Երևան
13 / Նոյեմբեր / 2019

Հայերի սննդակարգի ձեւավորման գլխավոր չափանիշը սննդամթերքի գներն են. փորձագետ

Հայերի սննդակարգի ձեւավորման գլխավոր չափանիշը սննդամթերքի գներն են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 9-ին ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։

Նրա խոսքով՝ երեւանցիների սննդակարգը տարվա ընթացքում մի քանի անգամ կտրուկ փոխվում է՝ օրինակ ամռանը հայերը գործածում են համեմատաբար ավելի շատ բանջարեղեն, քան ձմռանը, ինչը պայմանավորված է գների սեզոնային կտրուկ տատանումներով։

«Միջազգային շուկաներում գրանցվում են սննդակարգերի սեզոնային աննշան տատանումներ, քանի որ դուք չեք գտնի որեւէ եվրոպական երկիր, որտեղ գյուղատնտեսական մեկ կիլոգրամ լոլիկը ամռանն արժե 150 դրամ, իսկ ձմռանը՝ 1500 դրամ, Իտալիայում այդ սեզոնին լոլիկը վաճառվում է 1 եվրոյով, մինչդեռ մեր երկրում՝ 3 եվրո է ստացվում դրամային համարժեքով»,- ասաց փորձագետը։

Նա նշեց, որ շատ հաճախ Հայաստանում բանջարեղենի գործածման սեզոնային նվազումը կապակցում են նրա հետ, որ բնակչությունը չի սիրում ոչ սեզոնային բանջարեղեն գործածել, սակայն դա սխալ պնդում է, քանի որ անցած տարի հայտնաբերված էժանագին թուրքական լոլիկը շատ արագ իրացվել է։

Այնուհետեւ Դավիթ Պիպոյանը հայտնեց, որ 2015-2017 թվականներին Հայաստանում մսամթերքից մեծամասամբ գործածվում էր տավարի միս, սակայն կարմիր մսի գների բարձրացման պատճառով Երեւանում 2018-ի առաջին ամիսներին հավի մսի գործածումը 2․5 անգամ աճել է։

«Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի հսկողությունը ցածր մակարդակի վրա է գտնվում, ու դա մտահոգում է ոչ միայն բնակչությանը, այլեւ փորձագիտական համայնքին։ Մի կողմից՝ մենք գործ ունենք բնակչության առողջության հետ, մյուս կողմից էլ՝ բազմաչարչար գյուղատնտեսական սուբյեկտների»,- նշեց նա։

Նրա խոսքով, անվտանգության կառավարման համակարգերի ներդրումը ու սննդամթերքի փորձաքննության անցկացումը գյուղական տեղանքներում հանգեցնում է գյուղատնտեսական արտադրատեսակների թանկացմանը։

«Ոչ մի եվրոպական երկրում հնարավոր չէ ապրանքն իրացնել՝ առանց սերտիֆիկացման փորձաքննության անցկացման, բայց մեզ բոլորիս հայտնի է, որ Հայաստանում ամռանը փողոցներում ու բակերում վաճառում են սերտիֆիկացում չանցած գյուղմթերք»,- նշեց փորձագետը։

Նրա խոսքով՝ պետությունը չի վերահսկում այդ վաճառքը, հետեւաբար, չի կարող երաշխավորել չսերտիֆիկացված մթերքների անվտանգությունը։

«Գյուղմթերքի անվտանգության հսկողության խստացումը դժգոհության ալիք կառաջացնի, բայց մենք պետք է հասկանանք, որ անվտանգ սննդամթերքի արտադրությունն ու գործածումը միայն կնպաստի Հայաստանում ագրարային ոլորտի զարգացմանը»,- ամփոփեց Դավիթ Պիպոյանը։

Նյութի աղբյուրը ՝ News.am

դիտվել է 4551 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)