Երևան
24 / Սեպտեմբեր / 2018

Լուրջ քննարկում Արցախում. ահա թե ինչու էր մեկնել Նիկոլ Փաշինյանը

Մոսկվայից վերադարձից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին մեկօրյա այցով մեկնեց Արցախ: Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող պաշտոնյաների կազմը հուշում էր, որ անհրաժեշտությունը ռազմա-քաղաքական է եւ օպերատիվ-գործնական: Փաշինյանին ուղեկցել են պաշտպանության նախարար Տոնոյանը, գլխավոր ռազմական տեսուչ Հակոբյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Դավթյանը, ԱԽ քարտուղարն ու առաջին փոխվարչապետը:

Եղել է այց արեւելյան սահման, խորհրդակցություն Արցախի ՊԲ-ում, քննարկվել են հակառակորդին զսպելու մեխանիզմները: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը Երեւանի անվերապահ աջակցությունն է հայտնել Արցախում բարեփոխում իրականացնելու նախագահ Սահակյանի քաղաքական կուրսին:

Մոսկվայում Փաշինյանը հանդիպել էր Պուտինի հետ, որը երկրորդ հանդիպումն էր վարչապետությունից հետո: Ֆուտբոլի առիթով կազմակերպված ընդունելությանը Պուտինը ծանոթացրել էր Փաշինյանին Ալիեւի հետ:

Երեւան վերադարձին Նիկոլ Փաշինյանը, նաեւ արտաքին հարցերի խորհրդական Արսեն Խառատյանը հայտարարեցին, որ Արցախի հարց Մոսկվայում չի քննարկվել:

Մյուս կողմից, Արսեն Խառատյանը հայտարարել էր, որ քննարկված հարցերի թվում եղել է ռազմա-տեխնիկական գործակցությունը, եւ մոտ ապագայում սպասվում են հետաքրքիր նորություններ այդ մասով:

Գործնականում, Մոսկվայում Արցախի հարց քննարկելու անհրաժեշտություն հայկական կողմը չունի: Կա անվտանգության հարցեր քննարկելու անհրաժեշտություն: Եվ ոչ միայն Ադրբեջանի պատճառով, որն ըստ տեղեկությունների կուտակումներ ունի սահմանին:

Ընդհանրապես, հայկական կողմի համար Արցախի հարց չկա վաղուց: Այդ հարցը հայկական կողմը լուծել է՝ դե ֆակտո: Հայկական կողմը ունի անվտանգության հարց: Արցախն այդ հարցի մաս է, ընդ որում ոչ թե խնդիր, այլ ռազմա-քաղաքական ռեսուրսային մաս: Ըստ այդմ, հայկական կողմը թե Մոսկվայի, թե Մինսկի խմբի համանախագահ եւ ընդհանրապես միջազգային ուժային որեւէ կենտրոնի հետ քննարկման ենթակա ունի անվտանգության հարց, ընդ որում փոխադարձաբար, քանի որ հայկական կողմի անվտանգությունը մի շարք պատճառներով անվտանգություն է նաեւ այդ կենտրոնների համար, նույնիսկ այն դեպքում, երբ նրանց շահերը եւ անվտանգության խնդիրները շատ առումներով իրարամերժ են:

Կովկասում դրանց յուրօրինակ «հաբ» են հայկական երկու պետությունները, եւ այդ առումով Արցախի հարցը արտաքին հարթության մեջ պետք է տեղավորվի անվտանգության լայն փաթեթի մեջ, որի դեպքում զուտ Արցախի մասով քննարկումների անհրաժեշտությունը գործնականում վերանում է:

Առանցքայինն այստեղ մնում է Ադրբեջանին զսպելու հայկական կարողությունը, որը գլխավոր փաստարկն է ուժային կենտրոնների հետ անվտանգության շուրջ քննարկումներում, յուրաքանչյուրի հետ իր մասով, այդ թվում Ռուսաստանի:

Այդ տեսանկյունից ուշագրավ է, որ Մոսկվա այցից հետո Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ, բավական ընդգծված «անվտանգային շեշտադրումով»: Իրավիճակը անշուշտ առանձնահատուկ է նաեւ այն իրողության ֆոնին, որ Բաքուն ցուցաբերում է սահմանային կուտակումներ եւ շարժեր: Անկասկած է, որ Մոսկվայում «ծանոթությանն» ընադառաջ Ալիեւը այդպիսով փորձում էր հայկական կողմին դնել հոգեբանական ճնշման տակ, որը կարող էր ունենալ մեկ այլ նպատակ՝ հայկական կողմին ստիպել օժանդակություն «խնդրել» Պուտինից, որը ներկայում զբաղված է ֆուտբոլի աշխարհի առաջնությամբ: Կասկածից վեր է, որ Պուտինը պարզապես նյարդայնանալու էր այդ հնարավոր «խնդրանքից»:

Պուտինն Ալիեւի հետ հանդիպմանը նրան ասել էր, որ երկկողմ հարցեր կքննարկեն օգոստոսի 30-ին Մոսկվա կատարելիք Ալիեւի այցի ընթացքում: Այլ կերպ ասած, Պուտինը նաեւ Ալիեւին էր ակնարկել, որ չունի այդ ուղղությամբ մինչեւ սեպտեմբեր շեղվելու ցանկություն եւ մտադրություն:

Նիկոլ Փաշինյանն էլ թերեւս զերծ է մնացել Ադրբեջանի շանտաժին տրվելուց եւ Պուտինին «անհարկի» խնդրանքից, ինչի վկայությունն էր հայտարարությունը, որ չի քննարկվել Արցախի հարց: Ալիեւը այդպիսով Մոսկվայում չի ստացել այն, ինչ թերեւս սպասում էր կամ ակնկալում: Համենայն դեպս, Պուտինը նրան ասել է, որ պետք է սպասի մինչեւ սեպտեմբեր:

Այդպիսով, հայկական կողմը Մոսկվա այցի ընթացքում կարողացել է ապահովել իրենից հասանելիքը, եւ հաջորդիվ արդեն խնդիրը Հայաստանում եւ Արցախում անհրաժեշտն ապահովելն է, որպեսզի Ալիեւը նաեւ օգոստոսի 30-ից հետո Մոսկվայում չստանա այն, ինչ ակնկալում է: Հայաստանում եւ Արցախում անելիքը առավելագույն, գերէֆեկտիվ կառավարումն է, եւ այդ տեսանկյունից Արցախ այցի հատկանշական ֆոնային մյուս հանգամանքն այն էր, որ դրան զուգահեռ ԱԱԾ-ն բացահայտումներ է արել գեներալ Մանվելի ամառանոցում, բացահայտելով ապրիլյան պատերազմի օրերին բանակի համար նախատեսվածի գողոնը:

Դա խիստ խորհրդանշական թիրախավորում է, մի շարք առումներով: Հատկանշական է, որ այդ ամենը զուգորդվել է Արցախ այցով եւ Արցախում նախագահ Բակո Սահակյանին հայտնած անվերապահ աջակցությամբ, ինչի դիմաց էլ Նիկոլ Փաշինյանը ստացել է թերեւս Արցախի իշխանության անվերապահ աջակցությունը Հայաստանում ծավալած գործողություններին, հաշվի առնելով, թե դրանք ինչպիսի շահարկումների կարող էին արժանանալ գեներալամերձ շրջանակներում:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 59126 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են