Երևան
14 / Նոյեմբեր / 2018

Ադրբեջանը որևէ կերպ չի համաձայնում ո՛չ Արցախի անկախությանը, ո՛չ նրա Հայաստանի Հանրապետության հետ իրական միասնական պետություն լինելուն, ո՛չ էլ նույնիսկ Շուշիի կամ մյուս շրջանների հայկական մնալուն

Yelaket.am-ի հյուրն այսօր քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանն է, ում հետ կզրուցենք հայոց ռազմական պատմության և ինչպես նաև Հայաստանում ներկա ռազմական իրավիճակի մասին: Հարցազրույցը ներկայացվում է կրճատումներով։

Պարոն Այվազյան, վերջերս շատ ակտիվ լույս տեսան Ձեր գրքերը՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով նաև հայոց ռազմական պատմության մասին: Ինչո՞ւ եք անդրադարփել հայոց ռազմական պատմությանը:

Քանի որ Հայաստանը գտնվում է մշտական պատերազմի մեջ, գոնե վերջին երեք տասնամյակում պատերազմական թեմաները խիստ կարևոր են: Առհասարակ, պատերազմը լուրջ հարց է, դրանից ավելի լուրջ հարց պետության և ազգի համար գոյություն չունի: Եթե հիշենք չինացի հռչակավոր,աշխարհում մինչև այսօր կարդացվող ռազմական տեսաբան Սուն Ցզիի «Ռազմարվեստի մասին» գրքի հենց առաջին նախադասությունն սկսվում է հե՛նց այդպիսի մի թեզով. «Պետության համար պատերազմը կյանքի և մահվան հարց է, դա խիստ կարևոր խնդիր է, և չի կարելի անտեսել այդ հարցի խորապես ուսումնասիրումը»: Այդ նպատակով էլ ես կենտրոնացել եմ մեր գոյության համար ամենակարևոր հարցի՝ պատերազմի վրա: Ընդ որում՝ դա կապված է ոչ միայն հին հայոց ռազմական պատմության հետ, այլև այսօրվա հարցերի հետ: Այդ պատմությունն էլ է այսօրվա հարցերի հետ կապված:

Իսկ Արցախյան պատերազմը գրքերում ներառվա՞ծ է:

Այս (սեղանին դրված) գրքերում՝ ոչ: Բայց ես ունեմ առանձին ուսումնասիրություններ և մենագրություններ, որոնք նվիրված են Արցախյան հակամարտությանը՝ հատկապես նրա ռազմական կողմերին: Մեզանում մինչև անկախության ձեռքբերումը չկար մի առանձին խավ, որը մտածում էր ռազմավարական չափանիշներով և ռազմական չափանիշներով՝ անկախ պետություն չկար, բանակ գոյություն չուներ, պետական կառույցներն անկախ պետականության մտածողություն չունեին։ Ըստ այդմ, չկար նաև այդ խավը, որը վերլուծեր և մատուցեր մեզ այն կարևոր դրույթները, որոնցով հայ ազգը պետք է առաջնորդվեր: Վերջին երեք տասնամյակը բերեց իր հետ հետաքրքիր ուսումնասիրություններ, բերեց նոր մտքի զարգացում, բայց պետք է հիշել նաև, որ կա օտար միտք: Աշխարհում տիրապետող ուժերը չեն ցանկանում, որ հայերը կամ ուրիշ փոքր պետությունները, ոչ իրենց դաշնակիցները սեփական ուղեղով մտածեն: Նրանք ցանկանում են մատուցել մեզ իրենց լուծումները, մենք էլ, վերցնելով դրանք՝ օգտագործենք՝ կարծելով, թե այդ լուծումները մեզ համար լավագույնն են: Այնինչ՝ մեր անվտանգության հարցերը մեզանից լավ ոչ ոք չի կարող վերլուծել: Այդ իսկ նպատակով՝ ես փորձում եմ շերտ առ շերտ, հարց առ հարց բացահայտել այն մութ մնացած հասկացությունները, մեր և՛ անցյալի, և՛ ներկայի գոյության կողմերը, որոնք կարող են օգտակար լինել պետականաշինության, բանակաշինության գործում:
Արցախյան հարցից մի օրինակ բերեմ: Մեզանում խոսվում է ,թե ինչ կարող է պատահել ապագայում, ինչ ընթացք կունենան բանակցությունները, ինչպիսի ընթացք կունենա հակամարտությունը, եթե մտնի թեժ ռազմական փուլ: Շրջանառվում են երկու տեսակետ։ Մի տեսակետն այն է, որ հայոց բանակը պետք է մտնի Բաքու՝ միայն դրանով կավարտվի համակամարտությունը, մյուս տեսակետն այն է, որ հայոց բանակը հազիվ թե կարողանա հաղթել Ադրբեջանին, քանի որ նա արդեն գնել է մեծ քանակությամբ նորագույն զենք, ունի ավելի մեծ ռեսուրսներ՝ մարդկային, տնտեսական, տարածքային, բայց այս երկու տեսակետն էլ ծայրահեղ են և արտահայտում են պատերազմական հարցերի խորքը հասկանալու բացակայությունը։

