Երևան
22 / Հունիս / 2018

Իրավիճակը բարդանում է. Ծառուկյանը սպառնաց կառավարությանը

Բարեգործության մասին օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողովում առաջացրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների վրդովմունքը: Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ եթե պետությունը չի կարողանում խնդիրները լուծել, ապա չպիտի խանգարի այն մարդկանց, որոնք կարող են:

«Գագիկ Ծառուկյանն ինչ բարեգործություն արել է, որևէ քաղաքական կոնտեքստ, ենթատեքստ չի եղել», ասել է նա:

Իր հերթին, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը վրդովվել է, որ այդ նախաձեռնությունը բերել են առանց Գագիկ Ծառուկյանի կարծիքը հարցնելու. «Պարոն Փաշինյան, բարեգործությունների 95 տոկոսը կատարում է Գագիկ Ծառուկյանը, խորհրդակցե՞լ եք իր հետ»:

Զարմանալի չէ, որ այս նախագիծն առաջացրել է Ծառուկյանի պատգամավորների վրդովմունքը: Եթե ինչպես Նաիրա Զոհրաբյանն է ասում, Ծառուկյանի բարեգործությունը քաղաքական համատեքստ չունի, այդ դեպքում ո՞րն է վրդովմունքի պատճառը:

Օրենքն ընդամենը սահմանափակում է բարեգործության «շրջանակը», մասնավորապես քաղաքական մասով: Օրինակ, արգելվում է կուսակցությունների ֆինանսավորումը ներկայացնել որպես բարեգործություն, որը նաեւ հարկումից խուսափելու ձեւ է: Բացի այդ, նախատեսվում է ստեղծել մի մարմին, որը քննելու է բարեգործությունը:

Այսինքն, մարդը կարող է հեռու մնալ քաղաքականությունից ու բարեգործություն անել ինչքան ցանկանում է:

Փոխվում են ժամանակները, բայց Ծառուկյանի շուրջ հավաքված խումբը շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին եղել է: Օրինակ, խոսում են բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու մասին, բայց Ծառուկյանին չեն համարում այդպիսին: Կամ խոսում են խնամի-ծանոթ-բարեկամից, բայց Ծառուկյանի փեսաների ներկայությունը խմբակցությունում այդպիսին չեն համարում: Նույնը՝ ազատ ու արդար ընտրության մասին:

Բարեգործությունը Ծառուկյան տնտեսա-քաղաքական «բրենդի» առանցքային բաղկացուցիչն է, եւ առանց դրա մեխանիզմը կարող է խափանվել:

Ներկայում արդեն մեկնարկել է ընտրարշավը, ԲՀԿ-ն խոսում է ընտրության արդյունքում Խորհրդարանում մեծամասնություն ստանալու հավակնության մասին: Դա իրականացնելու համար անհրաժեշտ են բոլոր լծակները՝ բարեգործությունից մինչեւ վարչական ռեսուրս եւ ճնշման լծակներ նոր կառավարության դեմ:

Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ նոր կառավարությունը պետք է իրեն գործընկերոջ պես պահի, քանի որ ապագայի վերաբերյալ պատկերացումները կարող են տարբեր լինել: Նաիրա Զոհրաբյանն, իր հերթին, ասել է, որ օրենսդրական նախաձեռնությունը հաստատելու դեպքում հորդորելու է Գագիկ Ծառուկյանին հուլիսի մեկից բարեգործությամբ չզբաղվել, իսկ Ծառուկյանին դիմած քաղաքացիներին ուղղորդելու են կառավարություն, այդպիսով «ձեւակերպելով» սպառնալիքը:

Իրավիճակը երեւում է բարդանում է, եւ պատահական չէր, որ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց, որ փողոցը կարող է կրկին լցվել ցուցարարներով:

դիտվել է 123011 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ԱԱԾ-ն չի սահմանափակվում Մանվել Գրիգորյանով

Հատուկ թողարկում․ Երկրապահում կան հրաշալի մարդիկ, ովքեր չպետք է կիսեն այս ամոթն ու այդ խարանը

Ուշադրություն.հրապարակվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի անուններ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են