Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

«Ճանապարհային երթևեկության վերահսկողությունը ՃՈ-ի վրա պետք է թողնվի և շատ քիչ թվով՝ նաև արագաչափերի». Փաստաբան

168.am-ի զրուցակիցն է փաստաբան Գևորգ Գյոզալյանը:

– Պարոն Գյոզալյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արագաչափերի և տեսախցիկների գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ արած հայտարարությունը: Ըստ Ձեզ՝ դա ինչպե՞ս կարող է ազդել ճանապարհային երթևեկության վրա:

– Կարծում եմ՝ եթե ուզում ենք մեր առջև դրված խնդիրներն արդյունավետ լուծել ճանապարհային երթևեկության բնագավառում, պատժիչ մեխանիզմներն այս դեպքում այդքան էլ տեղին չեն, և դա հենց ցույց է տալիս Հայաստանի փորձը: Այսքան արագաչափերի, տեսախցիկների և այլնի պայմաններում, եթե այդքան զոհ էինք ունենում, նշանակում է՝ դրանք ակնհայտորեն չեն լուծում այն խնդիրը, ինչն օրենսդրորեն ամրագրված է: Ուստի, ես լրիվ նորմալ եմ համարում դադարեցնելը, իհարկե՝ ոչ բոլորը: Կարծում եմ՝ պետք է մանրամասն վերլուծության ենթարկվի կոնկրետ խաչմերուկ, մայրուղի կամ ճանապարհային ինչ-որ հատված, և որտեղ շատ են այդ վթարները, այդտեղ կարելի է թողնել մի քանի հատ:

Հայաստանում համատարած արագաչափերն ու տեսախցիկները չեն լուծում այն խնդիրը, որ պետք է լուծեն, կարծում եմ՝ այստեղ սոցիալական անարդարության խնդիր է առաջ գալիս, ինչն արդարացիորեն մեր քաղաքացիները բարձրացնում էին մինչև քաղաքական փոփոխությունները:

– Ձեր կարծիքով՝ ինչ-որ զսպիչ մեխանիզմ չպե՞տք է լինի, որը վարորդներին կսթափեցնի, որպեսզի պահպանեն երթևեկության կանոնները:

– Ես կողմնակից եմ, որ տեսանկարահանող սարքերն ամբողջությամբ պահպանվեն, բայց դա լինի ոչ թե ճանապարհային երթևեկության վերահսկողության համար, այլ՝ ինչպես Լոնդոնում կամ եվրոպական ցանկացած երկրում է, հանցագործությունների բացահայտման համար: Այսինքն՝ նրանք չպետք է ծառայեցվեն վարչական իրավախախտումների համար: Երկրորդ՝ որևէ երկրում ես չեմ հանդիպել այնքան շատ արագաչափ և տեսախցիկ, որքան Հայաստանում է:

ԱՄՆ-ում էլ կան բավականին շատ տեսախցիկներ, բայց դրանք երբեք երթևեկության կանոնների վերաբերյալ վարչական ակտեր չեն կազմում: Երբ համեմատում ես Հայաստանը նույն Վրաստանի հետ, ակնհայտորեն Վրաստանում ավելի հանգիստ, ազատ ես վարում ավտոմեքենա, քան՝ Հայաստանում: Ես՝ որպես վարորդ, կարող եմ ասել՝ շատ ավելի լարված ես այդ տեսախցիկներից և արագաչափերից, որ այդ բարակ գծերին հանկարծ չկպնես: Դա շատ ավելի դժվարացնում է երթևեկությունը, քան՝ երբ դրանք չեն լինում, և դու ավելի ազատ ես վարում: Պատժիչ մեխանիզմն ամբողջ թափով կիրառելով՝ դու երբեք չես հասնի այն արդյունքին, որն ուզում ես: Ավելի զարգացած, օրինապահ են այն հասարակությունները, որտեղ այդ պատժիչ մեխանիզմը նվազագույնի է հասցված:

– Այդ դեպքում ինչպե՞ս պետք է կանոնակարգվի ճանապարհային երթևեկությունը:

