Երևան
24 / Սեպտեմբեր / 2018

Պեսկովի ապտակը Պուտինին. Նոր իրավիճակ Հայաստանի համար

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը արձագանքել է իր ղեկավարի հայտնի հայտարարությանը: Մի քանի օր առաջ NBC ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում Պուտինն ասել էր, թե իր մամուլի քարտուղարը երբեմն դուրս է տալիս անհեթեթություններ, որոնցից ինքը տեղյակ չէ:

Պեսկովը այդ կապակցությամբ հայտարարել է, թե նախագահի հետ աշխատանքը միշտ ուղեկցվում է քննադատությամբ, քանի որ Պուտինը շատ խստապահանջ մարդ է: Միեւնույն ժամանակ, Պուտինի խոսնակն ասել է, թե ինքը երբեք չի արտահայտում անձնական կարծիք եւ իր բոլոր հայտարարությունները Կրեմլի տեսակետն են:

Այլ կերպ ասած, Պեսկովն անհեթեթությունների հեղինակ է համարել Պուտինին, եթե իհարկե Կրեմլի տեսակետը Պուտինի տեսակետն է: Կամ էլ Պեսկովը ակնարկել է, որ Պուտինը չի տիրապետում Կրեմլին եւ անտեղյակ է ոչ թե Պեսկովից, այլ Կրեմլից ընդհանրապես:

ՌԴ մամուլի քարտուղարի այդ դիվանագիտորեն նուրբ տողատակով արված հակադարձումը կարող է իրականությանը համապատասխանել թե մեկ, թե մյուս տարբերակով: Ի վերջո, թե Պուտինից հեռու չեն անհեթեթությունները, որոնք նա անձամբ է արտաբերում, թե հեռու չէ այն, որ նա չի տիրապետում Կրեմլին, եւ Կրեմլ ու Պուտին հասկացությունները եւ տեսակետները ամենեւին նույնը չեն:
Ընդհանուր առմամբ, իրավիճակը Ռուսաստանի ներիշխանական համակարգում, Պուտինի անմիջական շրջանակում բարդ եւ հակասական իրադրության արտացոլումն է, որը հերթական անգամ հուշում է հարցի արդիականությունը՝ ո՞վ է կառավարում Ռուսաստանը, այդ կառավարման համակարգում ու՞մ է «հսկիչ փաթեթը» կամ որոշիչ ձայնի իրավունքը:

Այդ հարցը հույժ կարեւոր է թե միջազգային հարաբերությունների, թե մասնավորապես Հայաստանի տեսանկյունից: Ռուսաստանի իշխանական վերնախավում այդ իրողությունը Հայաստանի համար պարունակում է թե ռիսկեր, թե նաեւ հնարավորություն: Հնարավորություն, եթե Երեւանը կարողանում է համարժեք տիրապետել Ռուսաստանում իշխանության «բաժնետերերի» կազմին, նրանց տնօրինած չափաբաժնին, ռեսուրսներին, լծակներին եւ մոտիվներին:

Ռուսաստանում տնտեսա-քաղաքական խմբավորումների բախումը եւ պայքարը իշխանության որոշիչ ձայնի համար ամենեւին նոր չէ: Այստեղ իհարկե «եզրափակիչ» դուրս եկածները Գազպրոմն ու Ռոսնեֆտն են, որոնց հակամարտությունն ունի տարիների պատմություն եւ դեռ մի քանի տարի առաջ մի շարք հոդվածներում պարբերաբար անդրադարձել եմ Հայաստանում դրանց հակամարտության արտացոլման հավանականությանը, հաշվի առնելով թե Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվելը, թե մասնավորապես այդ երկու խոշոր կորպորացիաների ազդեցությունը ՌԴ քաղաքականության վրա եւ անմիջականորեն Հայաստանի տնտեսական սեկտորում ներկայացվածությունը:
Միեւնույն ժամանակ, կան նաեւ «հավակնորդներ», համեմատաբար ավելի փոքր ռեսուրսներ, իշխանության համեմատաբար ավելի սահմանափակ հավակնություն ունեցող տնտեսա-քաղաքական խմբեր, որոնք եւս ներկայացված են Հայաստանում:

