Երևան
21 / Մայիս / 2018

Արմեն Սարգսյանը ստացավ առաջին հարվածը

Հունվարի 20-ին բենզինի եւ դիզվառելիքի շուկայում արձանագրվել է նոր թանկացում՝ 10 դրամով: Մինչ այդ, հունվարի 1-ին, այդ շուկայում ապրանքի գինը մեկ լիտրի համար աճել էր 20 դրամով՝ ակցիզային հարկի բարձրացման հետեւանքով:

Հունվարի 10-ին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել, հանձնարարելով անել քայլեր, որ մեղմեն գնաճը: Ըստ երեւույթին, կամ Սերժ Սարգսյանի հանձնարարությունն են պաշտոնյաները սխալ հասկացել, կամ Սարգսյանն է նրանց ասել՝ ինչ կասեմ, հակառակն արեք: Ի վերջո, բյուջեում փող է պետք:

Նախօրեին էլ Կարեն Կարապետյանն էր այցելել ֆիննախ ու հայտարարել, թե 2017-ի բյուջեն գերակատարվել է: Ըստ երեւույթին, դրանից հետո էլ բենզին ու դիզվառելիք ներկրող օլիգարխիան է որոշել գերակատարել սեփական բյուջեն, 10 դրամով ավելացնելով գինը: Ու հաշվի առնելով այն, որ բենզինի հիմնական գնորդը պետական բյուջեն է, իսկ դիզվառելիքի գինն էլ սուբսիդավորելու է կառավարությունը, հնարավոր է եզրակացնել, որ վառելիքային օլիգարխիան սկսում է «գերակատարված» բյուջեից փողը հետ տանելու յուրօրինակ գործընթաց:

Առավել եւս, որ Կարեն Կարապետյանն էլ խորհրդարանում իր անկեղծ ելույթով փաստացի տվեց դրա հնարավորության ազդանշանը, գործնականում արդարացնելով բենզինի, դիզվառելիքի թանկացումը, հայտարարելով, թե բենզինը թանկ է՝ գազով մեքենա քշեք: Կարապետյանն այդպիսով մի զարկով երկու հարց փորձեց լուծել: Մի կողմից արդարացրեց բենզինի թանկացումն ու գործնականում տվեց նոր թանկացման քարտ-բլանշ, մյուս կողմից էլ սպառման նոր շուկա նախանշեց գազի ոլորտի համար:

Ամենաուշագրավը սակայն այն է, որ բենզինի թանկացումը հաջորդում է Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածության հրապարակմանը: Թվում է, թե ինչ ուղիղ կապ կամ առնչություն կա այդ ամենի հետ:
Բանն այն է, որ ի թիվս Արմեն Սարգսյանի նախագահության մի շարք գործոնների, այստեղ առանցքայիններից մեկը նաեւ այն է, որ խաղի մեջ է մտնում խոշոր մի խաղացող, որը գործնականում այլ կալիբրի է, միաժամանակ նաեւ բավական խոշոր կապիտալի կրող: Արմեն Սարգսյանի նախագահությունը որոշակի առումով խորհրդանշում է յուրօրինակ սերնդափոխություն, գոնե այն իմաստով, որ Սարգսյանը «հայաստանյան համակարգի» սերունդ չէ, կամ ինչպես նախկին վարչապետներից մեկը կասեր՝ «օտար ջուր վտակ»:

Իսկ դրա տողատակում էլ առնվազն նշմարվում է խաղի կանոնների, ավանդույթների, մշակույթի փոփոխության հեռանկար կամ ռիսկ՝ եթե դիտարկենք հայաստանյան օլիգարխիայի չափանիշներով: Ավելին, Արմեն Սարգսյանի՝ կապիտալով ամրացված թեկնածությունը Սերժ Սարգսյանի համար ուղղակիորեն հակակշիռ է տեղական օլիգարխիային, թե խաղի կանոնների փոփոխության անհրաժեշտության, թե նաեւ այդ փոփոխության հարցում դիրքային պայքարի տեսանկյունից:

Ի վերջո, տեղական օլիգարխիան էլ գիտակցում է կանոնների փոփոխության անհրաժեշտությունն ու օբյեկտիվ անխուսափելիությունը, սակայն այստեղ կա նաեւ մեկ այլ հարց՝ ով է վճարելու այդ փոփոխության համար, որովհետեւ ցանկացած փոփոխություն եւ առավել եւս համակարգային ռեֆորմ պահանջում է գին, փող, եւ երկրորդ՝ առավելապես ու՞մ պատկերացմամբ են գծվելու նոր կանոններն ու շրջանակները:
Արմեն Սարգսյանն այստեղ անկասկած լուրջ մրցակից է տեղական օլիգարխիային, որի «բենզին-դիզվառելիքային» հատվածը փաստորեն Սարգսյանի թեկնածության առաջադրումից մեկ օր անց առաջին հարվածն է հասցնում նրան:

Հետաքրքիր կլինի տեսնել, թե ի՞նչ կանի Սերժ Սարգսյանը: Կպաշտպանի՞ Արմեն Սարգսյանին, որին ուղղված հարվածները ժամանակի ընթացքում թերեւս ավելանալու են եւ ստանալու են գուցե ավելի ուղիղ բնույթ, հատկապես պաշտոնը ստանձնելու հետ մեկտեղ: Թե՞ Սերժ Սարգսյանը, հրապարակելով Արմեն Սարգսյանի անունը, միաժամանակ միացրեց նաեւ նրա «քաղաքական ոչնչացման» մեխանիզմը, նրան ավելորդ ազատություն եւ վստահություն թույլ չտալու համար:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 68405 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է խորհրդատուի և արբիտրի դերակատարությունը

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Կարեն Կարապետյանը պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր մարդ է. նորանշանակ նախարար (տեսանյութ)

Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...