Երևան
14 / Դեկտեմբեր / 2018

Երգը միայն նոտան չէ, դու պետք է երգի գաղտնիքը իմանաս, որպեսզի այդ երգը տեղ հասցնես

Կգա օրը, երբ մայրը օրոր կերգի իր փոքրիկի համար, տղան հանդում ժպիտով կհիշի իր << Սոնա յարին>>,կինը կկթի այծին երգելով ու թռնոցի երգելով` կխաղացնի իր երեխային: Այս և այլ գեղեցիկ ակնկալիքներով դեռևս տարիներ առաջ <<Մշակութային վերածնունդ>> հիմնադրամի կողմից տրվեց <<Հայկական ազգային երաժշտական գանձարան>> նախագծի մեկնարկը, որում իր մեծ դերն ու ավանդն ունի մեր այսօրվա հյուրը՝ կոմիտասագետ, նախագծի գլխավոր երաժշտական խմբագիր Արթուր Շահնազարյանը:

Պարոն Շահնազարյան, <<Հայկական ազգային երաժշտական գանձարան>> նախագիծը ի՞նչ տվեց հասարակությանը, և այն ակնկալիքը, որ ունեիք դեռ նախագծի սկզբում, արդյոք արդարացվեց:

Մենք որքան չարչարվեցինք. երկու տարի ձայնագրեցինք, հսկայական ծրագիր արեցինք, և երկրորդ փուլում սկսվեց դրա պրոպագանդման գործը, որ Հայկ Մարկոսյանը և իր աշխատակիցները սկսեցին այդ հսկա գործը կատարել: Որքան պահանջվում է էներգիա ու ժամանակ կատարելու այդ գործը, որ հասարակությանը ծանոթ է, այդքան էլ պետք է որևէ ասպարեզում այդքան էներգիա ու աշխատանք այն տարածելու համար:
Դա նման է արտադրանքի: Արտադրելը այլ բան է, բայց այսօր տարածելը այդքան էլ ջանքեր է պահանջում ամբողջ աշխարհում: Եվ ահա այդ գործընթացն է գնում ամբողջ աշխարհում:

Կարծում եմ, որ լավ է գնացել, որովհետև հատկապես լսում եմ, որ նոր սերունդն է շատ օգտվում:Մի կողմից էլ բախտավորություն է մեզ համար, որ նոր սերունդը քիչ է շփվում հեռուստատեսության հետ, որովհետև հեռուստաալիքները կարծես մի հակառակ բան են ցույց տալիս նրա համեմատ, ինչ մենք ենք անում, այսինքն՝ լեզվի աղավաղում, ժարգոն, արևելյան կլկլոցներ և այլն:
Անընդհատ լսում ենք, որ օգտվում են մեր երաժշտական գանձարանից: Ինձ էլ են զանգահարում, հարցնում են՝ որ երգը որտե՞ղ կարող է լինել: Այնտեղի հարստությունը այնպիսին է, որ ինչ ուզեն, կարող են կիրառել, դպրոցներում, մանկապարտեզներում և այլն:

 

Պարոն Շահնազարյան, գիտենք, որ իրականացրել եք Կոմիտասի երազանքը՝ իր ընտրած հարյուր երգերը հրատարակելով, որոնցով նա ուզում էր աշխարհին ցույց տալ հայկական երաժշտությունը: Կխոսե՞ք այդ մասին:

Ճիշտն ասած, ես աշխարհում չգիտեմ մի ժողովուրդ, որ ինքը ընտրած լինի իր ամբողջ երգարվեստից հարյուր երգ և ներկայացնի աշխարհին, կամ հիսուն երգ, և ասի՝ դա իր ադամանդն է, որպեսզի մենք էլ կարողանանք ծանոթանալ որևէ ազգի բուն ազգի երաժշտության հետ:
Վերցնենք որևէ ժողովուրդ, ասենք՝ հույներին, ու՞ր է այդ ժողովածուն,որ վերցնենք, տեսնենք, ի վերջո, ո՞րն է հունական այն հին երգը, որ այսօր անընդհատ շփոթում են: Ցանկացած ազգի անկարող են: Եթե այսօր YouTube-ով գրեք որևէ ֆրանսիական ֆոլկ երգ, բերում է քաղաքային խմբեր, պրոֆեսիոնալ խմբեր: Հազվադեպ է գտնում հատուկենտ չորս նմուշ, որ ֆրանսիական բուն ժողովրդական երգ լինի :Նույնիսկ այդպիսի հզոր երկրները, որ համաշխարհային քաղաքակրթություն են թելադրել ամբողջ մոլորակին, չունեն այդ բանը այսօր: Այդ հարյուր երգը այդպիսի ուժ ունի մեզ մոտ: Դա պետք է նոտա իմացող մարդուն, որովհետև նոտաներով է հրատարակված, և դա մի քիչ ավելի դանդաղ է տարածվում, քանի որ երաժիշտների մեջ պետք է տարածվի:

 

Այդ երգարանը դեռ ամբողջ թափով մեր երկրից դուրս չի եկել, դեռ այստեղ է վաճառվում: Հետագայում ,երբ սպառվի, անընդհատ կտպվի: Դեռ այդպես տեղյակ էլ չեն օտարները, աշխարհի բոլոր գրադարաններին դա պետք է, և աշխարհի բոլոր երաժշտագետները կուզենան ունենալ բան, ոչ միայն հայ երաժշտությունը ճանաչելու համար, այլև դա իրենց համար ուղեցույց կլինի, թե իրենք ինչպես վարվեն իրենց ազգի երաժշտության հետ:

