Երևան
21 / Հունիս / 2018

Երկրորդ անգամ Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորումը ճանաչվել է լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի արդեն ավանդական դարձած «Հայկյան-2017» մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն մարզում» անվանակարգում 2-րդ անգամ անընդմեջ հաղթող է ճանաչվել «Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը:

Փետրվարի 28-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը մասնակցում էին Կազմակերպության անդամ, պ.գ.թ., դոցենտ Գրիգոր Բալասանյանը և ԱԵԳՄՄ-ի հիմնադիր նախագահ, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը: Վերջինս, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Սաղաթելյանից ստանալով մրցանակը` միասնություն խորհրդանշող արձանիկը, հավաստագիրն ու նոթբուքը, շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին` Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, Կազմակերպության համեստ աշխատանքը բարձր գնահատելու, առանձին անհատների ու կառույցների՝ Կազմակերպության կողքին լինելու և ծրագրերին աջակցելու համար:

««Երկրորդ տարին անընդմեջ «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն մարզում» անվանակարգում հաղթող ճանաչվելն, անշուշտ, ուրախալի է, հաճելի, մոտիվացնող և առավել քան` պարտավորեցնող»,- նշել է Ա.Հարությունյանն ու, իբրև ասվածի առհավատչյա, ներկայացրել Կազմակերպության կողմից հաջողությամբ իրականացված ծրագրերը:

Դիմելով մրցանակաբաշխությանը ներկա գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Կազմակերպության հիմնադիր նախագահը նախատեսվող հավակնոտ մի շարք ծրագրերից առանձնացրել է երկուսը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018 թվականը հոբելյանական է և նշվում է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը և Արցախյան շարժման 30-ամյակը, մենք մեր համար սահմանել ենք բարձր նշաձող և նպատակ ունենք Ստեփանակերտում կազմակերպել հայոց պետականության հիմնախնդիրներին նվիրված հերթական միջազգային գիտաժողովը, հրավիրել Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ-ի 8 նահանգների, Ավստրալիայի Հարավային Ուելս նահանգի և Բասկերի երկրի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներին, որոնք հնարավորություն կունենան անմիջականորեն ծանոթանալու Արցախի կենսագործունեության տարբեր բնագավառներին, ժողովրդավարության մակարդակին, շփվելու հասարակության տարբեր շերտերի հետ` դրանով իսկ պարարտ հող ստեղծելով գործնական հարաբերությունների հաստատման համար: Բացի այս, Կազմակերպությունը նախաձեռնել և կյանքի է կոչել Արցախի Էլեկտրոնային Գրադարանի կայքի ստեղծումը՝ նպատակ ունենալով մեկտեղել Արցախի վերաբերյալ գիտական, ճանաչողական և գեղարվեստական գրականությունը, խթանել Արցախյան թեմայով ուսումնասիրությունների կատարումը, որոշ չափով հակազդել հակաարցախյան տեղեկատվությանը, ինչպես նաև այն օգտագործել գիտահետազոտական, ճանաչողական և քարոզչական նպատակներով»:

 

Մրցանակաբաշխության ավարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, մաղթել նրանց նորանոր հաջողություններ` հույս հայտնելով, որ ստացած մրցանակները բաղադրիչներն են դառնալու հաջողությունների այն երկար շղթայի, որ երիտասարդները հետագայում էլ պետք է ունենան` ի փառս Հայաստանի և հայ ժողովրդի:

««Հայկյան» մրցանակաբաշխությունը սահմանվել է 2001 թվականին, այսինքն՝ այս մրցանակաբաշխությունը 21-րդ դարի զավակ է: Դուք էլ եք 21-րդ դարի զավակներ՝ անկախ նրանից, որ ձեզնից ոմանք հնարավոր է լույս աշխարհ են եկել նախորդ դարի վերջերին: Միևնույնն է` 21–րդ դարը ձերն է, 21-րդ դարում դու՛ք պետք է հասնեք հաջողությունների, 21-րդ դարում Հայաստանի պատիվը դու՛ք պետք է պահեք, Հայաստանի հաջողության գրավականը դու՛ք պետք է լինեք»,- շնորհավորանքի խոսքում ասել է Ս.Սարգսյանը:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 17-ամյա կենսագրություն ունեցող մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում նշանակալի մասնակցություն են ունեցել երիտասարդության ոլորտում: Այս առումով իրավամբ կարելի է ասել, որ ԱԵԳՄՄ-ն ոչ միայն միավորել է Արցախում գիտությամբ զբաղվող երիտասարդ գիտնականներին ու մասնագետներին, այլև նոր հեռանկարներ է բացել նույն երիտասարդների ինքնակազմակերպման և ինքնադրսևորման համար` այդպիսով յուրովի ներդրում ունենալով գիտության խթանման ու զարգացման գործում:

 

Նշենք, որ Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորումն իր եռամյա գործունեության ընթացքում Արցախում իրականացրել է մոտ մեկ տասնյակ գիտակրթական և ռազմահայրենասիրական ծրագրեր (մանրամասն կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղմամբ http://aegmm.org/archives/1313), որոնք մեծապես նպաստել է նրան, որպեսզի Արցախում և Հայաստանում գիտությամբ զբաղվող երիտասարդներն ավելի մոտիկից ճանաչեն իրար, տարբեր ձևաչափերով համագործակցեն իրար հետ, ինչպես նաև փոխանակվեն գիտական տեղեկատվությամբ:

դիտվել է 3524 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հատուկ թողարկում․ Երկրապահում կան հրաշալի մարդիկ, ովքեր չպետք է կիսեն այս ամոթն ու այդ խարանը

Ուշադրություն.հրապարակվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի անուններ

ՊՆ-ն պետք է հստակ նշի, թե այդ ապրանքներն ինչպես են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են