Երևան
23 / Սեպտեմբեր / 2018

Իշխանությունը փլուզվո՞ւմ է. Արմեն Սարգսյանի երկրորդ փորձը

Հայաստանի նախագահի պաշտոնում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի առաջադրումը զուգահեռներ է առաջացնում 1996-ի իրադարձությունների հետ: Այն ժամանակ նախագահի ընտրությունից հետո բավական լարված իրավիճակ էր, իշխանությունն ըստ էության փլուզվել էր տապալված ընտրությունից հետո: Պետք էր մեկը, ով կունենար դրական իմիջ եւ կձեւավորեր «դրական սպասումներ»: Հրանտ Բագրատյանը թույլ օղակն էր, ով աջակցություն չուներ իշխանական խմբավորումների մոտ. նա հեռացվեց վարչապետի պաշտոնից, վարչապետ նշանակվեց Արմեն Սարգսյանը:

Կարճաժամկետ առումով, իշխանության սպասած էֆեկտը եղավ, սակայն մոտ 3 ամիս անց Արմեն Սարգսյանը հեռացավ Հայաստանից, եւս երեք ամիս անց էլ հրաժարական տվեց: Պաշտոնական պատճառաբանությունը ծանր հիվանդությունն էր, թեեւ խոսվում էր նաեւ իշխանական տարբեր խմբավորումների՝ ՀՀՇ-ի նոմենկլատուրայի, ռազմական օլիգարխիայի հետ հակասությունների մասին: Իշխանության այս «բաժնետերերը» Արմեն Սարգսյանին իրենց պահանջներն էին ներկայացնում վերջնագրերի ձեւով, ինքը Սարգսյանը փաստացի որեւէ հենարան չուներ քաղաքական դաշտում:

Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը՝ մեղմ, ժողովրդավարական մաներաներ ունեցող Արմեն Սարգսյանին փոխարինեց կոշտ գործիչը, ում նշանակումը կարծես թե Տեր-Պետրոսյանի պատասխանն էր իշխանական խմբավորումներին՝ չէիք ուզում Արմեն Սարգսյանին, ուրեմն «կստանաք» Քոչարյանին: Ռոբերտ Քոչարյանը կարճ ժամանակում իշխանությունից հեռացրեց ՀՀՇ-ի նոմենկլատուրային խմբավորումներին ու ռազմական օլիգարխիային, ստեղծեց կենտրոնաձիգ բուրգ՝ քրեա-օլիգարխիկ համակարգ, որը գոյատեւում է մինչ օրս:

Ներկայում այս համակարգը կանգնել է լուրջ խնդիրների առաջ: Այն պահպանելու ավանդական ռեսուրսները սպառվել են, եւ իշխանությունը փորձում է կառավարման կարգի փոփոխության ու որոշակի վերափոխումներով վերարտադրվել ու ադապտացվել նոր իրավիճակին:

Եվ ահա, ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվում է Արմեն Սարգսյանը, ով Սերժ Սարգսյանի բնութագրմամբ պետք է ընդունելի լինի հայության տարբեր շերտերի եւ միջազգային հանրության համար: Իրականության մեջ, իշխանության համար Արմեն Սարգսյանը պետք է լինի տրանսֆորմացիաների վերջին փուլում անցնցում անցման «երաշխավորը»:

Արմեն Սարգսյանը փաստացի երկրորդ անգամ է բարձր պաշտոնի նշանակվում իշխանության անցման շրջանում: Առաջին անգամ այդ անցումը տեղի ունեցավ նրա հրաժարականից հետո, որն արյունալի եղավ, այս անգամ նա անմիջապես անցման շրջանում է առաջադրվում նախագահի պաշտոնում:

 

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 31076 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են