– Դրա համար մենք ունենք Ճանապարհային ոստիկանություն, որն իր աշխատանքն է կատարում, ու ասեմ, որ վերջին օրերին, համենայն դեպս, իմ ընկերներին երբ ոստիկանները կանգնեցրել են, ոչ միայն զգուշացրել, խնդրել են, այլև՝ օգնել են: Եթե ոստիկանությունը բերվի այն մակարդակին, ինչ բոլորս ակնկալում ենք և տեսնում ենք քաղաքակիրթ երկրներում, ապա նախևառաջ հենց ոստիկանությունը կարող է դա անել, ինչպես անում է եվրոպական երկրներում:

Ես չեմ ասում՝ արագաչափերը պետք է ընդհանրապես հանվեն, բայց արագաչափերը պետք է լինեն առավելապես մայրուղիների վրա, այն տեղերում, որտեղ վթարները շատ են լինում, և դա հենց արագության պատճառով է լինում: Վերահսկողությունը, ամեն դեպքում, Ճանապարհային ոստիկանության վրա պետք է թողնվի և շատ քիչ թվով՝ նաև արագաչափերի, իսկ համապատասխան տեսախցիկները պետք է բացառապես լինեն հանցագործությունների բացահայտման համար:

– Չե՞ք կարծում, որ ճանապարհային երթևեկության կանոնակարգումը մեծամասամբ Ճանապարհային ոստիկանության վրա դնելը կոռուպցիոն, սուբյեկտիվ մոտեցումների ռիսկեր կարող է իր մեջ պարունակել:

– Եթե նախկին կառավարության ներքո լիներ, կասեի՝ միանշանակ՝ այո՛, բայց նոր կառավարության դեպքում ակնհայտ ես տեսնում եմ ու արձագանքները ստանում եմ: Եթե հիմա այդ կոռուպցիոն երևույթները վերացվում են, նման մտավախություն մենք, բնականաբար, չենք կարող ունենալ: Ակնհայտ է, չէ՞, որ խնդիրը ոստիկանի մեջ չէ, որը գնում, գումար է վերցնում: Ակնհայտ է, որ խնդիրն իր պետի պետի պետի մեջ է: Այսինքն՝ եթե այդ պետը կանչում, ասում է՝ հարգելիներս, դատվելու եք դուք, ես համոզված եմ, որ 100-ից 98-ը նորմալ կատարելու են իրենց պարտականությունները:

– Այսինքն՝ դուք կարծում եք, որ արագաչափերի ու տեսախցիկների ժամանակավոր դադարեցումը չի՞ ազդի, որպեսզի ճանապարհային երթևեկության կանոններն ավելի շատ խախտվեն:

– Ես այդպես եմ մտածում: Ես միանշանակ չեմ կարող պնդում անել, բայց ես այդպես մտածում եմ: Հենվելով բազմաթիվ հանգամանքների վրա՝ ես կարծում եմ՝ շատ չեն խախտվի: Որևէ վերլուծություն չկա, որ մինչև այդ արագաչափերը դնելը խախտումներն ավելի շատ էին, դրանք դրեցին, ավելի քչացան: Ես չեմ լսել, որ որևէ մեկին վարորդական իրավունքից զրկեն այդ արագաչափերի ֆիքսած իրավախախտումների պատճառով:

Այստեղ սոցիալական անարդարության խնդիրն էլ կա. եթե մեկը 10 անգամ անցնում է այդ արագաչափի տակով համապատասխան արագությամբ, դուք ամեն անգամ նրանից 30 հազար վերցնում եք, բայց մի օր չեք ասում՝ էս մարդը ոնց որ արդեն շատ է խախտում. այսինքն՝ վճարի, ինչքան ուզում ես՝ խախտի: Ես կարծում եմ՝ այս փուլում շատ կարևոր է, որ հասարակության սոցիալական անարդարության տարրերն ուղղակի հանվեն մեր միջից, ու այս լույսի ներքո՝ միանշանակ ողջունում եմ այդ որոշումը:

դիտվել է 11169 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են