Մի բան հստակ է՝ մենք ազատագրված տարածքը պետք է պահպանենք ամեն գնով, իսկ այդ խնդիրը լուծելու համար հնարավոր է նոր բախումներ առաջանան, քանի որ Ադրբեջանը որևէ կերպ չի համաձայնում ո՛չ Արցախի անկախությանը, ո՛չ նրա Հայաստանի Հանրապետության հետ իրական միասնական պետություն լինելուն, ո՛չ էլ նույնիսկ Շուշիի կամ մյուս շրջանների հայկական մնալուն:

Այդ իսկ պատճառով՝ նոր պատերազմները միանգամայն հնարավոր են: Այդ պատերազմներում մեր հաղթանակը պարտադիր չէ, որ Բաքվի գրավումը լինի: Հաղթանակ կարող է լինել Քուռի ափին ամրանալը, խոշոր լրացուցիչ տարածքների ազատագրումը, ադրբեջանական զինուժի խոշոր ջախջախումը, ինչն էլ թույլ կտա որոշ ժամանակով երկարացնել այն հարաբերական խաղաղությունը, որը ստացել ենք շնորհիվ ազատագրված տարածքի: Այսօր, հնարավոր է, որ այդ տարածքն այլևս բավարար չէ, և պատերազմի բռնկման դեպքում այն պետք է տեղափոխել թշնամու տարածք, որը պատմականորեն մերն է։

, Այվազյանը հիշեցնում է ռազմական պատմությունից բազմաթիվ դրվագներ, երբ պակաս զինված ուժերը հաղթանակ են տարել ավելի լավ զինված մեծաքանակ բանակների ու կայսրությունների նկատմամբ:

Ինչ վերաբերում է մյուս տեսակետին, թե Հայաստանն իբր այլևս ի զօրու չէ հաղթել վերազինված Ադրբեջանին, այս առումով պետք է հիշեցնել, որ համաշխարհային ռազմական պատմության մեջ կան բազում օրինակներ, երբ ավելի պակաս զինված ուժերը հաղթանակ են տարել ավելի լավ զինված մեծաքանակ բանակների ու կայսրությունների նկատմամբ: Օրինակ ՝ 1722 թ. աֆղանական ցեղերը մտան Սելֆյան Իրան և կարողացան գրավել նույնիսկ մայրաքաղաք Սպահանը: Հետևաբար պետք է իմանալ, որ մեր ունեցած նոր ու նորագույն զենքը բավարար է Ադրբեջանին հաղթելու համար:

Պարոն Այվազյան, ապրիլյան պատերազմը ինչի՞ հետևանք էր և կարելի է ասել, որ անսպասելի էր մեզ համար:

Ես միշտ այն մտքի կողմնակիցն եմ եղել, որ պատերազմն անփոխարինելի է: Կար մի ուրիշ թև, որը պնդում էր, թե պատերազմ չի լինի: Բայց տեսանք, որ եղավ: Միջազգային քաղաքական համակարգն անընդհատ գտնվում է շարժընթացի մեջ, և վերջին տասնամյակներին մեծ հակասությունների մեջ է: Դրանք գնալով ուժեղանում են և ինչ-որ պահի միջազգային որոշ գերուժեր կարող են կա՛մ պարզապես հրահրել Ադրբեջանին հարձակման դիմել, կա՛մ կարող են զբաղված լինել իրենց հարցերով, և Ադրբեջանը կփորձի ինքը լուծել այդ խնդիրը: Վերջին պատերազմը եղավ այն պահին, երբ Ադրբեջանին թվաց, թե նա կարող է հասնել լուրջ հաջողության: Դա ոչ միայն մարտով հետախուզում էր, այլև այդ հատուկ ստորաբաժանումները պատրաստում էին ադրբեջանական գլխավոր ուժերի ավելի լայն հարձակումը: Այդ հարձակումը ձախողվեց, քանի որ մեր առաջնագծում կանգնած զինվորները մեծ զոհեր պատճառեցին թշնամուն: Թույլ չտրվեց, որ նախաձեռնությունը Ադրբեջանի ձեռքում մնա:

Իսկ կանխատեսվո՞ւմ է նոր հարձակում:

Միշտ պետք է պատրաստ լինել նման զարգացմանը, լանի որ և՛ ներքին, և՛ արտաքին պատճառներով Ադրբեջանը կարող է դիմել նման քայլի:

Պարոն Այվազյան, հին հայոց ռազմական պատմությունը ինչ-որ բան մեզ կարողանո՞ւմ է տալ:

Իհարկե: Եվ բանակաշինության գործում, և ռազմական միտքը զարգացնելու գործում:

 

դիտվել է 34420 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

2019-ի ամենանորաձև ու շքեղ զգեստները

Ազգային ժողովում մեկնարկել է քառօրյա նիստը. ուղիղ

Ռոբերտ Քոչարյանը կրկին հարցազրույց է տվել (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...