Ի դեպ, այդ տեսանկյունից տեղի են ունենում ուշագրավ վերադասավորումներ նաեւ Հայաստանում: Ռուսական սեփականություն էներգացանցերն անցան ռուսահայ կապիտալով Տաշիր գրուպին, խոսվում է Սեւան-Հրազդան Կասկադը օտարելու մտադրության մասին: Բոլորովին վերջերս Ռոստելեկոմ ընկերությունը հայտարարել էր, թե մտադիր է վաճառել Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում գործող իր սեփականությունը: Օրեր անց մամուլը գրեց, որ Ռոստելեկոմի հայաստանյան սեփականությունը գնելու է Վիվասել-ՄՏՍ-ը, որը Սիստեմա ընկերության սեփականությունն է: Ի դեպ, ուշագրավ է, որ բոլորովին վերջերս վերանայում եղավ նաեւ այդ ընկերության բաժնետերերի շրջանում: Ինչպես հայտնի է ռուսական Սիստեմա ընկերության տնօրենների խորհրդի անդամ է Ռոբերտ Քոչարյանը: Սիստեման տեւական ժամանակ ներքաշված էր Բաշնեֆտի գործի մեջ, որն ի վերջո անցավ Ռոսնեֆտին:
Հայաստանն այդ տեսանկյունից մի կողմից վերածվել է տնտեսա-քաղաքական «ջրափոսի», որում աղճատվածության այս կամ այն աստիճանով արտացոլվում է Ռուսաստանի տնտեսա-քաղաքական անցուդարձը, մյուս կողմից ներկայում ձեւավորվել է մի հեռանկար, երբ Հայաստանն ինքը կարող է սկսել փոսից դուրս գալու որոշակի կայուն գործընթաց, այդպիսով նաեւ դառնալով որոշակի հաղորդակցության հարթակ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ:

Բանն այն է, որ չնայած գլոբալ հակամարտությանը, Ռուսաստանի իշխանության համար պայքարող սուբյեկտներն առանձին-առանձին թերեւս ունեն հարաբերության կարգավորման խողովակի անհրաժեշտություն:

Այստեղ իհարկե շատ կարեւոր է, թե որքանով կարող է Երեւանը կատարել այդ դերը: Իսկ դա կարող է լինել նախաձեռնող եւ պատասխանատու դեր, հակառակ դեպքում Հայաստանը դատապարտված է մնալ ռուսական իրականության «ջրափոս»:

Խնդիրն այն է, որ Հայաստանն ունի ռուսական իրականության հետ հաղդորդակցվելու նոր գործիքակազմի կամ ավելի շուտ նոր կառուցվածքի անհրաժեշտություն, որը պահանջում է առավել ճկունություն, բազմաֆունկցիոնալություն: Եթե Հայաստանը չկարողանա գտնել այդ աշխատանքի կարողությունը, Ռուսաստանից նախաձեռնություն չի լինելու, այնտեղ մասշտաբը չափազանց մեծ է այդօրինակ ճկունություն ցուցաբերելու, այսպես ասած «ծալվելու» համար, որքան էլ խորքային առումով լինի Հայաստանի միջոցով տրանսֆորմացիոն գործընթացի վրա կանգնելու պահանջարկը եւ անհրաժեշտությունը:

Հարցն այստեղ է՝ Հայաստանում կգտնվի՞ Ռուսաստանի հետ հարաբերության վերափոխման խնդիրը լուծող ճկուն համակարգ, կձեւավորվի՞ կառուցվածք: Դրա հնարավորությունը կա, կառավարման նոր մոդելն ու բազմակենտրոն տրամաբանությունը տալիս է մեխանիզմներ: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպիսին են լինելու մոտիվացիաները, Սերժ Սարգսյանը կարողանալու՞ է մոտիվացնել նոր կառուցվածքի սեգմենտներին, եւ դրա համար ավելի շատ նրա վարչապետությու՞նն է պահանջվելու, թե՞ հակառակը:

Բայց Ռուսաստանի առումով թերեւս հստակ է, որ պահանջվելու է Պուտինի նախագահությունը, որի հնարավորինս սահուն ընթացքի ուղղությամբ փորձում է աշխատել նաեւ Արեւմուտքը եւ կատարում քայլեր նրան ամրացնելու ուղղությամբ: Պուտինը հենման կետն է, որի վրա կառուցվում է ռուսական համակարգի հակադրությունների մասշտաբային գործընթացը, միաժամանակ չվերածվելով անկառավարելի քաոսի: Պուտինը հենման կետն է, որը թույլ է տալիս ապահովել գոնե նվազագույն կանխատեսելիություն այդ գործընթացի համար:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 100801 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են