Երևան
22 / Մայիս / 2018

Զգուշացում Գագիկ Ծառուկյանին

Արարատի ցեմենտի գործարանի աշխատավորները երեկ գործադուլ են արել եւ պահանջել աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում: Նրանք ստանում են չնչին աշխատավարձ, չի պահպանվում ոչ մի նորմ: Տնօրինությունը խոստացել է 10 օրվա մեջ պատասխանել:

Գործարանը պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Նման պատկեր է նրան պատկանող այլ ձեռնարկություններում եւս: Ընդհանրապես, օլիգարխիկ տնտեսությունում, խոշորների ձեռնարկություններում աշխատավորների արժանապատիվ վարձատրության, աշխատանքային ու սոցիալական նորմերի պահպանման վիճակը սարսափելի է: Մարդիկ այստեղ գրեթե ստրկական պայմաններում են:

Փոխարենը, «ստրկատերերը» գերշահույթներ են ստանում ու այս կամ այն ծավալով բարեգործություններ անում, այդպիսով միանգամից մի քանի նապաստակ խփելով՝ սոցիալապես թշվառ հոծ զանգվածի աչքին դառնում բարեգործներ, ապահովում ձայներ ընտրություններում, սոցիալապես քիչ պատասխանատու մեկ այլ զանգվածի փիարը, եւ բոլորով միասին՝ իշխանության ուզուրպացիան ու տնտեսական անօրինական քվոտաների ու արտոնությունների պահպանումը:

Այս առումով, օլիգարխիայի բարեգործությունը Հայաստանում իշխանության ուզուրպացիայի ու պետական այլ հանցագործությունների բաղադրիչն է եւ անհրաժեշտ տարրը, որը նաեւ հոգեպես ու սոցիալապես խեղում է մարդկանց:

Գագիկ Ծառուկյանն այս առումով խորհրդանշական ու յուրահատուկ կերպար է: Նա օրինակ հայտարարում է, որ կողմ է բիզնեսի ու քաղաքականության տարանջատմանը, բայց իրեն չի համարում բիզնեսի ու քաղաքականության սերտաճման օրինակ: Նա հայտարարում է, որ դեմ է քաղաքականության մեջ ծանոթ-խնամիական հարաբերություններին, բայց նման դեպք չի համարում իր փեսաների ներկայությունը խորհրդարանում:

Նա հայտարարում է, որ բարեգործությամբ չի կարելի երկիր պահել, եւ դա ճշմարտություն է: Բայց ճշմարտություն է նաեւ այն, որ օլիգարխիան իր բարեգործություններն անում է իր գերշահույթներից, որոնք նաեւ գոյանում են աշխատավորներին ցածր աշխատավարձ տալու, տնտեսությունը քվոտաների բաժանելու, ժողովրդին թշվառության մատնելու, ազատ մրցակցությունը խեղդելու արդյունքում:

Սա կարելի էր գնահատել որպես երեսպաշտության օրինակ, մյուս կողմից չի բացառվում, որ Ծառուկյանն իսկապես անկեղծ հավատում է իր ասածին: Բայց դա չի փոխում իրավիճակը. Եթե իր հայտարարություններն անկեղծ են, նա պետք է սկսի իրենից՝ մարդկանց ապահովի արժանապատիվ աշխատավարձով, իր անվան ֆրակցիայից հեռացնի իր փեսաներին, պայքարի դեկապիտալիզացիայի վերաբերյալ օրենքի ընդունման համար եւ հայտարարի քաղաքականությունից հեռանալու մասին:

Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները բարձրացրել են մարդկանց իրավագիտակցությունը, եւ այդ ալիքն անկասելի է: Իրավունքի ուժը գիտակցած եւ իրենց արժանապատվության համար ոտքի կանգնած մարդկանց դեմ «խաղ չկա»: Օլիգարխիան եւ նրան սպասարկող կուսակցությունները ներկայում հանձնված են ժողովրդի ողորմածությանը եւ պետք է համարժեք գնահատեն իրավիճակը: Սերն ու համերաշխությունը, որ հռչակել է թավշյա հեղափոխությունը, լավ բան են, բայց միակողմանի չեն կարող լինել:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 98869 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է խորհրդատուի և արբիտրի դերակատարությունը

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Կարեն Կարապետյանը պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր մարդ է. նորանշանակ նախարար (տեսանյութ)

Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...