Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Ֆրիդրիխ Շտապսն ու Նապոլեոնի դեմ կատարված ամենաարտառոց մահափորձը

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պատմությունն ունի «ազնիվ չարագործության» բազմաթիվ օրինակներ: Լիովին հնարավոր է, որ մարդկանց մյուս մասն էլ այդ արտահայտությունը համարի սխալ և ոչ տեղին:

Սակայն մի գերմանացու կյանքից փոքրիկ հատված կարդալուց հետո միգուցե համաձայնեք, որ պատմությունը և, առհասարակ, կյանքում ոչինչ միանշանակ չէ:

Այսպիսով, սկսենք:

Եվրոպայում հաղթական երթ անցկացնելուց հետո՝ 1809 թ. Նապոլեոնը հաջողությամբ կնքեց Շյոնբրուննի խաղաղ հաշտության պայմանագիրը:

Հոկտեմբերի 12-ին ֆրանսիական զորքերի մեծ շքերթ կազմակերպվեց: Ամեն ինչ հրաշալի կշարունակվեր, եթե շքերը չփչանար մի դեպքի պատճառով:

Հրապարակում էր գտնվում մի 18-ամյա երիտասարդ, ով իրեն կասկածելի էր պահում և ամեն կերպ փորձում էր հասնել այն վայրին, որտեղ գտնվում էր Նապոլեոնը: Երիտասարդի անձնական խուզարկության արդյունքում նրա մոտից հայտնաբերվեց թղթի մեջ փաթաթված խոհանոցային դանակ:

Հարցին, թե ինչու է դանակն իր հետ բերել հրապարակ, երիտասարդը, որը ներկայացել էր որպես Ֆրիդրիխ Շտապս, պատասխանեց.

-Ես սրանով պիտի սպանեի Նապոլեոնին:

Երբ այս լուրը հասցրին կայսրին, վերջինս ցանկացավ անձամբ հանդիպել և զրուցել այն տղայի հետ, ով րոպեներ առաջ պատրաստվում էր խլել հենց իր կյանքը: Պարզ դարձավ, որ Շտապսը Նաումբուրգի բողոքական քահանաներից մեկի որդին էր:

Տղայի հաճելի դեմքը, պարզ ու լուսավոր հայացքը և իր գաղափարներում հստակ վստահությունը տպավորեցին Նապոլեոնին:

-Եթե Դուք ներողություն խնդրեք, ապա հենց այս վայրկյանին բաց կթողնեմ Ձեզ, - ասաց կայսրը՝ անսովոր բարեհաճություն ցուցաբերելով:

Սակայն Ֆրիդրիխ Շտապսը պատասխանեց.

-Եթե ինձ բաց թողնեք, ես ավելի հարմար պահ կգտնեմ և, միևնույնն է, կսպանեմ Ձեզ: Գերմանիան պետք է ազա՛տ լինի:

Ինչպես պատմում է գեներալ Ռապը, ով կանխել է սպանության փորձը. «Նապոլեոնը պապանձվեց»: Երիտասարդ տղան հրաժարվեց կայսեր բարեհաճությունից և գիտակցաբար բռնեց մահապատժի ճամփան:

Դրանից հետո կայսրը պալատական բժշկին հրամայեց զննել տղային և պարզել՝ արդյոք նա խելագա՞ր է: Բժիշկը Շտապսին բացարձակ առողջ ճանաչեց: Չնայած այս հանգամանքին, դեպքից հետո շատերն էին պնդդում, որ երիտասարդը հոգեկան շեղումներ ուներ. չէ՞ որ խելքը գլխին ոչ ոք չէր համարձակվի բացահայտ կերպով սպանության փորձ կատարել Նապոլեոնի նկատմամբ:

Տրամաբանական է, որ տղային պատրաստեցին մահապատժի:

Ասում են, երբ նա դուրս է եկել մահապատժի հրապարակ, վերջին բառերը սրանք են եղել. «Ողջու՛յն, ազատություն: Ողջու՛յն, Գերմանիա»:

Այստեղ հարկ է խոսել մի հետաքրքիր փաստի մասին: Բանն այն է, որ 1793 թ. լեյտենանտ Բոնապարտը գրել է. «Եթե անգամ սեփական հայրս ցանկանար բռնակալ դառնալ, ես կդանակահարեի նրան սեփական դաշույնով»:

Եվ հետագայում, երբ նրա աշխարհայացքը փոխվեց 180 աստիճանով, իր դիմաց կանգնած երիտասարդի դիմաց, որը մահը գերադասում էր հայացքների փոփոխությունից, Նապոլեոնը կարծես տեսավ ինքն իրեն:

«Այդ անհաջողակը դուրս չի գալիս իմ մտքից, - խոստովանել է Նապոլեոնը, - երբ նրա մասին մտածում եմ, մտքերս խառնվում են իրար և մոլորվում. սա վեր է իմ գիտակցությունից»:

Ֆրիդրիխ Շտապսը մահից հետո երիտասարդ գերմանացիների համար դարձավ չարի դեմ պայքարի խորհրդանիշ և սեփական իդեալներին հավատարմության օրինակ:

դիտվել է 3083 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը