Երևան
19 / Հունիս / 2018

Պետական ծառայողները բախվել են «Միկշին»-ի կամայականություններին. բաց նամակ Սերժ Սարգսյանին

Հարյուրավոր պետական ծառայողներ դիմել ենք հանրապետության նախագահին՝ պետական բնակարանաշինական ծրագրին առնչվող լրջագույն խնդիրների լուծման խնդրանքով: Խնդիրներն առնչվում են Երեւանի Ադոնցի 6/1 հասցեում կառուցված շենքին, որի կառուցապատող «Միկշին» ընկերության աճպարարության հետեւանքով շահառուները զրկված ենք շենքի տանիքն իր նպատակային նշանակությամբ օգտագործելու եւ, ըստ այդմ, շենքի միասնական ամբողջական սպասարկումն իրականացնելու հնարավորությունից։

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Մեծարգո պարոն նախագահ,
Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման պետական ծրագրի շրջանակներում Երեւանի Ադոնցի 6/1 հասցեում կառուցված շենքի հարյուրավոր պետական ծառայող-շահառուներս հայտնվել ենք փակուղում՝ բախվելով Շենքը կառուցապատող «Միկշին» ՍՊԸ-ի չարաշահումներին ու կամայականություններին:

Ծրագրի մեկնարկից մինչ օրս մենք բախվում ենք բազմաթիվ խնդիրների և ստիպված ենք անընդհատ պայքարել դրանք լուծելու համար՝ բնակարանների հանձնման ուշացումներ, բնակարանների մակերեսներն իրականից ավելի հաշվել, կայանատեղիներում անճշտություններ, կայանատեղի ընդհանուր մուտքի անհամապատասխանություն նախագծին, հոսանքի ենթակայանի բացակայություն և այլն։
Պետական տարբեր մարմինների դիմելու արդյունքում որոշ խնդիրներ հնարավոր է եղել լուծել, սակայն ամենալուրջ խնդիրների առնչությամբ Քաղաքաշինության պետական կոմիտեին և ՀՀ վարչապետին ուղղված դիմումներն արդյունք չեն տվել։

«Միկշին» ՍՊԸ-ի չարաշահումների վերաբերյալ շահառուները դիմում են ներկայացրել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, ինչի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում, ի թիվս այլ խնդիրների, պարզվել է, որ մեր շենքի տանիքի նկատմամբ գրանցված է «Միկշին» ՍՊԸ միանձնյա սեփականությունը, այնինչ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տանիքը հանդիսանում է շենքի բոլոր շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը:

Շրջանցելով օրենքն ու Կառավարության որոշումը, ըստ որի՝ մեր շենքը պետք է «հարթ տանիք» ունենար, Կառուցապատողը տանիքն անվանափոխել և այն կադաստրի պետական գրանցման է ներկայացրել որպես վերնահարկ, իսկ որպես տանիք է գրանցել դրա մի հատվածը միայն, որն էլ օգտագործել է սեփական արևային ջրատաքացուցիչները տեղադրելու համար՝ առանց բնակիչների համաձայնությունն անգամ հարցնելու:
Հարկ է նշել նաև, որ Շենքի հիմնական՝ Քաղշինպետկոմի հաստատած նախագծում Շենքի համար նախատեսված է եղել ամբողջական տանիք, սակայն մեր՝ շահառուներիս կողմից բնակարանների ձեռք բերման նախնական պայմանագրերի կնքումից հետո, առանց քաղաքաշինության կոմիտեի իմացության, «Միկշինը» Երեւանի քաղաքապետարանի միջոցով հաջողել է կատարել նախագծի փոփոխություն՝ «տանիքը» անվանափոխելով «վերնահարկի», այնինչ դրա նշանակությունը շարունակում է մնալ «տանիք»: Ընդ որում՝ Քաղաքաշինության պետական կոմիտեն ստորագրել է Շենքի ավարտական ակտն ու ընդունել այն «Միկշին» ՍՊԸ-ից՝ առանց նույնիսկ ստուգելու, թե Շենքը փաստացի համապատասխանո՞ւմ է կառավարության սահմանած պահանջներին։

