Երևան
20 / Օգոստոս / 2019

«Գլուխը պատին ա տալիս որևէ պետական մարմին». Բուռն բանավեճ ԱԺ-ում

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը հանդես է եկել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծով: Այն այսօր քննարկվեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Միհրան Պողոսյանը և Արդարադատության նախկին նախարարներ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը բուռն բանավեճ ունեցան: Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը դեմ արտահայտվեցին նախագծին:


Միհրան Պողոսյանը նախ ներկայացրեց նախագծի հիմնական դրույթները: Նրա խոսքով՝ պարտապանի գույքն արգելանքից հանելու դեպքերի մասով պետք է ավելացնել կետ, ըստ որի՝ արգելադրված գույքի նկատմամբ եթե այլ անձն ունի սեփականության իրավունք, քաշքշուկի մեջ չպետք է հայտնվի:


“Ենթադրենք մեկ այլ անձի գործով արգելանք է կիրառվել, բայց քաղաքացին դատարանի թուղթ ունի, որ այդ սեփականությունն իրեն է պատկանում, սեփականության իրավունքով գալիս է ԴԱՀԿ, դիմում է, որ՝ խնդրում եմ գույքս արգելանքից հանեք, որովհետև ըստ դատարանի վճռի ես հանդիսանում եմ այս սեփականության կրողը: Բայց ԴԱՀԿ-ը դատարանի վճիռը հիմք չի ընդունում, ասում է՝ գնա մի հատ էլ դատարանի վճիռ բեր, որ արգելանքը պետք է հանել”, ասաց Միհրան Պողոսյանը: Նա ասաց, որ նման բոլոր դեպքերում առաջարկում է, որպեսզի գույքն արգելանքից հանվի առանց դատարանի թղթի:


“Բազում օրինակներ կան, և իմ 9 տարվա փորձն ասում է այն մասին, որ խնդիրը հետևյալն է՝ միշտ անձը ԴԱՀԿ-ին ներկայացրել է իր սեփականության իրավունքը, իսկ ԴԱՀԿ-ի դիրքորոշումը եղել է այն, որ դատարանից պետք է բերել վճիռ սեփականության իրավունքի արգելանքից հանելու մասին: Եվ դա գնահատում եմ որպես մեր քաղաքացու համար քաշքշուկ, որպես կոռուպցիայի աղբյուր և գտնում եմ, որ նման կարգավորումը պետք է օրենքով տալ: Եթե կա երրորդ անձի սեփականության իրավունքի վերաբերյալ դատական ակտ, ապա պարտապանի գույքը պետք է արգելանքից հանվի”,- ասաց նա:


Հրայր Թովմասյանն առաջարկեց, որպեսզի ներառվի դրույթ, որ քաղաքացին Կադաստրի պետական կոմիտեից բերի սեփականության վկայական, որի հիման վրա գույքը կհանվի արգելանքից: Միհրան Պողոսյանն ասաց, որ եթե գույքն արգելանքի տակ է, կադաստրը թուղթ չի տալիս:


Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ մտահոգություններ ունի: Նա հարցրեց՝ Միհրան Պողոսյանը վիճակագրություն ունի՞, թե ԴԱՀԿ-ը նմանատիպ դեպքերի ինչ պարբերականությամբ է առնչվել: Միհրան Պողոսյանն ասաց, որ նման դեպքերը բազմաթիվ են, ԴԱՀԿ-ն այս խնդրին երկար տարիներ առնչվել է:


«Պարոն Պողոսյան, ես ձեր լեգիտիմ նպատակին, որը դուք հետապնդում եք, բացարձակապես դեմ չեմ: Եթե խոսքը վերաբերում է նրան, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը որևէ պետական մարմին, մասնավորապես, մենք խոսում ենք կադաստրի մասին, չի գրանցում, ուրեմն ես նախ և առաջ առաջարկությամբ հանդես կգայի այդ լրացումը կատարելու օրենքում: Հարկադիրը դատական ակտի հիման վրա չպիտի գրանցի, հարկադիրը պիտի գրանցի սեփականության իրավունքի պատկանելությունը հավաստող փաստաթղթի հիման վրա, որպիսին պիտի լինի կադաստրի վկայականը: Ու եթե կադաստրը չի գրանցում, Պողոսը կամ Պետրոսը չի գրանցում, դա այլ հարց է», ասաց Արփինե Հովհաննիսյանը:


