Երևան
15 / Հուլիս / 2019

Խոզի միսն ու կարագը պետք է էժանանային, ոչ թե թանկանային. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում գնաճի թեման վերջին շրջանում մի տեսակ անեկդոտային ֆոն է ստացել: Մի շարք ապրանքների թանկացումը իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչների կարծիքով՝ չի վնասում աղքատներին, որովհետև նրանք առանց դրա էլ այդ ապրանքները չեն գնում ու միայն հաց ու կարտոֆիլ են ուտում:

Կառավարությունն ու կենտրոնական բանկն էլ պնդում են, թե ճիշտ է, որոշ ապրանքներ թանկացել են, բայց որոշներն էլ էժանացել են, և արդյունքում ստացվել է, որ ընդհանուր գնաճի ցուցանիշը շատ ցածր է:

Մի կողմ թողնենք աղքատների կերակրացանկի մասին ՀՀԿ-ականների պատկերացումները և անդրադառնանք երկու ապրանքների թանկացմանը: Ամենաշատը, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում թանկացել են կարագն ու խոզի միսը: Տարվա սկզբից թե կարագը և թե խոզի միսը թանկացել են 40-ական տոկոսով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պնդմամբ, մասնավորապես կարագի գինը աշխարհում բարձրացել է 87 տոկոսով: «Մենք ի՞նչ պետք է անենք: Մենք չենք կարող այդ գները զսպել»,- հայտարարեց նա հոկտեմբերի վերջին Գյումրիում ու խորհուրդ տվեց այդ թանկացումներին «վերաբերվել համբերատար»:

Հիմա մի քիչ վիճակագրություն, այն էլ հույժ պաշտոնական: ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ է ներկվել 2 361 տոննա կարագ, որի մաքսային արժեքը եղել է 10.1 միլիոն դոլար: Այսինքն՝ մեկ կգ կարագի մաքսային արժեքը կազմել է 4.4 դոլար: Նույն մաքսային ծառայության մեկ այլ տվյալով, առաջին 10 ամիսների ընթացքում ներկրման ծավալը դարձել է 3.5 հազար տոննա, իսկ մաքսային արժեքը կազմել է 16 միլիոն դոլար: Պարզագույն թվաբանական գործողությունը ցույց է տալիս, որ հուլիս-հոկտեմբեր ամիսներին ներկրվել է 1800 տոննա կարագ 6 միլիոն դոլար մաքսային արժեքով: Այսինքն՝ հուլիս-հոկտեմբերի ընթացքում ներկրված մեկ կգ կարագի մաքսային արժեքը կազմել է 3.3 դոլար: Ստացվեց, որ վերջին 4-5 ամիսներին ՀՀ ներկրված կարագի գինը նվազել է 1.1 դոլարով, կամ 25 տոկոսով: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել կարագի գների հետ մեր խանութներում: Այդ տվյալն էլ առկա է ՀՀ ԱՎԾ «գզրոցներում»: Ըստ ԱՎԾ-ի, ուրեմն, հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ կարագը թանկացել է 12.3 տոկոսով, նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ևս 5.5 տոկոսով… Իսկ տարվա սկզբի համեմատ կարագը թանկացել է 40.7 տոկոսով:

Կարագը վերջին ամիսներին էժանանում է ամբողջ աշխարհով մեկ և ՀՀ մաքսային ծառայության արձանագրած մաքսային արժեքը արտացոլում է իրականությունը: Բայց, ինչպես տեսնում ենք, երբ աշխարհում որևէ ապրանք թանկանում է, դա անմիջապես բերում է մեզ մոտ թանկացման: Բայց երբ աշխարհում այդ ապրանքը սկսում է էժանանալ, ՀՀ-ում էլի շարունակում է թանկանալ: Սրան մի տեսակ «համբերատար վերաբերվել» այնքան էլ չի ստացվում: Մրցակցային տնտեսության մեջ նման բան լինել չի կարող: Նշանակում է՝ կարագ ներկրողները համաձայնեցված են գներ սահմանում ու այս պարագայում որևէ ապրանքի համաշխարհային գների փոփոխությամբ ներքին գների վայրիվերումները բացատրելը, այսպես ասենք, տեղին չէ:

Խոզի մսի պարագայում վիճակը պակաս հետաքրքիր չէ: Առաջին կիսամյակում ՀՀ է ներկրվել 2.2 հազար տոննա: Մեկ կգ-ի մաքսային արժեքը կազմել է 2.2 դոլար: Իսկ հուլիս- հոկտեմբերի ընթացքում ներկրվել է 2.7 հազար տոննա, մեկ կգ՝ 2.3 դոլար մաքսային արժեքով: Այսինքն տարվա սկզբի համեմատ խոզի մսի ներկրման արժեքը բարձրացել է 4.5 տոկոսով: Իսկ խանութներում այն թանկացել է, ինչպես նշեցինք, ավելի քան 40 տոկոսով:

Մի չափազանց ուշագրավ տվյալ: Ռուսաստանում, որի հետ Հայաստանը չունի մաքսային սահման և գտնվում է միևնույն տնտեսական տարածքում, խոզի միսը ռեկորդային տեմպերով էժանանում է: Մասնավորապես նոյեմբերի վերջին տարվա սկզբի համեմատ խոզի միսը այդ երկրում էժանացել է մոտ 15.4 տոկոսով:

Մի խոսքով, Հայաստանում գների փոփոխությունը շատ քիչ առնչություն ունի միջազգային գների հետ: Մեզ մոտ գները սահմանվում ու փոփոխվում են շուկաների նկատմամբ լիակատար վերահսկողություն ունեցող մի խումբ մարդկանց ախորժակներին համահունչ: Իսկ գնագոյացման շուկայական դասական մեխանիզմները Հայաստանի պարագայում մեծ հաշվով կիրառելի չեն եղել, և հիմա էլ կիրառելի չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 3908 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Տեսանյութ․ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը չբարևեցին միմյանց

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է