Այսպիսով, «Միկշին» ՍՊԸ-ի աճպարարության հետեւանքով շահառուներս զրկված ենք մեր իսկ շենքի տանիքն իր նպատակային նշանակությամբ օգտագործելու եւ, ըստ այդմ, շենքի միասնական ամբողջական սպասարկումն իրականացնելու հնարավորությունից։ Մենք ունենք հիմնավոր մտահոգություններ, որ տանիքը հետագայում օգտագործվելու է այնպիսի նպատակներով, որոնք կխախտեն մեր օրինական շահերը և իրավունքները։ «Միկշին» ՍՊԸ-ն հավաստիացնում է, որ նման խախտումներ թույլ չի տա, սակայն չի բացառվում, որ հետագայում տանիքն օտարվի որևէ երրորդ անձի կամ բռնագանձվի «Միկշին»-ի պարտավորությունների դիմաց։

Հատկանշական է նաև, որ նույն Շենքի տանիքին «Միկշին»-ն արդեն իսկ տեղադրել է ջրատաքացուցիչներ, որոնցից ցածր ինքնարժեքով ստացվող տաք ջուրը մեզ պարտադրվում է գնել այնպիսի գնով, որն առավել քան կրկնակի թանկ է ցանկացած այլ ջեռուցման միջոցներով ստացվող տաք ջրի ինքնարժեքից:
«Միկշին»-ի հետ վերջերս ունեցած մեր բանակցությունների ընթացքում վերջինիս տնօրինությունը կտրականապես հրաժարվեց շենքի տանիքը փոխանցել շենքի բոլոր սեփականատերերի բաժնային սեփականությանը՝ իր գերշահույթ ստանալու նպատակները գերադասելով հարյուրավոր շահառուներիս շահերից։

Շենքի սպասարկման համար ևս Կառուցապատողն առաջարկում է այնպիսի գներ (ամսական 24 հազար դրամ), որոնք բազմապատիկ թանկ են այլ բնարակապահովման ծրագրերում կիրառվող գներից, ինչպես օրինակ` Ծարավ Աղբյուրի փողոցում երիտասարդ մասնագետների համար կառուցված շենքերում են։
Տարիներ շարունակ վարձով բնակվելուց, սրտատրոփ մեր բնակարաններին սպասելուց, մեծ դժվարությամբ դրանք վերջապես ստանալով մենք ոչ միայն ստիպված ենք մարել հիպոթեքային վարկերը, այլև մեկ բնակարանի վարձավճարի չափով անտրամաբանական հավելյալ վճարումներ կատարել նույն «Միկշին» ՍՊԸ-ի կողմից համատիրության փոխարեն ստեղծված կոմունալ սպասարկող ընկերություններին, որոնք, ի դեպ, որեւէ կերպ չեն հիմնավորում՝ ինչպե՞ս են հաշվարկել սպասարկման գումարները։

Այս բյուջետային ծրագիրը, որն ուղղված է պետական ծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը, ինքնին դարձել է սոցիալական խնդիր և շարունակական «գլխացավանք» մեզ համար, և Կառուցապատողը, օգտվելով իր գերիշխող դիրքից և հնարավորություններից, իրեն վերապահել է իրավունքներ՝ բացահայտ կերպով ոտնահարելու հարյուրավոր պետական ծառայողների ընտանիքների օրինական շահերը:
Պարոն Նախագահ,

Պետական տարբեր կառույցների դռները թակելուց ու մեր խնդիրներին վերջնական լուծում չստանալուց հետո ակնկալում ենք Ձեր միջամտությունն ու խնդրում ենք կանխել մեր համեստ աշխատավարձերի և մեր ընտանիքների նվազագույն բարեկեցության հաշվին «Միկշին» ՍՊԸ-ի՝ տնտեսական գերշահույթ ստանալու մոլուցքը և փրկել բնակարանային ապահովման այս ողջունելի գաղափարի բարի համբավը։

Հարգանքներով՝
Շուրջ 200 պետական ծառայող-շահառուներ

դիտվել է 20107 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սա անասնական բան է դառնում․ Տեր Նշան քահանա Ալավերդյան

Ուշադրություն Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի հարազատներին

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են