Երևան
21 / Սեպտեմբեր / 2018

Անսպասելի որոշում. Հավաքականն առանց Սարգսյանի

Հայաստանի ֆուտբոլի եդերացիայի գործկոմը ապրիլի 1-ին ընտրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզչին: Կայացվել է անսպասելի ընտրություն, այն առումով, որ հավաքականի մարզչի ազգանունը Սարգսյան չէ: Բանն այն է, որ վերջին տարիներին կարծես թե բոլոր առանցքային տեղերում ընտրվում կամ նշանակվում են այդ ազգանունով մարդիկ:

Այստեղ սակայն ընդհանուր քաղաքական տրենդի հետ այլ որոշակի նույնություն ապահովվել է: Ընտրությունն իհարկե Սարգսյան չէ, սակայն Մինասյան է՝ Վարդան Մինասյանը վերստին նշանակվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, կամ այլ կերպ ասած «վերարտադրվել» է այդ պաշտոնում:

Եթե լուրջ, ապա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի մի քանի նոր փորձերից հետո, ֆեդերացիան վերադառնում է «փորձված առայժմ ամենահամով թանին», քանի որ 2008 թվականից հետո Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ունեցել է ընդհանուր առմամբ 6 մարզիչ, որոնցից ամենահաջողը եղել է Վարդան Մինասյանը: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2009 թվականից մինչեւ 2013 թվական: Գագաթնակետը 2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ընտրական մրցաշարն էր, որտեղ Հայաստանի հավաքականը պայքարում էր ուղեգրի համար, շատ մոտ էր դրան եւ դժվար է ասել, թե ինչով կավարտվեր այդ ամենը, եթե Իռլանդիայի հավաքականի հետ վերջին տուրի վճռորոշ խաղում իսպանացի մրցավար Գոնսալեզը չաներ Բերեզովսկու ձեռքի հետ կապված ճակատագրական սխալը:
Հաջորդ մրցաշրջանում արդեն Վարդան Մինասյանի գլխավորած հավաքականն այդքան մոտ չէր հաջողությանը, ունեցավ անկայուն ելույթ, թեեւ մրցաշարի կեսին Չեխիայի եւ Դանիայի հավաքականների նկատմամբ արտագնա հաղթանակների շնորհիվ ստացավ ուղեգրի համար պայքարի իրական շանս, բայց հաջորդ իսկ խաղում սեփական հարկի տակ անգույն հանդիպում անցկացրեց եւ պարտվեց Դանիայի հավաքականին, զրկվելով ուղեգրի համար պայքարից:

Դրանից հետո Վարդան Մինասյանը հայտարարեց, որ այլեւս չունի հավաքականը մարզելու ցանկություն, թեեւ ֆուտբոլի ֆեդերացիան դեմ չէր, որ նա շարունակի:

Մինասյանի այդ որոշումը թողնում էր հակասական տպավորություն: Մի կողմից մարզիչը զգում էր, որ այդ հավաքականն արդեն արել է առավելագույնը, մյուս կողմից գուցե տեղ ունեն այն ենթադրությունները, որ Մինասյանը պարզապես ավելի էր զգում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ճնշումը:
Այդ խոսակցությունների կամ ենթադրությունների հիմնավորվածությունը առավել ամրացավ արդեն հաջորդ՝ շվեյցարացի մարզիչ Շալանդի պաշտոնավարման ընթացքում, նաեւ Սարգիս Հովսեփյանի, Վարուժան Սուքիասյանի եւ Արթուր Պետրոսյանի պաշտոնավարումների ընթացքում, երբ բավական բաց տեքստով էր հայտարարվում, որ ֆեդերացիայի նախագահը տաբու է դրել մի քանի խաղացողների հավաքական հրավիրելու վրա:

Վարդան Մինասյանը հեռանալուց հետո մարզեց ղազախական Ակտոբե ակումբը: Հետո նշանակվեց հավաքականի տեխնիկական տնօրենի պաշտոնում:
Արթուր Պետրոսյանի հրաժարականից հետո նա վերանշանակվում է հավաքականի մարզիչ: Իրավիճակը ինչ որ առումով նման է առաջին նշանակմանը: Բանն այն է, որ 2009-ին Վարդան Մինասյանը նշանակվեց ճգնաժամում գտնվող հավաքականի մարզիչ, որը պետք է նաեւ ապրեր սերնդափոխություն:
Մինասյանը կարողացավ ապահովել այդ անցումը, արդյունավետ աշխատել նոր սերնդի հետ, ձեւավորել բավական մարտունակ ու երիտասարդ հավաքական:

Ներկայում Հայաստանի հավաքականը դարձյալ ճգնաժամի եւ սերնդափոխության հրամայականի առաջ է: Այն սերունդը, որի հետ աշխատեց եւ հաջողություն արձանագրեց Մինասյանը, ներկայում սպառել է իրեն, ընդհուպ հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարյանը:

Վարդան Մինասյանին անհրաժեշտ է կառուցել նոր հավաքական, ձեւավորել սերնդային նոր կորիզ: Իհարկե նրա առաջ դրված է թերեւս կարճաժամկետ խնդիր՝ աշնանը հաղթել ազգերի լիգայի խմբային մրցաշարում, որտեղ Հայաստանի մրցակիցներն են Ջիբրալթարը, Լիխտեյշնտեյնը եւ Մակեդոնիան: Այդ խնդիրը լուծել հնարավոր է թերեւս ներկայիս կորիզով, սակայն այդ կորիզով հեռու գնալ հնարավոր չէ: Ըստ այդմ, Մինասյանի ռազմավարական խնդիրը պետք է լինի նոր հավաքականի ձեւավորումը: Կկարողանա՞ նա գտնել եւ դարձյալ հաջողությամբ աշխատել երիտասարդների հետ:

Մյուս կողմից, հարցն այն է, թե կա՞ հայկական ֆուտբոլում նոր սերունդ, մարզչի աշխատանքի նոր ռեսուրս:
Խոշոր հաշվով, հայկական ֆուտբոլը կանգնած է մի շարք այլ կարեւոր որոշումների անհրաժեշտության առաջ, համակարգային խնդիրները հաղթահարելու եւ ֆուտբոլի ռազմավարական զարգացման բազա ձեւավորելու համար:

Այդ հարցը սակայն հետաքրքրում է թերեւս քչերին, կարծես թե չկա ավելի խորքային որոշումների պահանջ ձեւավորող «քչերի մասնագիտական հանրույթը», որը ֆուտբոլ կբերի առողջ բանավեճ եւ քննարկումներ այդ առավել խորքային հարցերի շուրջ:

Նյութի աղբյուր՝ Lragir.am 

դիտվել է 83035 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են