Երևան
21 / Փետրվար / 2018

Իրանի տհաճ անակնկալը Հայաստանի իշխանությանը

Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Երեւանի Պետհամալսարանում մասնակցել է իրանագիտության դասասենյակի բացմանը եւ մի շարք ուշագրավ հայտարարություն արել, պատասխանելով ներկաների հարցերին:

Դեսպանն ասել է, որ Իրանը պատրաստ է «հարմար գնով» գազ վաճառել Հայաստանին: Նա ասել է նաեւ, որ հաղորդակցությունների առումով Իրանը պատրաստ է քայլեր ձեռնարկել, մասնավորապես Հյուսիս-հարավ մայրուղու ու երկաթուղու հարցում. Դուք դեռ ձեր բաժինը կառուցեք, մնացածը մենք կանենք, մոտավորապես ասել է դեսպանը:

Իսկ ամենահետաքրքիրը եղել է դեսպանի արձագանքը Եվրասիական միության մասով: Իրանական կողմը որեւէ շոշափելի բան չի ստացել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից, ասել է Սաջադին՝ պատասխանելով դիտարկմանը, թե Իրանը կարող է օգտվել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից: «Եթե նկատեք, մեզ տեղեկացրեք այդ մասին», ասել է Սաջադին:

Իրանցիները սովորաբար նման բաց տեքստերով հայտարարություններ չեն անում, չհաշված նախորդ դեսպանի՝ գազի գնի վերաբերյալ հայտարարությունը, որը Հայաստանի այն ժամանակվա վարչապետը գնահատեց որպես «դիվանագիտական վրիպակ»:

Էներգետիկայի ու հաղորդակցությունների հարցում իրավիճակը միարժեք չէ. Հայաստանը ստորագրել է ռուսական կողմի հանդեպ պարտավորությունների տակ, որոնք խոշոր հաշվով բացառում են դիվերսիֆիկացիան: Դա սահմանափակում է Հայաստանի հնարավորությունը, մյուս կողմից՝ իրանական կողմի ակնարկներն էլ չեն պարունակում կոնկրետություն, օրինակ՝ ինչ գնով է Իրանը պատրաստ գազ վաճառել Հայաստանին: Եթե դեսպանները խոսում են հարմար գնի մասին, ապա այդ երկրի գազային համալիրի պատասխանատուները հայտարարում են, թե չեն կարող ռուսականից էժան գազ վաճառել Հայաստանին:

Սակայն գլխավոր խնդիրն այստեղ Հայաստանի ինքնիշխան որոշումներն են, որոնց կարող է բախվել Իրանը՝ իր հերթին որոշումներ կայացնելու համար: Օրինակ, Իրանը չի կարող ներդրումներ անել որեւէ խոշոր հաղորդակցության կամ օբյեկտի կառուցման մեջ, եթե վստահ չէ, որ այն ի վերջո չի դառնալու Ռուսաստանի սեփականությունը: Դրա փորձն իրանցիներն ունեն:

Այսպիսով, Հայաստանի ու Իրանի միջեւ ստեղծվել է յուրահատուկ մի իրավիճակ, որը եթե անվստահություն չէ, ապա կարելի է բնութագրել որպես «առաջին քայլի» իրավիճակ. Իրանցիներն այդ քայլը սպասում են Հայաստանից, Հայաստանը՝ Իրանից:

Փաստացի, Իրանը կասկածի տակ է դնում Հայաստանի իշխանության ինքնիշխան որոշումներ կայացնելու, խոշոր նախագծեր իրականացնելու կարողությունը, միաժամանակ ակնարկելով ԵՏՄ-ի «կամուրջ» դառնալու միջոցով մակաբուծելու ցանկությունը: Իրանը փաստացի մերժում է այն:

դիտվել է 22225 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով ինչ ունի, հագնում է». սպանություն Երևանում հարսանիքից հետո (Video)

Լրագրողներն էին մեղավո՞ր, որ քաղաքապետարանում ծեծկռտուք տեղի ունեցավ

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....