետ տրամադրված գործիչներ, ռուսամետ երկրներ և հակառուս երկրներ:

Անհատ գործիչների ելույթներում նրանց այդ տրամադրվածությունը նկատվում է, ըստ դրա՝ այդ գործիչները քաղաքականություն են առաջարկում, քաղաքականություն են վարում, սակայն Եվրոպական հանձնաժողովը չափազանց հավասարակշռված է, հանձնաժողովի պաշտոնյաներից և ոչ մեկը հակառուսական քաղաքականություն չի վարում:

Ավելին՝ Եվրամիությունում դժգոհում են ԵՄ-ի վարած շատ ավելի թույլ և ոչ համարժեք քաղաքականությունից Ռուսաստանի նկատմամբ:

Լավրովը պարզապես փորձում է այս դիտարկումներով ԵՄ-ին զգուշացնել, որ Հայաստանի և Բելառուսի հետ հարաբերություններում ԵՄ-ն չանցնի սահմանները, հենց այդ պատճառով էլ նշվում է Բելառուսի և Հայաստանի մասին:

Հայտարարությունն այս տեսանկյունից պետք է քննարկել, այսօր հակառուսական քաղաքականություն չկա, պարզապես զգուշացվում է, որ հարաբերությունների խորացում չի հանդուրժվելու»,- ասաց լեհ քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Լավրովի այս հայտարարությունից հետո Հայաստան-ԵՄ հարաբերությունների և ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման աշխատանքները կասկածի տակ են հայտնվում, քանի որ Հայաստանը բավականին լայն պարտավորություններ է ստանձնել այդ համաձայնագրով:

«Ստացվում է, որ Հայաստանը գուցե սահմանափակվի այդ համաձայնագիրը վավերացնելիս, քանի որ դրան հաջորդելու են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հաջորդ փուլերը, հայկական կողմն ակնկալում է վիզաների դյուրացում, որին Հայաստանն առանց այս բարեփոխումների չի կարող հասնել, վիզային դյուրացումը շատ լուրջ թեմա է Եվրամիության համար, դրա համար պետք է համապատասխան բարեփոխումներ իրականացնել, մոտենալ Եվրամիությանն ազատ մուտք ստանալու համար, սակայն, եթե ռուսական կողմը դա հակառուսականություն է համարում, ապա կասկածել է պետք Հայաստանի ստանձնած պարտավորությունների, և հետագայում՝դրանց իրականացման վրա, այսինքն`

Ռուսաստանը կարող է խոչընդոտել, ուստի զգուշացնում է Հայաստանին և Եվրամիությանը»,- ասաց Զաշտովտը:

դիտվել է 7720 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Մխիթար Հայրապետյանը երգում «Shape of my heart» հայտնի երգը (Տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են