Երևան
24 / Սեպտեմբեր / 2018

Հարված ողնաշարին. ՀՅԴ-ն առաջարկում է նոր կոալիցիա

Lragir.am-ը գրում է.

ՀՅԴ-ն հրապարակել է կուսակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու թեմայով: Վերլուծելով խոշորագույն այդ նախագիծը, որն իբրեւ թե իրականացման փուլում է, ՀՅԴ-ն եզրակացնում է, որ անհրաժեշտ է վերանայել դրա պայմանները, թերացած շինկազմակերպությունների հետ պայմանագրերը, սահմանել վերահսկողության նոր մեխանիզմներ, նաեւ ներգրավել շինարարական նոր ընկերությունների, որոնք բացի վարկն օգտագործելուց, պատրաստ կլինեն ներդնել շինարարության մեջ նաեւ իրենց միջոցները:

Դե ֆակտո, ՀՅԴ-ն առաջարկում է Հյուսիս-Հարավը «սկսել զրոյից»:
Հյուսիս-հարավը Հայաստանի ոչ միայն ներկայիս, այլ թերեւս անկախության շրջանի տնտեսական, նաեւ քաղաքական, ռազմավարական խոշորագույն նախագիծ է, որի ընթացքը սակայն ոչ թե պետականության համար հպարտության առիթ է, այլ խայտառակության դրսեւորում: Հայկական պետականության աշխարհքաղաքական, քաղաքակրթական, կամային այցեքարտ դառնալու փոխարեն նախագիծը վերածվել է զավեշտի եւ անամոթության շքերթի, դառնալով պետական անարդյունավետության յուրօրինակ խորհրդանիշ:
Միեւնույն ժամանակ, Հյուսիս-Հարավը նաեւ հավակնում է լինել ընդհանուր «կերակրատաշտ» իշխող համակարգի տնտեսա-քաղաքական տարբեր սեգմենտների համար, այդ իմաստով էլ ըստ էության լինելով հայկական տնտեսության յուրօրինակ մոդել: Ինչպես տնտեսությունն է քվոտավորված, բաժանված մի քանի իշխող խմբերի միջեւ, նույնն էլ Հյուսիս-Հարավ նախագիծն է, որը կարող է դիտվել իշխանության տնտեսա-քաղաքական ողնաշար:

Ընդ որում, ամենեւին պատահական չէ, որ ներկայում մեծացել է ուշադրությունը նախագծի հանդեպ, քննարկվում է դրա անարդյունավետությունը ընդհուպ կառավարության, վարչապետի, կապի ու տրանսպորտի նախարարի մակարդակում, զգուշացվում է ներգրավված չինական ընկերություններից մեկը: Հիմա էլ փաստացի խնդրին միանում է ՀՅԴ-ն, բավական արմատական ու կոշտ առաջարկով:
Բանն այն է, որ Հայաստանի իշխող համակարգը ներկայում վերադասավորումների գրեթե բոլորի համար ակնառու փուլում է, ինչը նշանակում է, որ դրա տարբեր դրսեւորումները լինելու են զգայուն բոլոր ուղղություններով: Հյուսիս-Հարավը դրանցից մեկն է, քանի որ այնտեղ հատվում են խոշոր, ըստ այդմ զգայուն տնտեսա-քաղաքական շահեր:

Այն ըստ էության յուրօրինակ տնտեսա-քաղաքական կոալիցիա է քաղաքական գործընթացից կամ ֆորմատից դուրս: ՀՅԴ-ն այդ իմաստով առաջարկում է փաստացի նոր կոալիցիա, ընդ որում արմատական վերանայումով: Բացառված չէ, որ Դաշնակցությունն ակնկալում է Հյուսիս-Հարավում սեփական ներգրավվածության աճ:

Բացառված չէ նաեւ, որ այստեղ դրսեւորվում է ՀՅԴ-Կարեն Կարապետյան յուրօրինակ կոալիցիա, քանի որ մինչ այդ հենց Կարապետյանն էր բավական մեծ ուշադրություն դարձնում նախագծին ու խոսում նոր ներդրումներ ներգրավելու անհրաժեշտության, շինարարական թերացումների մասին:

Այդ կոալիցիան կարող է տեղավորվել խորհրդարանական կառավարման մոդելի անցման հարցում ՀՅԴ վերջին շրջանի մի քանի ուշագրավ դիտարկումներում, որտեղ կուսակցությունը պարբերաբար շեշտադրում է կառավարման խորհրդարանական մոդելի իրական, լիարժեք անցման անհրաժեշտությունը: Իսկ այստեղ անթաքույց է, որ առաջնային խնդիրն այդ դեպքում դառնում է Սերժ Սարգսյանի վարչապետությունը: Եթե նա մնա վարչապետ, ապա խորհրդարանական մոդելի ցուցանակով գործնականում կաշխատի անձնավորված մոդել, առաջացնելով հակասությունների մեծ ռիսկեր:

Առավել մանրամասն՝ http://www.lragir.am/index/arm/0/comments/view/171836

դիտվել է 38119 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են