Ըստ Ձեզ՝ մերօրյա երիտասարդները ճի՞շտ են վարվում, որ Կոմիտասին ներկայացնում են յուրովի:

Երբ լսում եմ, որ էստրադային երգիչները Կոմիտաս են երգում, ոչ թե Կոմիտաս, այլ , այսպես ասենք, հայ ժողովրդական երգ, հիմնական սխալը նա է, որ ուրիշ երգ են երգում: Երգը միայն նոտան չէ, դու պետք է երգի գաղտնիքը իմանաս, որպեսզի այդ երգը տեղ հասցնես: Ասենք՝ <<Քելեր,ցոլերը>> մեծ սիրո մասին երգ է, իր մեջ ամփոփում է հսկայական էներգիա և մաքուր, ազնիվ սեր, այն, որ նախնադարից մինչև հիմա չի փոխվում: Հիմա եթե էստրադային երգիչը չհասկանա, նա ուղղակի նոտաները կերգի: Կամ կերգի, ինչպես սրճարանի համար զվարճացնում են մարդկանց: Դա <<Քելեր,ցոլերը>> չէ: Եթե դու չհասնես երգի խորհրդավորությանը, որ դիմացինին փոխանցես սիրո էներգիան, որ նա զգա, թե ինչի հետ գործ ունի, թե սերը ինչ բարձր, հավերժական արժեք է՝ անկախ նրանից՝ քաղաքակրթությունը ինչքան կզարգանա, էդ երգը տեղ չի հասնի:Ահա երգում են առանց հասկանալու, թե ինչ են երգում: Երգում են գութանի երգ, բայց երգածը կարծես դահուկասահքի երգ լինի:

Չեն հասկանում բառերի իմաստը, որովհետև իրենց հետ աշխատող չի եղել: Եվ եթե իրենք երգեն տարբեր քսան երգ, քսան երգն էլ մի ձևի են երգում: Եվ չես հասկանում՝ ինչու բոլորը ձայնի մեջ մտցնում են լալկանություն, խեղճություն այն դեպքում, երբ հայ երաժշտությունը երևի լալկան չէ, նույնիսկ տխրությունը պայծառ տխրություն է: Բայց սա մեր երիտասարդները չեն: Սա ավելի շատ նրանք են, ում ցույց են տալիս կամ փորձում են պրոպագանդել: Մենք ունենք երիտասարդներ, որ ֆանտաստիկ են երգում: Այդ մարդկանց ոչ ոք չի ճանաչում:
Նախագծի շրջանականերում հրատարկվեց նաև գիրք: Կխոսե՞ք գրքի մասին:

Հրատարակվեց <<Ժամագիրքը>>, որը հրատարկվել էր հարյուր քառասուն տարի առաջ՝ Լիմոնճյան համակարգով՝ նոր հայկական նոտագրությամբ, և մենք փոխված եվրոպական նոտագրությամբ հրապարակեցինք: Հսկայական աշխատանք են արել կոնսերվատորիայի ուսանողները, դասախոսները: Դա շատ շքեղ հրատարակություն է:Մենք պետք է մեր շնորհակալությունը հայտնենք Արթուր Ջանիբեկյանին, որ ամենաշքեղ հրատարակությունների համար ոչ մի բանի առջև կանգ չի առել, Մարինե Սուլթանյանին, Արմեն Մարտիրոսյանին, Արթուր Ասատրյանին, որ ամեն ինչ արեցին, որ ամեն ինչ լինի բարձր մակարդակով: Մակար Եկմալյանի <<Պատարագը>> հրատարակեցինք, և այդ ժամագիրքը բաժանվել է եկեղեցիներին,համայնքներին,չի դրվել վաճառքի, որովհետև շատ թանկ է:Նրա ինքնարժեքը շատ թանկ կլինի:

Ութ հարյուր էջ է, տպված լավագույն թղթի վրա,լավագույն կազմով:Եվ դա էլ այսօր արդեն գործառության մեջ է: Վստահ եմ, որ եկեղեցիները և Սփյուռքում, և այստեղ՝ ըստ դրա, ուղղում են իրենց երգածը, որովհետև երբ չի լինում պահպանվածը, բանավոր երգելով՝ աստիճանաբար սկսում է փոփոխվել, և ամեն եկեղեցի, տեսնում եք, նույն բանը տարբեր է երգում: Գնալով այդպես առաջանում են աղավաղումներ:

Գուցե շատ ամպագոռգոռ հնչի, բայց Ձեր բնորոշումը Կոմիտասին:

Կոմիտասին, բացի ինձնից, բնորոշել է Եղիշե Չարենցը, Պարույր Սևակը, ընդհանրապես մեր մեծերը: Մարդիկ մի պարզ բնորոշում են տվել, որ դա հայ ժողովուրդն է: Երբ մենք ասում ենք Կոմիտաս, նկատի չունենք միայն անհատին, նկատի ունենք իր արած գործը. նա դրանով է Կոմիտաս:

դիտվել է 5375 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՎԻԴԵՈ. Ինչպես են հանրապետականները լքում ԱԺ-ն

Միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Այս տեսանյութը շոկի է ենթարկել հազարավոր օգտատերերի․ Ինչպես են Վրաստանում աղջիկ փախցնում (Տեսանյութ)...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...