Երևան
18 / Նոյեմբեր / 2019

Ռուսաստանին ու Թուրքիային հարվածող «երրորդ ձեռքը». Իրանի զգուշացումը Բաքվում

Անկարայում ապրիլի 4-ին տեղի կունենա Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը, որը վերաբերելու է Սիրիային: Հայտարարվել է, որ հանդիպումը լինելու է «սլաքների ճշտում», առնչվելու է հրադադարի շուրջ պայմանավորվածությունների իրականացմանը, թեեւ ինչպես նշում են միջազգային փորձագետները, կողմերի միջեւ հակասությունները թույլ չեն տալիս Սիրիայում հասնել տեւական կայուն եւ խաղաղ իրավիճակի հաստատման:

Եռակողմ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել նախորդ տարի ամռանը, Սոչիում: Դրանից առաջ եղել էր Ասիա-խաղաղօվկիանոսյան Վեհաժողովը Վիետնամում, որտեղ խոսվում էր Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման մասին: Հանդիպումը չեղավ, սակայն հետո եղավ համատեղ հայտարարություն Սիրիայի վերաբերյալ, որտեղ ԱՄՆ եւ ՌԴ նախագահները հայտարարում էին հրադադարի շուրջ պայմանավորվածությունների մասին: Դրանից որոշ ժամանակ առաջ էլ եղել էր ԱՄՆ թեւավոր հրթիռներով հարվածը Սիրիայի կառավարական օդուժին, որը դե ֆակտո հարված էր Ռուսաստանին:
Վիետնամի համատեղ հայտարարությունից հետո Սոչի մեկնեցին Էրդողանն ու Ռոհանին, Պուտինի հետ դարձյալ «սլաքները», իսկ իրականում թերեւս Թրամփի հետ նրա պայմանավորվածությունների բուն բովանդակությունը ճշտելու կամ հասկանալու: Պուտինը հետո հայտարարեց Սիրիայում ռազմարշավը հաջողությամբ ավարտելու եւ զինուժի հիմնական մասը դուրս բերելու մասին, մեկնելով Սիրիա, իսկ հետո Թուրքիա:

Կարճ ժամանակ անց Սիրիայում տեղակայված ռուսական օդուժը ստացավ մի քանի հարվածներ: Եղան տեղեկություններ, որ դրանք կատարվել են թուրքական պատասխանատվության գոտուց: Ռուսաստանը սակայն հրաժարվեց դրա համար Թուրքիային մեղադրելուց, կրկնելով արդեն ավանդական դարձած միտքը, որ ինչ որ երրորդ ձեռք է փորձում հարվածել ռուս-թուրքական բարեկամությանը:
Այդ բարեկամությունը գործնականում «ոխերիմ» բարեկամություն է, երբ Անկարան ու Ռուսաստանը շատ լավ հասկանում են, որ հեռանկարում հակասությունները շատ ավելին են, քան շահը, սակայն ստիպված են բարեկամություն անել: Այլ կերպ ասած, նրանք երկուստեք առաջնորդվում են թերեւս հայտնի սկզբունքով՝ չես կարողանում հաղթել, բարեկամացիր:

Ով է ցանկանում հարվածել ռուս-թուրքական բարեկամությանը, Մոսկվան չի կոնկրետացնում: Այդ առումով կա տարածված ընկալում, թե դա Արեւմուտքն է: Համենայն դեպս, թե Անկարան, թե Մոսկվան արել են այդպիսի ընկալմանը նպաստող ակնարկներ: Միեւնույն ժամանակ, նաեւ կա մտայնություն, որ Արեւմուտքն իսկապես կցանկանա հարվածել այդ բարեկամությանը, թեեւ գործնականում օրինակ հենց Արեւմուտքը Թուրքիային ու Ռուսաստանին մղեց հաշտեցման՝ այդ թվում Գերմանիայի Բունդեսթագում ընդունված հայերի ցեղասպանության մասին բանաձեւով, ինչը Անկարային ստիպեց ընդունել Լավրովի անուղղակի առաջարկը՝ եթե չեք ուզում այդպիսի անակնկալներ, ապա եղեք Ռուսաստանի հետ պայմանավորվածություններին հավատարիմ:

Դա իհարկե 2016 թվականին էր, երբ հետո եղավ հեղաշրջման փորձը Թուրքիայում, որի համար Էրդողանը դարձյալ մեղադրեց Արեւմուտքին, ու հայտարարեց նաեւ, թե Ռուսաստանն է ժամանակին իրազեկելով օգնել իրեն փրկվել:

Խոշոր հաշվով, Արեւմուտքին պետք չէ խանգարել ռուս-թուրքական բարեկամությանը: Այն պետք է ընդամենը կառավարել եւ նկատելի է, որ կառավարվում է հիմնականում արդյունավետ:
Իսկ ու՞մ է պետք խանգարել ռուս-թուրքական բարեկամությանը: Գուցե Իրանի՞ն: Թեհրանը մեծ հաշվով կարող է ունենալ բավականին երկակի կամ երկշերտ խաղի մտավախություն, այդ թվում սիրիական ուղղությամբ, երբ Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ պայմանավորվում է ռազմավարությունը, իսկ հետո Թուրքիայի հետ իրականացնում դրա ապահովման մարտավարությունը: Համենայն դեպս, Վիետնամի համատեղ հայտարարությունից հետո տեղի ունեցավ ուշագրավ տրանսֆորմացիա՝ Ռուսաստանը էապես նվազեցրեց իր ռազմական ներկայությունն ու սահմանափակեց վերահսկողության տարածությունը, իսկ Թուրքիան դրանից հետո մտավ Սիրիա, Աֆրին՝ դե ֆակտո Ռուսաստանի ազատ թողած ճանապարհով:
Թեհրանն անկասկած պատկերացնում է, որ ռուս-թուրքական բարեկամությունը արեւմտյան քաղաքականության աշխարհքաղաքական ռազմավարությունների համար առանցքային գործիքներից է: Հետաքրքիր է, որ Անկարայում Էրդողան-Պուտին-Ռոհանի հանդիպումից առաջ Պուտինը հաղորդակցվել է Թրամփի հետ, ով զանգահարել էր Պուտինին վերընտրության առիթով շնորհավորելու եւ խոսել հանդիպելու ցանկության մասին:

Խոշոր հաշվով, Անկարայում հանդիպումը ոչ թե 3-ի ֆորմատով է, այլ 3-1-ի, որտեղ մի կողմում Արեւմուտքը, Ռուսաստանն ու Թուրքիան են, իսկ դիմացը՝ Իրանը: Դա անշուշտ իրավիճակային խաղ է, որը սակայն Թեհրանին կարող է պատճառել բավական անհարմարություններ: Ըստ երեւույթին այդ առումով կանխարգելիչ էր Ռոհանիի այցը Բաքու, որի ընթացքում նա արեց բավականին թափանցիկ ակնարկներ Ադրբեջանի մասով, Մոսկվային ու Անկարային թերեւս ցույց տալու համար, որ եթե Իրանը որեւէ տեղ ունենա լուրջ խնդիրներ, նրանք կարող են լուրջ խնդիրներ ունենալ Ադրբեջանում:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 36464 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)