Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Հայաստանը պատասխանել է ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքին


Պետդեպարտամենտից հայտնել են, որ ԱՄՆ-ն այլ երկրների իշխանություններին զգուշացրել է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ու հետախուզության հետ գործարքների հնարավոր հետևանքների մասին:

«Մենք բավարարված ենք, որ որոշ երկրներ դադարեցրել են ռուսական որոշ նյութերի ու ապրանքների գնումները: Մեր գնահատականներով, խոսքն ավելի քան 3 միլիարդ դոլար գումարի մասին է: Այդ գործարքների դադարեցումը, ըստ էության, պատիժ է», ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերտը:

Հիշեցնենք, որ անցած տարի Կոնգրեսի ընդունած օրենքով հնարավոր է դառնում պատժամիջոցներ կիրառել այն երկրների հանդեպ, որոնք գործարքներ են իրականացնում Ռուսաստանի պաշտպանական ու հետախուզական մարմինների հետ:

Հիշեցնենք նաեւ, որ երեկ Հայաստանում էր Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Սերժ Սարգսյանն ընդունել է նրան եւ շեշտել Հայաստանի ու Ռուսաստանի հետախուզությունների համագործակցության անհրաժեշտությունը:

Նոյերտը հաղորդել է, որ Պետդեպարտամենտն ամբողջ աշխարհում ԱՄՆ դիվանագիտական հաստատություններին հանձնարարել է նոր օրենքը քննարկել ընդունող երկրների կառավարությունների հետ:
«Նրանց առաջարկվել է բացատրել այդ երկրներին, թե ինչի կարող են բախվել, եթե ընկերությունները կամ առանձին անձինք այնպիսի գործունեության մասնակցեն, որը կգերազանցի որոշակի շեմային մակարդակը եւ որը կարող է դրական ազդել ռուսական պաշտպանական սեկտորի, հետախուզության եւ այլ նմանատիպ ոլորտների վրա», - ասել է Նոյերտը:

«Եթե ինչ-որ բան տեղի ունենա, մենք պատժամիջոցներ կկիրառենք այդ երկրների, անձանց եւ կազմակերպությունների դեմ: Այս աշխատանքը շարունակելու ենք մանրակրկիտ կատարել», ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Հայաստանի կառավարությանը տեղյակ է պահել հնարավոր պատժամիջոցների մասին, եթե պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ռուսական ընկերությունների հետ «էական գործարքներ» լինեն: Այս մասին հայտնել էին Երեւանում ԱՄՆ դեսպանատնից:
Հայաստանի Պաշտպանության նախարարությունից արձագանքել են, որ հարցն ԱԳՆ հարթությունում է: Իր հերթին, Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է, որ «Երեւանը բարձր է գնահատում գործընկեր երկրների հետ համագործակցությունը»:

Դրանից հետո Երեւանը չի հայտարարել Ռուսաստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության մակարդակի իջեցման մասին: Հայաստանը երաշխիքներ ունի՞, որ ԱՄՆ-ն իր դեմ պատժամիջոցներ չի կիրառի: Ինչպե՞ս է Հայաստանը մտադիր պատասխանել ԱՄՆ հնարավոր պատժամիջոցներին:
Երեկ Երեւանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ: Պարզվել է, որ 2017 թվականին հայ-ռուսական առեւտրաշրջանառությունն աճել է 26.1%-ով:

Երկկողմ առեւտրաշրջանառության ծավալը հասել է ռեկորդային մակարդակի՝ ավելի քան 1.7 միլիարդ դոլար, նշել է Մ. Սոկոլովը:

դիտվել է 21347 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Դաշնակցությունն ու ՀՀկ-ն պատժվեցին

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն