Երևան
14 / Դեկտեմբեր / 2018

Սևակին ճանաչում են սփյուռքում, և հայերը կքվեարկեն. հնարավոր է նաև բարձր հորիզոնական զբաղեցնի

Yelaket.am-ի զրուցակիցը «Nemra» խումբն է, ում հետ զրուցել ենք «Դեպի Եվրատեսիլ» նախագծի, պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության և Սևակ Խանաղյանի «Քամի» երգի մասին:

Ինչու՞ է խումբը կոչվում «Nemra»:

Քանի որ մեր երգերը անգլերենով ենք գրում, «Արմեն» անունն ընտրել ենք հայկական ծագումն ընդգծելու նպատակով: Պարզապես, երբ մտածում էինք յուրահատուկ երանգ տալ այդ անվանը, փորձեցինք աջից ձախ կարդալ և մեզ դուր եկավ:

Ինչու՞ որոշեցիք մասնակցել «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին :

«Դեպի Եվրատեսիլ»-ին մասնակցելու մասին սկսեցինք մտածել տեսնելով մեր երկրպագուների՝ նեմրացիների բազմաթիվ մեկնաբանությունները «Դեպի Եվրատեսիլ»-ի հրապարակումների տակ, որտեղ անընդհատ մեզ էին նշում և խնդրում մասնակցել:
Երբ հասկացանք, որ կանոններն այնպիսին են, որ մասնակիցներն իրենց սեփական երգով պետք է ներկայանան, դա մեզ դուր եկավ, քանի որ չենք սիրում, երբ երաժիշտները գնահատվում են արդեն հայտնի արտասահմանյան երգերով ներկայանալով: Այդպիսով որոշեցինք մեր բազմաթիվ երգերից մեկն էլ առաջարկել` Հայաստանը Եվրոպայում ներկայացնելու համար:

Հանրությունը Ձեզ սիրեց և ընդունեց: Ցանկություն կա՞ 2019 թվականին նորից մասնակցության հայտ ներկայացնել:

Եթե ուրիշ ավելի կարևոր բան չունենանք մյուս տարի, Հայաստանում լինենք, զբաղված չլինենք ձայնագրություններով ու համերգներով և համապատասխան երգ ունենանք, էլի սիրով կմասնակցենք:

Ի՞նչ եք կարծում, միայն լավ երգիչ լինելն ու լավ երգ ունենալը բավական է մրցույթում հաղթելու համար:

Եթե լավ երգիչ ասելով ի նկատի ունենք միայն վոկալային տվյալները, իհարկե, միայն դա շատ-շատ քիչ է թե՛ մրցույթում հաղթելու, թե՛ հանդիսատեսի համակրանքը շահելու համար: Շատ մասնակիցներ ամենացածր միավորները ստացան , սակայն հիանալի ձայն ունեին:
Մեզ մոտ ամենակարևոր առավելությունն այն է, որ մենք հաճույք ենք ստանում բեմում անցկացրած ցանկացած վայրկյանից և բեմից իջնելուց հետո էլ անհամբեր սպասում ենք, թե երբ ենք հաջորդ անգամ բարձրանալու։ Երբեք չենք վախեցել բեմ դուրս գալուց, դա միշտ տոն է մեզ համար և մարդիկ դա զգում են:
Մյուս նախապայմանն այն է, որ երգիչը երգելիս զգա այն, ինչ երգում է, կապ չունի՝ ինչ թեմայով է երգը, իսկ մեր դեպքում, քանի որ հենց մենք ենք գրում մեր երգերը, զգում ենք ամբողջությամբ, թե ինչի մասին ենք երգում:

Ըստ Ձեզ՝ պրոֆեսիոնալ ժյուրին արդա՞ր էր քվեարկել:

Դե եթե կիսաեզրափակչում մեզ 12 միավոր է տվել, իսկ եզրափակչում՝ 10 միավոր, ուրեմն մաքսիմում մոտ է արդարությանը…

Հաջողություն կունենա՞ Սևակ Խանաղյանի «Քամի» երգը:

«Եվրատեսիլ»-ում հաջողություն ասվածը հարաբերական է, եթե ի նկատի ունեք զբաղեցրած դիրքը՝ բոլորս էլ լավ գիտենք, որ հաճախ լավ ելույթը, երգը, շոուն կապ չունեն ստացած միավորների հետ, հիմնականում հարևան երկրների և քաղաքական շահերի շնորհիվ են միավորներ ստանում, իհարկե, բացառություններ լինում են, ինչպես անցած տարի եղավ և հաղթեց երգը: Անկեղծ ասած այս երգը՝ «Քամին», չենք կարծում, որ եվրոպացիներին կգրավի, ինչպես պորտուգալացու երգը գրավեց, երբ հենց առաջին անգամ լսելիս մենք էլ ասացինք` հաստատ նա է հաղթողը, բայց քանի որ Սևակին ճանաչում են սփյուռքում և հայերը կքվեարկեն, հնարավոր է նաև բարձր հորիզոնական զբաղեցնի:

Կա՞ն համերգների հրավերներ:

Համերգների հրավերներ մինչ «Դեպի Եվրատեսիլ»-ն էլ կային, սակայն հիմա ուզում ենք մենահամերգով ներկայանալ, նոր անցնենք առանձին հրավերներին: Նաև ցանկություն ունենք շրջագայել տարբեր երկրներով, բայց քանի որ ամեն ինչ ինքներս ենք անում՝ առանց պրոդյուսերների, այդ ամենը մի քիչ դանդաղ է ստացվում:

Հաջողության Ձեր բանաձևը:

Անկեղծություն, համարձակություն, սեր, գաղափար, դե մի քիչ էլ տաղանդ…

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը։

դիտվել է 7797 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՎԻԴԵՈ. Ինչպես են հանրապետականները լքում ԱԺ-ն

Միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Այս տեսանյութը շոկի է ենթարկել հազարավոր օգտատերերի․ Ինչպես են Վրաստանում աղջիկ փախցնում (Տեսանյութ)...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...