Նա ասաց, որ այս տեսքով այս նախագիծն իրավունքի ծագման տեսանկյունից խնդրահարույց է, որովհետև դատական ակտը պետական մարմնի համար հիմք է՝ գրանցելու անձի սեփականությունը:
«Ձեր նախագիծը լրացրեք, պետական բոլոր մարմիններին էլ ասեք, որ պարտավոր են գրանցել»,- հավելեց Հովհաննիսյանը:


«Մնում է ասեք, թե ի՞նչ խնդիր եք տեսնում»,- արձագանքեց Միհրան Պողոսյանը:
«Ես խնդիր եմ տեսնում այն առումով, որ եթե այդ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, կա վերաբերելի պետական մարմին, որը պետք է կատարի սեփականության իրավունքի փոփոխություն:

Կադաստրը չի արել դա, պրոբլեմը կադաստրից է, մենք հիմա հետևանքն ենք փորձում լուծել: Հարկադիրը վերջին կետն ա, մենք վերջին կետում չպիտի խնդիրը լուծենք, բա էն մեջտեղի օղակնե՞րը: Ինչի՞ պետք է հարկադրը լուծի մի խնդիր, երբ որ մեջտեղի մարմինը պրոբլեմ ա սարքել, գլուխը պատին ա տալիս որևէ պետական մարմին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:


Միհրան Պողոսյանը կրկնեց, որ եթե արգելանքի տակ գույք կա, տեխնիկապես կադաստրը չի կարող գրանցել: «Չգիտեմ գլուխը պատին ա տալիս, թե ինչ ա անում, բայց 10 տարի ա ըտենց ա աշխատում: Ես մեկ ա չլսեցի ոչ մի խոչընդոտ այս հարցը հենց այսպես կարճ կարգավորելու և մեր քաղաքացիներին այս խնդրից զերծ պահելու համար», վրդովվեց Միհրան Պողոսյանը:


Հրայր Թովմասյանն ասաց, որ կադաստրը չի կարող դատարանի որոշումը չկատարել, երբ որ դատարանն ասում է, թե սա քաղաքացու սեփականությունն է: Թովմասյանն ասաց, որ Միհրան Պողոսյանի այս նախագծով լեգիտիմացվում է կադաստրի գործունեությունը, որ այդ կառույցը կարող է դատարանի ակտը չկատարել:


Միհրան Պողոսյանն ասաց, որ նրանց առաջարկը չի գործի, կադաստրը կդիմի ԴԱՀԿ ու կասի՝ հանեք արգելանքից քաղաքացու գույքը, իսկ ԴԱՀԿ-ը չի հանի, մինչև չլինի դատարանի վճիռ: Եվ քաղաքացին, նրա խոսքով, կպպտվի այդ քաշքշուկի շղթայի մեջ:

Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց, որ թե ԴԱՀԿ, թե կադաստրի կողմից դա ոչ պատշաճ վարաքագիծ է, տարրական լեգիտիմ հիմքերի սխալ մեկնաբանություն է արվում հիմա:
Հրայր Թովմասյանը ասաց, որ պատրաստ է նախագծի համահեղինակ լինել, այդ փաթեթը կազմել և օգնել Միհրան Պողոսյանին:


«Ես կգրեմ այդ նախագիծը կտամ, պարոն Թովմասյան»,- արձագանքեց Արփինե Հովհաննիսյանը:
«Տիկին Հովհաննիսյանը ևս միանում է մեզ, եկեք նախագիծը հետաձգենք, քանի որ այս տեսքով դեմ ենք քվեարկելու»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Միհրան Պողոսյանը զարմացավ՝ ինչո՞ւ են Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը խոսում հանձնաժողովի բոլոր անդամների փոխարեն:


«Կարող ա դուք երկուսով եք դեմ, ինչի՞ եք բոլորի անունից խոսում»,- հարցրեց նա՝ համաձայնելով, որ հետաձգեն նախագծի քննարկումը և լրամշակեն այն:
Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը արձանագրեց, որ երկու նախկին նախարարները դեմ են մի բանի, որը, ինչպես Միհրան Պողոսյանն է ասում, 10 տարի կիրառվել է: «Դա նշանակում է ձեր իշխանության տարիներին քաղաքացիներին հլա տեսեք ինչ օրն եք գցել»,- արդարադատության նախկին նախարարներին դիմեց Մարուքյանը:


“Էդ էի՞ք ուզում”,- տեղից բացականչեց Միհրան Պողոսյանը

 

դիտվել է 20608 անգամ

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին