Երևան
15 / Դեկտեմբեր / 2017

«Պրինցիպիալ» փոփոխություն Գյումրիում. Վարչապետն ու Վովա Գասպարյանի բնորոշումը

Գյումրիում կյանքը պրինցիպիալ փոխվելու է, դեկտեմբերի 7-ին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, այցելելով Գյումրի եւ ծաղկեպսակ դնելով 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակի համար:
Աղետից մոտ 30 տարի անց, Գյումրիի հետաղետային կյանքը չի ունենում «պրինցիպիալ» փոփոխություն, չնայած այդ երեք տասնամյակի ընթացքում հնչած ամենատարբեր հայտարարությունների, թե Գյումրին արդեն ոչ թե աղետի, այլ զարգացման գոտի է՝ դեռեւս Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներից էին հնչում այդ բնորոշումները, թե Գյումրին վերածնվում է, թե այս, թե այն:

Ռոբերտ Քոչարյանը Գյումրիում ուներ որոշակի վարկանիշ, որովհետեւ նրա պաշտոնավարման ընթացքում մի կողմից բնակարանաշինությունը Գյումրիում թափ ստացավ, իհարկե զգալիորեն նաեւ Քըրք Քըրքորյանի նվիրաբերած միլիոնների շնորհիվ, թե նաեւ ընդհանուր Հայաստանում տնտեսական ֆոնն էր բարենպաստ դառնում Ռուսաստանից նավթի բարձր գների շնորհիվ առատորեն հոսող տրանսֆերտների եւ Հայաստան եկած կապիտալ շինարարության փողերի տեսքով, որոնք այդ ժամանակ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնում հայտնվելուց հետո պետք է որակեր «սպեկուլյատիվ»:

Այդուհանդերձ, կյանքը Գյումրիում չփոխվեց, եւ 2008 թվականի նախագահի ընտրությանը Գյումրին «ամենաընդդիմադիր քաղաքի» իր կարգավիճակում էր: Կյանքը Գյումրիում սկզբունքային փոփոխություն չի կրել նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում, թեեւ իհարկե այդ ընթացքում Սարգսյանը Գյումրու համար արել է կարեւոր մի բան՝ վերջ է դրել Վարդան Ղուկասյանի քաղաքապետական «դարաշրջանին»: Կարեւոր չէ, որ սկսվել է ընդամենը Սամվել Բալասանյանի քաղաքապետական դարաշրջանը: Կարեւորը, որ Ղուկասյանինն ավարտվել է:

Գյումրիի իրավիճակը մյուս կողմից թերեւս ամենավառ կերպով բնորոշել է ոստիկանապետ Վովա Գասպարյանը, իհարկե ակամայից, եւ խոսելով բոլորովին այլ թեմայի եւ խնդրի մասին՝ «դուք պատգամավոր եք, թե գողական, արա»: Այդ արտահայտությունը տարիներ առաջ էր, երբ Գյումրիում հերթական քրեական պատմությունն էր, այդ թվում պատգամավոր Մարտուն Գրիգորյանի անվան շոշափմամբ: Վլադիմիր Գասպարյանը «թեւավոր» խոսքը հայտնեց այդ առիթով, բայց դրանում անշուշտ էապես առկա է Գյումրիի ներկայի ամբողջ հակասականությունը:

Հայաստանի պատմամշակութային ահռելի ռեսուրս ունեցող, քաղաքային կենսագրության 2800-ամյա Երեւանից էլ հարուստ ու գունեղ պաշար ունեցող քաղաքը անկախությունից հետո գործնականում վերածվել էր Հայաստանի «քրեական մայրաքաղաքի», որտեղ իրավիճակին տիրապետում էին քրեական կենսագրություն ունեցող մի քանի խմբեր եւ գերակա էին այդ կյանքին բնորոշ ավանդութային մտածողությունն ու չափորոշիչները:

Գյումրին անկասկած ունի կյանքը պրինցիպիալ՝ սկզբունքորեն փոխելու ահռելի մշակութային, քաղաքակրթական, հանրային ռեսուրս, որովհետեւ միեւնույն ժամանակ այդ քաղաքում են նաեւ ձեւավորվել երիտասարդական մշակույթի բազմաթիվ բջիջներ, ռոք խմբեր, ավանգարդ արվեստի բազմաթիվ ներկայացուցիչներ, բայց ինչպե՞ս լուծել այդ հակասականության հարցը: Հնարավո՞ր է սկզբունքային վերափոխում այդ հակասականության պայմաններում, թե՞ այդուհանդերձ պետք է չեզոքացնել հակասականությունը քաղաքի սկզբունքային վերափոխման հասնելու համար:

Հնարավո՞ր է խնդիրը լուծել պարզ բիզնես, մենեջեր-մարկետինգային տրամաբանությամբ, թե՞ անհրաժեշտ է խնդրին ավելի խորը մշակութային մոտեցում, իրավիճակը արմատից պատկերացնելու եւ լուծումներն էլ գործնականում այդ մակարդակից սաղմնավորելու համար, որպեսզի քամին չքշի:

Եվ կա՞ Գյումրու վերաբերյալ մոտեցումներում այդ խորքային պլաստը: Գյումրին բարդ օրգանիզմ է, սեփական գինն իմացող, բայց միեւնույն ժամանակ դրանով իսկ կամակոր ու քմահաճ, իսկ բնական աղետ վերապրած լինելու տառապանքի ուժով՝ նաեւ որոշակիորեն արխայիկ: Գյումրին Ռուսթավելի փողոցը չէ, եւ ոչ էլ ներդրումային գրավիչ միջավայրը: Գյումրին նոր հայկական Երուսաղեմն է, իր հակասականությամբ, կոնֆլիկտայնությամբ, մարդկային եւ պատմա-քաղաքական շերտերով ու ենթաշերտերով, որ արտահայտվում է նաեւ տարածաշրջանում մնացած միակ կայսերական հենակետ լինելու հանգամանքով:

Միջավայրային այդ կոնֆլիկտը հանգուցալուծում է պահանջում, Գյումրին փոխելու համար: Պրինցիպիալ փոխվելու համար Գյումրին թերեւս ունի նոր հայկական պետականության հորիզոնում կարգավիճակի «պրինցիպիալ» հստակեցման անհրաժեշտություն, եթե ոչ դե յուրե, ապա գոնե դե ֆակտո տեսլականի իմաստով:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 6597 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով իմ դասերին չի գալիս, բիզնես չի կարող անել» (Վիդեո)

Արթուր Սաքունց. Եմ համաձայնագրի հնարավորություններն ու թերությունները

Արգամ Աբրահամյանն անդրադարձել է կազինոյում հոր պարտվելու տեղեկությանը

Exclusive․ Եթե դու ունես գաղափար, լավ թիմ, ապա բիզնես սկսելու համար մնում է գտնել ֆինանսներ ու շարժվ...

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին