Yelaket.am | Ինչ լուծում է Արմեն Սարգսյան տանում Արցախ
Երևան
21 / Օգոստոս / 2018

Ինչ լուծում է Արմեն Սարգսյան տանում Արցախ

Նախագահ Արմեն Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրավերով հունիսի 13-ի առավոտյան մեկնել է Արցախ, ինչպես հայտնում է պաշտոնական հաղորդագրությունը: Այցի կամ հրավերի նպատակների մանրամասներ հայտնի չեն: Կապվա՞ծ է արդյոք այցը Արցախում տեղի ունեցող ներքին զարգացումների հետ, որոնք աշխուժության տարբեր աստիճանով ծավալվում են արդեն տեւական ժամանակ եւ հաջորդել են Հայաստանի թավշյա իշխանափոխությանը, թե՞ կա այլ նպատակ:

Անցնող օրերին Արցախում տեղի ունեցավ իրավապահ կառույցների ղեկավարների եւ պետնախարարի պաշտոնանկություն: Բակո Սահակյանի մամուլի խոսնակը մինչ այդ հայտարարել էր, որ սպասվում է աշխույժ քաղաքական զարգացումների նոր փուլ: Օրերս էլ Բակո Սահակյանը հայտարարեց, որ 2020 թվականին չի առաջադրվելու Արցախի նախագահի պաշտոնում:


Բայց Արցախը նոր նախագահ կունենա 2020 թվականի՞ն, թե՞ ավելի շուտ: Դա հետաքրքիր հանգամանք է: Այդ ֆոնին էլ հետաքրքիր է դառնում Արմեն Սարգսյանի այցն Արցախ: Միեւնույն ժամանակ, վերջին մի քանի օրերին Արցախի պաշտպանության բանակն ու նաեւ Արցախի նախագահի խորհրդականներից մեկը բավական հաճախ ահազանգում են սահմանին ադրբեջանական ստորաբաժանումների աշխուժության, կուտակումների մասին: Գրեթե այն, ինչ Հայաստանում թավշյա հեղափոխության օրերին էին անում, երբ դեռ չէր եղել հանգուցալուծում ու վարչապետի թեկնածության քվեարկություն խորհրդարանում:

Արդյոք Արցախի նախագահի շրջապատից ադրբեջանական կուտակումների մասին տեղեկատվական գեներացիան պայմանավորված է ներքին իրողությունների վրա ազդելու հանգամանքով, թե՞ սահմանին ադրբեջանական առանձնահատուկ աշխուժություն իսկապես առկա է եւ դրանով է նաեւ պայմանավորված նախագահ Սարգսյանին Արցախ հրավիրելու հանգամանքը:

Հետաքրքիր է, որ դա էլ տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի ֆոնին, ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման առիթով եւ որի շրջանակում կլինի Փաշինյան-Պուտին երկրորդ հանդիպումը: Ի դեպ, Մոսկվա ֆուտբոլի առիթով մեկնելու է նաեւ Ալիեւը: Հետաքրքիր է, որ Ալիեւը Մոսկվա է մեկնելու Անկարայից, որտեղ Էրդողանի հետ մասնակցել է ՏԱՆԱՊ գազամուղային ծրագրի բացմանը, որը փաստացի հակառուսական ծրագիր է՝ ադրբեջանական գազը Թուրքիայով տեղափոխելու է Եվրոպա, փաստորեն ռուսականին այլընտրանք:

Հունիսի 13-ին, երբ նախագահ Սարգսյանը մեկնում է Արցախ, Հայաստան են ժամանում Մինսկի խմբի համանախագահները, որոնք ծանոթանալու են Հայաստանի նոր վարչապետին եւ ռազմա-քաղաքական նոր ղեկավարությանը: Միեւնույն ժամանակ, այցի բուն նպատակն ըստ երեւույթին լինելու է այն, թե արդյոք հնարավոր է ու երբ եւ ինչ պայմաններով է հնարավոր վերսկսել այսպես կոչված բանակցային գործընթացը եւ կազմակերպել առաջին հանդիպումը Ալիեւի հետ: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է հանդիպել, բայց ոչ թե փոխզիջումներից, այլ նախկին պայմանավորվածությունների կատարման մասին խոսելու համար: Ըստ երեւույթին, Փաշինյանը նկատի ունի հրադադարի պահպանման մեխանիզմների հարցը, որ գալիս է դեռեւս 2016 թվականի մայիսի Վիեննայի օրակարգից:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Մնացականյանը հայտարարել էր, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին չկա որեւէ պայմանավորվածություն, բայց կլինի աշխատանք եւ դա շաբաթների, ոչ թե ամիսների հարց է:

Այդ ամենի ֆոնին տեղի են ունենում ներքին վերադասավորումներն Արցախում, եւ Բակո Սահակյանը հայտարարելով նախագահի պաշտոնին այլեւս չհավակնելու մասին, Արցախ է հրավիրում Արմեն Սարգսյանին:

Արմեն Սարգսյանը մի նախագահ արդեն «ճանապարհել» է՝ Սերժ Սարգսյանին: Արմեն Սարգսյանը կարեւոր դեր ունեցավ Հայաստանում թավշյա հեղափոխության հանգուցալուծման գործընթացում, ապրիլի 21-ին հանդիպելու առաջարկ անելով Նիկոլ Փաշինյանին եւ հետո անսպասելի ընդունելով հրապարակում հանդիպելու նրա առաջարկը: Դրանից հետո իրադարձությունները զարգացան շատ արագ եւ հանգուցալուծվեցին ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականով:

Արդյոք Արմեն Սարգսյանին Բակո Սահակյանը հրավիրել է Արցախում ինչ որ հանգուցալուծման համար, նրան վստահելով իրեն էլ Սերժ Սարգսյանի պես ապահով ճանապարհելու հարցը: Բայց հարցը նաեւ այն է, թե ե՞րբ ճանապարհելու՝ մինչեւ 2020, թե՞ ավելի շուտ:

Արմեն Սարգսյանը դեռեւս նախագահի թեկնածուի կարգավիճակում արեց Հայաստանի եւ Արցախի հետագա զարգացումների տեսանկյունից հիմնարար հայտարարություններ՝ չորրորդ հանրապետության եւ Արցախի բանակցությանը «ամեն ինչ պահանջելու» սկզբունքով գնալու մասին: Դրանք ըստ էության հեղափոխական վերանայում պարունակող հայտարարություններ էին, որոնք առավել ուշագրավ են հնչում Հայաստանում հետագայում ծավալված թավշյա զարգացումների ֆոնին:

Հայաստանն ու Արցախը ենթարկվում են խորքային վերափոխումների, դրանցից բխող ահռելի հնարավորություններով եւ իհարկե ռիսկերով: Այլ կերպ չի լինում: Այլ կերպ կլինեին միայն ու միայն ռիսկերը, ժամանակի ընթացքում դրանց հաղթահարման հնարավորությունների շրջանակի աղետալի նեղացումով:

Նյութի աղբյուր՝ lragir.am

դիտվել է 10341 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանի որդին՝ զինվորական մեքենայում (տեսանյութ)

«Աշխատավայրերում բարձրացում է տեղի ունեցել».Գնել Սանոսյան

«Ես հպարտ եմ իմ պապայի համար»,- Փաշինյանի դուստր

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են