Երևան
20 / Մայիս / 2018

ԱՄՆ-ն առանցքային հարցը դրեց Սերժ Սարգսյանի առաջ

Տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը Հայաստանում հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Մինչ Երեւան ժամանելը ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը եղել է Թբիլիսիում եւ Բաքվում: Դատելով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունից, բարձրաստիճան ամերիկացի դիվանագետի հետ հանդիպման առանցքային թեման եղել է քաղաքականությունն ու անվտանգությունը:

Սերժ Սարգսյանը «մեծապես կարեւորել» է Նահանգների ներդրումը տարածաշրջանային փխրուն կայունությունը պահպանելու գործում, նաեւ գնահատել մասնակցությունը Մինսկի խմբի համանախագահության աշխատանքում:

Բրիջիթ Բրինքը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում եւ միջազգային ահաբեկության դեմ պայքարում: Միաժամանակ, թե Սարգսյանը, թե Բրինքը կարեւոր են համարել տնտեսական գործակցության աշխուժացմանը զուգահեռ քաղաքական երկխոսության աշխուժացումը:

Բրինքի տարածաշրջանային այցը տեղի է ունենում ուշագրավ ժամանակահատվածում, թեեւ վերջին տարիներին դժվար է մատնանշել ռեգիոնալ իրավիճակի մի ժամանակահատված, որը «ուշագրավ» չէ: Իսկ անվտանգության խնդիրն էլ իր հերթին գրեթե մշտապես գտնվել է առանցքում: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո այդ խնդիրը ստացել է բոլորովին այլ երանգ եւ բնույթ: Ապրիլյան քառօրյան Կովկասի անվտանգության գլոբալ համակարգի գործնականում ճակատագրական փլուզման դրսեւորում էր: Ադրբեջանի ագրեսիան տեղի ունեցավ այդ փլուզման հետեւանքով, այլապես քառօրյան չէր լինի:

Դրան հաջորդած արդեն երկամյա ժամանակահատվածում Կովկասը գտնվում է անվտանգության նոր համակարգի այսպես ասած նախագծա-հաշվարկային ռեժիմում: Խորքային առումով, չկա առանձնապես մեծ ընտրության խնդիր: Գրեթե աներկբա է, որ անվտանգության նոր համակարգը կարող է կառուցվել հայ-վրացական կոնստրուկցիոն հիմքով:

Այդ դեպքում միայն անվտանգության ռեգիոնալ համակարգը կունենա սխեմատիկ բնույթ, այլապես այն գտնվելու է կամ թուրք-ադրբեջանական սխեմայի մեջ, կամ հիմնվելու է Հայաստանի կետային դերակատարման վրա, ինչը կայունության ապահովման տեսանկյունից պահանջելու է աշխարհքաղաքական մեծ ջանք եւ ուշադրություն: Մինչդեռ խնդիրը ռեգիոնալ անվտանգության ինքնաբավ համակարգի ստեղծումն է, որ կունենա ռազմա-քաղաքական գեներացիոն կարողություն:

Այդպիսին առայժմ ունի միայն թուրք-ադրբեջանական սխեման, որը սակայն ավելի շուտ միջազգային անվտանգության համակարգի համար սպառնալիքի, քան անվտանգության սխեմա է բառի բովանդակային իմաստով:

Այստեղ անշուտ խնդիր է Ռուսաստանը, Մոսկվայի վարքագիծն ու ռազմավարությունը: Ընդ որում, թե Հայաստանի վրա հիմնված կետային տարբերակի, թե հայ-վրացական մոդելի պարագայում: Կա համադրության խնդիր՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվող Վրաստանի եւ ՀԱՊԿ կամ պարզապես ռուսական անվտանգության հովանոցի տակ գտնվող Հայաստանի: Այդ խնդիրը պահանջելու է տեւական ժամանակ եւ լինելու է բավական բարդ գործընթաց, զգալիորեն կախված նաեւ այն արդյունքից, որ կտա ՌԴ դեմ միջազգային մեկուսացման եւ պատժամիջոցների քաղաքականությունը՝ նրա միջազգային վարքագիծը առավել կանխատեսելի եւ փոխզիջումային դարձնելու տեսանկյունից:

Այդ խնդրում առանցքային է Հայաստանի դերը, առանց որի ռեգիոնալ անվտանգության խնդիրների երկարաժամկետ լուծումները բացառվում են գործնականում: Մինչ այժմ Հայաստանը չի կատարել իր դերը, բացառությամբ ռազմական բաղադրիչի: Այսինքն, Հայաստանի դերը սպասարկել է բացառապես զինուժը: Կփոխի՞ որեւէ բան կառավարման մոդելի եւ համակարգային նոր իրավիճակի ձեւավորման գործընթացը, կբերի՞ դա քաղաքական դերակատարման հարցում Հայաստանի կենսունակության բարձրացման:
Համենայն դեպս ակնառու է, որ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան դիվանագետը դնում է հենց այդ՝ Հայաստանի քաղաքական դերակատարման հարցը:

Օրերս այդ հարցը արտգործնախարարության առաջ դրել էր Սերժ Սարգսյանը, հանդիպելով ԱԳՆ աշխատակիցների հետ: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպիսին է այդ դերակատարումից Սերժ Սարգսյանի անձնական եւ պետական ակնկալիքների հարաբերակցությունը:

դիտվել է 36773 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է խորհրդատուի և արբիտրի դերակատարությունը

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Կարեն Կարապետյանը պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր մարդ է. նորանշանակ նախարար (տեսանյութ)

Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...