Երևան
21 / Հուլիս / 2018

Աշխատավարձերը և թոշակները անպայման բարձրացնելու են

Երեկ խորհրդարան եկած վարչապետ Կարեն Կարապետյանը չափազանց տխուր, կարելի է ասել՝ ընկճված տեսք ուներ: Դա միանգամայն բացատրելի է, որովհետև նա այլևս վարչապետ է դե յուրե, իսկ դե ֆակտո նրան այլևս որէ մեկը չի ընկալում որպես վարչապետ: Եվ միակ հարցը, որ հետաքրքրում է պատգամավորներին այն է, թե արդյոք Կարեն Կարապետյանը պատրաստ է մնալ հաջորդ կառավարության կազմում, զբաղեցնել թերևս իր համար նախանշված առաջին փոխվարչապետի պաշտոնը: Կարեն Կարապետյանն այդ հարցին չպատասխանեց, ասելով. «Բայց դրա քննարկումը եղե՞լ է, որ ես ասեմ՝ պատրաստ եմ, թե չէ»:

Կարելի է ենթադրել, որ Կարեն Կարապետյանին դեռևս առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի արվել, նրա հետ այդ հարցը չի էլ քննարկվել, և, հետևաբար, նա չի կարող ասել՝ կհամաձայնվի այդ առաջարկը ընդունել, թե ոչ: Բայց վատ չէր լինեի, եթե նա միանգամից հայտարարեր, որ պատրաստ է կատարել հարազատ կուսակցության կամքը, լինել այնտեղ, որտեղ կնախանշի կուսակցությունը: Այդպես են պատասխանում բոլոր այն իշխանավորները, ովքեր սպասում են հերթական նշանակման: Որովհետև երբ դու քեզ խոնարհ ու հնազանդ ես պահում, դա գնահատվում է: Բայց Կարեն Կարապետյանը դեռևս համառում է, ու հնարավոր է, որ եթե շատ համառի, այդ պաշտոնից էլ զրկվի:

Առաջին փոխվարչապետի թեկնածուի պակաս մեր երկրում հաստատ չկա: Համենայնդեպս, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը առաջին փոխվարչապետի հիանալի թեկնածու է: Նա արդեն իսկ դե ֆակտո առաջին փոխվարչապետ է, Կարեն Կարապետյանի փաստացի պաշտոնանկության պայմաններում: Երեկ ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա պատասխանում էր Կարեն Կարապետյանին ուղղված այնպիսի հարցի, որը կարող էր պատասխանել միայն Կարապետյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Կարապետյանին հիշեցնում է՝ մեկ տարի առաջ «Ռէվոլյուցիա» հաղորդման ժամանակ հնչեցրած հետևյալ խոստումը. «Մենք մեր առջև դնում ենք հստակ ծրագիր, որ առնվազն 18 թվականին բազիսային աշխատավարձը և կենսաթոշակները բարձրացնենք»: Միրզոյանը դիմելով Կարապետյանին, ասում է, որ բոլորը գիտեն, որ 2018թ. բարձրացում չի եղել, կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով, նույնիսկ 2019թ.ներառյալ, ոչ մի բարձրացում չի նախատեսվում: Նա ուզում է, որ Կարապետյանը ասի, թե ինչու չիրականացրեց իր տված խոստումը, և արդյոք խոստումը չկատարած մարդը կարող է հավակնել նոր պաշտոնի:

Կարապետյանի փոխարեն հարցին պատասխանում է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, և առաջին նախադասությունը որ ասում է, հետևյալն է. «Ճիշտ եք ասում, մենք միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մեջ նման գումարներ չենք նախատեսել»: Այսպիսով Արամյանը հայտարարում է, որ Կարապետյանն իր տված խոստումը չի կատարել, և դրանից հետո սահուն անցում է կատարում առաջին փոխվարչապետի նախընտրական ծրագրի ներկայացմանը: «Ամեն անգամ քննարկումների ժամանակ մենք խոսել ենք տնտեսական հնարավորությունների և հարկային եկամուտների աճին ադեկվատ նման հարցերի դիտարկումը: Որովհետև չենք կարող մենք ստանձնել ընթացիկ պարտավորություն, իսկ ընթացիկ պարտավորությունը այնպես չի, որ դու հիմա բարձրացնում ես նվազագույն աշխատավարձը, և հետո տնտեսական իրավիճակդ ցույց է տալիս, որ դա թույլ չի տալիս, հետո պետք է հետ գնաս, ճշտես, որ դրա հնարավորությունը չկա:

Ամենավտանգավոր բանն է, որ դու կանխակալ բարձրացնես կամ ընթացիկ պարտավորություններ ստանձնես, դրանից հետո տեսնես, որ չես կարող իրականացնել: Եթե մենք ամբողջ հանրային հատվածում 5 հազար դրամ աշխատավարձի բարձրացում անենք, իսկ այսօր հանրային հատվածում 263 հազար հոգի է զբաղված, 30 մլրդ դրամի լրացուցիչ պահանջ կառաջանա»,- ասում է ֆինանսների նախարարը: Արամյանի այս բացատրությունից կարելի է հասկանալ, որ Կարեն Կարապետյանը մեկ տարի առաջ, խոսելով աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման մասին, չի հաշվել դրա հնարավոր ֆինանսական հետևանքները, և մի բառով ասած՝ զբաղվել է պոպուլիզմով:

 

 

դիտվել է 60916 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. Վահե Ալեքսանյան «Եկել եմ»

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են