Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Կարեն Կարապետյանի շրջադարձային որոշումը. 2019-ի նոր իրավիճակ

առավարությունը դեկտեմբերի 14-ի նիստում հաստատել է 2019 թվականից Նոր տարվա տոները կրճատելու նախաձեռնությունը, ըստ որի 2019 թվականից հունվարի 3-ը, 4-ը եւ 5-ը կլինեն աշխատանքային օրեր, «զրկվելով» տոնական կամ նախատոնական կարգավիճակից:

Շաբաթներ առաջ եղավ տեղեկություն, որ հնարավոր է կառավարությունն այդօրինակ փոփոխություն կատարի արդեն 2018 թվականից, սակայն, 2018-ի տոնական ռեժիմը կմնա նույնը, ինչը նշանակում է, որ կլինի «երկար Նոր Տարի»: Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հորդորել է «գիտակցված անցկացնել» տոները, քանի որ հաջորդ տարվանից Նոր Տարին կարճ է լինելու:

Ի՞նչ է նշանակում գիտակցված անցկացնել վերջին երկար Նոր Տարին, դժվար է ասել: Կարապետյանի ակնարկը քաղաքական ենթատեքստ պարունակո՞ւմ էր, թե ոչ, նկատի ունենալով կառավարության փոփոխության հետ կապված սպասումները, որոնք պայմանավորված են 2018-ի ապրիլով:
Թե՞ Կարեն Կարապետյանի հորդորը այսպես ասած կենցաղ-մշակութային էր, որպեսզի կառավարության անդամները երկար Նոր Տարին փորձեն անցկացնել կարճի հոգեբանությամբ, այդպիսով ադապտացվելով հաջորդ՝ արդեն կարճ Նոր Տարուն, այսպես ասած հոգեբանա-ստամոքսային կտրուկ փոփոխության չենթարկվելու համար:

Մյուս կողմից, կարճ է նոր տարին, թե երկար, կառավարության անդամների համար թերեւս միեւնույն է: Ովքեր ունեն ժուժկալ կենցաղվարություն՝ իսկ Հայաստանի կառավարությունը այդուհանդերձ ունի նաեւ այդպիսի անդամներ, որքան էլ դա թվա զարմանալի, թերեւս միշտ են ժուժկալ՝ կարճ է Նոր Տարին, թե երկար:
Իսկ ովքեր ժուժկալ չեն, նրանց համար ամբողջ տարին է Նոր Տարի, անկախ տոնական օրերի վերաբերյալ կառավարության որոշումից:

Կամ, ինչպես Մեծ Կոմբինատորն էր շախմատ ուսուցանում՝ «ոմանք խաղում են լավ, իսկ ոմանք վատ, եւ ոչ մի դասախոսություն չի փոխի ուժերի այդ հարաբերակցությունը»:
Այնպես որ, կառավարության անդամների ճնշող մեծամասնությանը հետաքրքրում է թերեւս ոչ թե Նոր Տարին, այլ նոր ապրիլը, որ գալու է 2018 թվականին:

Ի վերջո, պարզ չէ, թե արդյոք վերջին երկար Նոր Տարին վերջինը չի լինի Կարեն Կարապետյանի վարչապետի կարգավիճակի համար, թե՞ նրա վարչապետությունը կերկարի այնքան, որ Կարապետյանն այդ կարգավիճակում կդիմավորի նաեւ գոնե մեկ կարճ Նոր Տարի:

Այդուհանդերձ, անկախ այդ ամենից,Կարապետյանի կառավարության որոշումը Հայաստանի համար զարգացման եւ տնտեսության վերափոխման տեսանկյունից իհարկե ճակատագրական չէ, սակայն շրջադարձային կարող է լինել հանրային մտածողության տեսանկյունից, բերելով նրան, որ հասարակությունն ի վերջո ձերբազատվի «յոթ օր յոթ գիշեր» Նոր Տարի տոնելու ավանդույթից կամ պարզապես գերությունից, ընդ որում՝ իր իսկ ձեռքով վճարվող գերությունից:

Այդ խնդրի մասին վերջին տարիներին Հայաստանում խոսվել է շատ. Տարեմուտի տոնը Հայաստանի հանրության մի զգալի մասի համար վերածվում է ֆինանսա-ֆիզիկական տառապանքի, իսկ հունվարի 1-ից էլ «կյանքը մեռնում» է առնվազն 7-8 օրով, իսկ երբեմն ավելի երկար:

Կրճատելով Նոր Տարվա տոնական տեւողությունը, գուցե հնարավոր կլինի ժամանակի ընթացքում հասնել գաստրոնոմիական խելահեղ վազքի կրճատման ու բերել մի իրավիճակի, երբ Նոր Տարին ավելի կմոտենա իրական տոնի, քան մրցավազք հիշեցնող խելահեղության, որը հաճախ աննկատ ձեռք է բերում ինքնանվաստացուցիչ երանգներ:

Ու բանն ամենեւին այն չէ, որ աղքատության, տնտեսական զարգացման լուրջ խնդիր ունեցող պետությունը, հասարակությունը պետք է ավելի շատ աշխատի: Հայաստանի խնդիրները այդ մի քանի օրը չեն լուծելու: Բայց, մյուս կողմից, անգամ առաջին հայացքից անմիջական տնտեսական գործընթացի հետ կապ չունեցող հարցերում հանրային մտածողության եւ աշխարհընկալման փոփոխությունը կարող է հանգեցնել միջավայրային ավելի լայն վերափոխումների, դրանով խթանելով նաեւ արդեն այլ, այդ թվում տնտեսական եւ քաղաքական առավել արդիական գործընթացներ՝ հանրային նոր մտածողության ուղղակի թե անուղղակի ճնշման ներքո:

 

դիտվել է 8085 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են